ՀԱՅՐԸ ՓՈԽԵԼ Է ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի մահից հետո, երբ վերջինիս հարազատները որոշել էին տղայի դին տեղափոխել Երեւան, մայիսի 18-ին, մինչ Սեւան-Երեւան մայրուղուն հասնելը, բռնության էին ենթարկվել: Կատարվածի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, ինչպես եւ խոստացել էր, զբաղվում է: Այդ գործով որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ արդեն հարցաքննվել են: Նրանց թվում է եղել «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը, որը տեղում պարզել է, որ սպանված զինվորի հայրը` Աշխարհիկ (Իշխան) Ստեփանյանը, հերքել է մինչ հարցաքննությունն ասած իր խոսքերը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի 545-րդ համարում «Ժողովուրդ»-ը հրապարակել էր «Ծեծել են լկտիաբար» հոդվածը, որտեղ ներկայացված էր, թե ինչպես են Լյուքսի դին Երեւան տեղափոխող հարազատները ծեծի ենթարկվել: Մեջբերված էր զինվորի հոր՝ Աշխարհիկ Ստեփանյանի խոսքը. «Այո՛, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ: Միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի մեքենայի համարները` 90 777, ու մեկ էլ գիտեմ, որ ռազմական ոստիկանությունում է աշխատում, այլ բան չգիտեմ: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սեւան չհասած ճանապարհին: Էլ բան չեմ հիշում: Միայն իմ մեքենան տեսնեք՝ ջարդուփշուր եղած է, նա ո՞վ էր, որ այդպիսի բան արեց մեզ հետ»:
Երեկ ՊՆ քննչականում «Ժողովուրդ»-ի թղթակցից քննիչները փորձում էին պարզե, թե այն, ինչ ներկայացված է նշված հրապարակման մեջ, արդյոք համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Քննիչին աջակցելու, ինչպես նաեւ հրապարակված նյութում սպանված զինվորի հոր խոսքերը բարեխղճորեն վերարտադրված լինելու փաստն ապացուցելու նպատակով լրագրողը սույն գործով քննիչ Գեւորգ Խաչիկյանին հանձնեց ձայնագրությունը (այն առկա է նաեւ խմբագրությունում): Քննիչը տարակուսեց` լսելով Ա. Ստեփանյանի խոսքերը, քանի որ նա ՊՆ-ում հարցաքննության ժամանակ այլ բան է ասել, իսկ մեզ հետ զրույցում՝ միանգամայն այլ: Պարզվում է՝ նա հերքում է, որ իրեն ծեծել են կամ իր կողը ջարդել են, եւ, առհասարակ, որ իր մեքենան էլ ջարդուփշուր են արել:
Ի՞նչն է ստիպել սպանված զինվորի հորը որդուն կորցնելուց եւ դեռ մի բան էլ բռնության ենթարկվելուց հետո նման քայլի գնալ: Արդյո՞ք ահաբեկել են Ա. Ստեփանյանին, որ հետ կանգնի իր խոսքերից:
Պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Ստեփանյանի հետ: «Բայց ո՞վ է ասում, որ մեզ ծեծել են, ես ի՞նչ ասեմ: Կողս ոտքի վրա այդքան կանգնելով սառել էր, ցավում էր, հիմա պահի տակ մի բան է, ասել եմ: Ինչ եղել էր, եղավ պրծավ, ոչ մեկ էլ ինձ չի օգնում, ես էլ օգնության կարիք չունեմ: (Զայրանում է-Ք.Մ.) Ես ձեզ չեմ ճանաչում, ես ոչ մի բանից էլ տեղյակ չեմ, պրծա՞նք: Ամեն մեկը մի բան գրում է, ես ոչ մի բանից տեղյակ չեմ ու ոչ մի բանի համար էլ ինձ չզանգեք: Ֆսյո, ես տեղյակ չեմ ոչ մի բանից»,-ասաց զինվորի հայրը՝ հրաժարվելով շարունակել զրույցը:
Ստեփանյանի ավելի վաղ ասված եւ երեկ արտաբերած խոսքերի համեմատությունից միայն մեկ եզրակացության կարելի է գալ, որ նրան վախեցրել են: Այլապես դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է զինվորի հայրը խոսեր բռնությունից, ծեծից, խայտառակությունից, իսկ օրեր անց հրաժարվեր: Ի վերջո, ոչ ոք նրան չէր ստիպել բարձրաձայնել ծեծի մասին: Նա ինքն է պատմել: Ավելին, այդ օրվա խայտառակ իրադարձությունների մասին պատմող տեսաֆիլմը (սիրողական նկարահանմամբ) հենց ապացույց է, որ իսկապես ուժային կառույցների ներկայացուցիչները ծեծում են զինվորի դին Երեւան բերող քաղաքացիներին, եւ մարդիկ ահաբեկված այս ու այն կողմ են վազում:
«Ժողովուրդ»-ը երեկ եւս փորձեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ Սամվել Ղուկասյանից պարզել, թե ինչու են իր աշխատակիցները ձեռք բարձրացրել որդեկորույս ծնողների ու նրանց հարազատների վրա: Սակայն էլի այդ հույժ զբաղված պարոնին գտնել չհաջողվեց: Նա այս անգամ էլ «ռազմական հարցերով» Շվեյցարիայում էր: Մինչ նա կվերադառնա ու կբարեհաճի պարզաբանում տալ իր պաշտոնական տխրահռչակ գործունեության կամ գուցե անգործության համար, անդրադառնանք այս պատմության ամենակարեւոր դրվագին. ի վերջո, ո՞վ էր այն մտքի հեղինակը, որ տղայի դին տեղափոխեն Երեւան:
Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ այնուամենայնիվ, ծնողներին դա հուշել է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության անդամ ոմն Հասմիկ: Հենց նա է  մայիսի 18-ին հայտնվել Ստեփանյանների տանը եւ համոզել գնալ այդ քայլին: Ավելին, մեզ տեղեկություններ հասան, որ սպանված զինվորի ծնողները Սեւանի ճանապարհին, գիտակցելով, որ հայտնվել են ծուղակում, Հասմիկի նկատմամբ բռնություն են գործադրել՝ վռնդելով նրան իրենց մեքենայի միջից: Պարզաբանում ստանալու նպատակով զրուցեցինք նաեւ «Զինվորի մայր» հ/կ նախագահ Անահիտ Հովնանյանի հետ: «Մենք Հասմիկ անունով մարդ չունենք, եւ իմ ծանոթների մեջ էլ չկան»,-ասաց նա՝ հավելելով, թե այս թեման արդեն վերջացած է:
Միգուցե հ/կ-ների համար այս խնդիրն ավարտված է կամ իրենք են ցանկանում, որ այդպես լինի, բայց այս «խմորը դեռ շատ ջուր կվերցնի», քանի որ շահագրգիռ մարդիկ այս գործով փնտրում են վերը նշված Հասմիկին: Տեսնենք կգտնե՞ն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս