Վարդգես Գասպարիի կինը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կինը` Անահիտ Այվազին, երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցառումներ կիրառելու, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել այս մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Վ. Գասպարին կալանավորվել է 2016թ. փետրվարի 19-ին, փետրվարի 22-ին տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 20, ավելի ուշ՝ թիվ 7 խուց, որտեղ վերջինս փետրվարի 22-23-ը ենթարկվել է շարունակական ահաբեկման, նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի: Նրան խցակիցները ծեծել են, հայհոյել պարբերաբար, սպառնացել կյանքին և առողջությանը, վրան սառը ջուր լցրել, ապա նորից ծեծել, և այլն: Նրան չեն թույլ տվել օգտվել սենյակի կոմունալ որևէ հարմարությունից, և նա անց է կացրել գիշերը նախ գետնի, այնուհետ՝  խցի սեղանի կողքին դրված փայտե նստարանի վրա:

Չնայած նրան, որ Գասպարին, լինելով հացադուլի և ջրադուլի մեջ, պահանջել է ՔԿՀ-ի անձնակազմից փոխել իր խուցը, ինչն օրենքի պահանջ է, և պաշտպանել իրեն նման վերաբերմունքից, բանտի անձնակազմն, իրականում, ոչ միայն հրաժարվել է Գասպարիի համար անվտանգ և ապահով պայմաններ ապահովելուց,այլ նաև՝ բողոքաբերի համոզմամբ՝ կանգնած են եղել իր ամուսնուն ծեծողների և ահաբեկողների հետևում՝ նպատակ ունենալով նրան լռեցնել: Գասպարիի հայտարարությունները և իշխանությունների՝ անհապաղ և արդյունավետ քննություն իրականացնելու դժկամությունը, միևնույն ժամանակ կալանավայրում Գասպարիի անվտանգության և ապահովության նվազագույն իսկ պայմաններ չապահովելը,  ցույց են տալիս, որ վերջինիս նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու ցուցաբերած անմարդկային, նվաստացնող վերաբերմունքն ուղղորդվել են իշխանությունների կողմից՝ հետապնդելով Գասպարիին «պատժելու» և մարդու իրավունքների խախտումների, համատարած կոռուպցիայի, ժողովրդավարական ազատությունների բացակայության դեմ մյուս պայքարողներին զսպելու նպատակ:

Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի շրջանակներում կիրառված միջանկյալ միջոցառումն, անհապաղ միջոցառում է, որը Եվրոպական դատարանի պրակտիկայում կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է անդառնալի վնասի անխուսափելի վտանգ: Դատարանի կողմից տիկին Այվազիի դիմումի բավարարումը կպարտավորեցնի ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ կիրառել կալանավայրում գտնվելու ընթացքում Վ. Գասպարիի անվտանգությունը, ապահովությունը և բարօրությունն ապահովելու համար, ինչպես նաև պարբերաբար զեկուցել Դատարանին Գասպարիի կալանավորման պայմանների և առողջական վիճակի մասին մինչև խափանման միջոցի վերացումը:

Սույն դիմումով Անահիտ Այվազիի ներկայացուցիչներն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գուրջյանը»:




Լրահոս