Տրվելով վտանգավոր խաղին` մենք վեր ենք ածվելու երկկողմանի թիրախի ՌԴ և Թուրքիայի համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԴ պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը եւ Սուրմալուի մարզը՝ Արարատ լեռով: «Անկարան պետք է հասկանա, թե ինչ արդյունքներ իր համար կարող է ունենալ կոնֆլիկտի սրումը: Միայն սա կարող է սթափեցնել նրան եւ հետ պահել նոր սադրանքներից»,-հայտարարել է ՌԴ կոմկուսի քարտուղար Ս. Օբուխովը: Նամակի հեղինակները շեշտել են, թե իրենք վստահ են, որ այս հարցում Հայաստանը կհայտնի իր աջակցությունը: Նշենք, որ կոմունիստների այս նախաձեռնությունը սատարում է նաեւ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, որը ռուսական ինքնաթիռի խոցմանը հաջորդող իսկ օրերին հանդես եկավ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենսդրական նախագծով` չթաքցնելով անգամ, որ դա արվում է՝ պատժելու համար Պուտինից այդպես էլ ներողություն չխնդրած Էրդողանի վարչակազմին:

Դեռ այն ժամանակ մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Հայոց հարցի նման անթաքույց շահարկումը ոչ միայն պատվաբեր չէ իրեն դաշնակից համարող պետության համար, այլեւ խիստ վտանգավոր կարող է լինել Հայաստանին սեփական խաղերում ներքաշելու տեսանկյունից:

Սակայն այս վերջին` Կարսի պայմանագրի վերանայման նախաձեռնությունն էլ ավելի վտանգավոր է, քանի որ Ռուսաստանը, ըստ էության, այդպիսով փորձում է շանտաժի ենթարկել Թուրքիային, բայց Հայաստանի հաշվին:

Մինչդեռ ընդամենը հինգ տարի առաջ` 2011թ., Ռուսաստանի նախագահը Կարսի պայմանագրի ստորագրման 90-ամյակի օրը, ընդգծված մեծարանքով Կրեմլում ընդունելով Ռեջեփ Էրդողանին, որպես հատուկ ժեստ նրան նվիրեց Կարսի պայմանագրի բնօրինակը` ընդգծելով, որ հենց այդ պայմանագրով հիմք դրվեց ռուս-թուրքական ամուր բարեկամությանը: Եվ այն ժամանակ, բնականաբար, որեւէ մեկը Կրեմլում չէր մտածում, որ այդ նույն Էրդողանը, խախտելով տված համաձանությունը, ձախողում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, եւ այդ փուլում նման ժեստը կարող էր վիրավորական լինել իրենց «հայ եղբայրների» համար:

Իսկ, ահա, անցած նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքերը լկտիաբար ձեռնոց նետեցին Պուտինի վարչակազմին եւ խոցեցին ռուսական ինքնաթիռը, Մոսկվայում մեկեն հիշեցին «հայ եղբայրների» դարավոր ցավերի մասին:

Իհարկե, ռուսները լավ են անում` օգտագործելով ցանկացած հնարավորություն` ազդելու Թուրքիայի վրա: Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի ներսում շատերը չեն հասկանում, որ տրվելով այս վտանգավոր խաղին` մենք վեր ենք ածվելու երկկողմանի թիրախի: Հուսանք` երկրի բարձրաստիճան ղեկավարությունն այդ շարքում չէ:




Լրահոս