Ինչ ունեցվածքի տեր է Սերժ Սարգսյանի նորանշանակ մեծահարուստ օգնականը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտը՝ Հրայր Ղուկասյանը, որը փետրվարի 10-ին նշանակվեց Սերժ Սարգսյանի օգնական, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի երկու բնակարան, երկու ավտոմեքենա՝ «Lexus» եւ «Nissan Tida» մակնիշի: Բացի այդ՝ նա ունի 250 դոլար բաժնեմաս ինչ-որ ընկերությունում: Բաժնեմասի չափը տվյալ դեպքում սիմվոլիկ բնույթ ունի: Այն փաստը, որ բաժնեմասը դոլարով է, ենթադրում է, որ ընկերությունը արտասահմանում է գրանցված: Ղուկասյանն ունի մոտ 12 մլն դրամի փոխառություն, նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 10 հազար եվրո:

Այն, որ պետական պաշտոնյան մոտ 300 հազար դրամ աշխատավարձով նման կարողություն չի կարող կուտակել, կարծում ենք՝ ակնհայտ է: Թերեւս Հրայր Ղուկասյանի կարողության ակունքները թաքնված են նրա հոր գործունեության տակ: Ղուկասյանի հայրը՝ Հովհաննես Ղուկասյանը, մինչեւ Հայաստանի անկախացումը դատավոր է եղել, իսկ 90-ականներին եղել է Հայաստանի գերագույն դատարանի դատավոր, 1999-ից էլ մինչեւ 2012 թվականը, այսինքն` թոշակի գնալը, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր: Հիշեցնենք, որ Հրայր Ղուկասյանը Սերժ Սարգսյանի օգնական նշանակվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակված Գեորգի Կուտոյանի փոխարեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս