ԱՇԽԱՏԵԼ ԵՆ 10-11 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի 28 աշխատակիցներ, այդ թվում եւ՝ կենտրոնի փոխտնօրենը, կրճատվել են աշխատանքից: Հանձնված գրությամբ հայտնվել է, որ հիմք ընդունելով Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի 2013թ. մայիսի 14-ի որոշումը՝ նրանց հաստիքը կրճատվել է: Նշենք, որ բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցները կրճատման վերաբերյալ երկու ամիս առաջ գրավոր զգուշացվել են:
Կրճատված մի խումբ աշխատակիցներ՝ հիմնականում բուժքույրեր, «Ժողովուրդ»-ի թղթակցին դժգոհեցին, թե ինչու են կրճատվել բուժկենտրոնի աշխատանքային տարիքի բուժաշխատողները, իսկ թոշակառու աշխատակիցները՝ ոչ, ինչու կրճատման մասին իրենց նախկինում չեն ասել, ընդհակառակը՝ 2 տարի շարունակ հուսադրել են բարձր աշխատավարձի հեռանկարով, եւ իրենք կրճատ աշխատանքային ռեժիմով աշխատել են ամսական 10-11 հազար դրամ աշխատավարձով: Կրճատված աշխատակիցները նաեւ տարակուսում էին. եթե կրճատումներ պիտի արվեին, ինչո՞ւ են իրենց ուղարկել մասնագիտական վերապատրաստման, որի համար յուրաքանչյուրն իր անձնական միջոցներից նվազագույնը 15 հազար դրամ է ծախսել:
Այս հարցերն ուղղեցինք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանին: Նա ասաց, որ ԲԿ-ի հաստիքներն ուռճացված էին, եւ աշխատակազմը պետք է օպտիմալացվեր: Տավուշի մարզպետարանում ստեղծվել է մասնագիտական խումբ, որն էլ որոշել է աշխատանքից կրճատվողների ցուցակը: Նրա վկայությամբ՝ ներկա պահին ԲԿ-ն 20 միլիոն դրամի պարտք ունի, հիմնարկը ստիպված է հոգալ դիալիզի միկրոբաժանմունքի հիվանդների ծախսի մի մասը, այդ բաժանմունքի համար ձեռք բերված ջուր մաքրող սարքավորման գումարը եւ այլն: Գյոզալյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի ԲԿ-ի ձեւավորումից, Ոսկեվանի, Զորականի, Բագրատաշենի բժշկական ամբուլատորիաների առանձնացումից հետո իրենց կողմից սպասարկվող հիվանդների քանակը 16 հազար 500-ից նվազել է 6500-ի, եւ համապատասխանաբար նվազել է նաեւ բուժկենտրոնի ֆինանսավորման չափը: Բացի այդ, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ներդրվել է ընտանեկան բժշկի համակարգը, ինչի պատճառով նեղ մասնագետներին տրվող գումարների մի մասն անցնելու է ընտանեկան բժիշկներին:
Հավելենք, որ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի կրճատված աշխատակիցները մտադիր են պայքարել իրենց իրավունքների համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս