Արամ Շահբազյանը ավելի քան տասը տարի առաջ սկսեց աշխատել իր «Չնչիկ» ֆիլմի վրա: 2004-ին սցենարն արդեն պատրաստ էր, 2007-ին այն տրվեց արտադրության, նկարահանումներն ավարտվեցին 2009-ի դեկտեմբերին, 2010-ին էլ կինոժապավենը հանձնվեց Մոսկվայի «Саламандра» լաբորատորիա:
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը, քանի որ գումար չկար, որպեզի ֆիլմը սքան արվեր, այն մնաց լաբորատորիայում: «Մոտ երկու տարի առաջ կոլեգաներիցս տեղեկացա, որ լաբորատորիան փակվել է. թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մի շարք նման լաբորատորիաներ փակվեցին աշխարհում: Ֆիլմի պրոդյուսերներից մեկը` Արայիկ Մնացականյանը, երկար փնտրտուքներից հետո գտավ լաբորատորիայի տնօրինությանը: Այնտեղից հավաստիացնում էին, թե իրենք լաբորատորիան փակելուց առաջ նամակ են ուղարկել Արայիկին` խնդրելով ներկայանալ ու տանել նեգատիվները, սակայն Արայիկը պնդում էր, որ ինքը ոչ մի նամակ էլ չի ստացել: «Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ժապավենը տեղափոխել են այլ արխիվ (Госфильмофонд РД): Ի դեպ, այս ամբողջ ընթացքում ֆիլմի եվրոպացի պրոդյուսերները չեզոք վիճակում էին, այն գումարները, որ նախատեսել էին ֆոնդերը (AVANTI ծրագիր (Շվեյցարիա), «Hubert Bals Fund» (Նիդերլանդների Թագավորություն), «WFC» (Գերմանիա), ծախսվեցին, դրանից հետո իրենք քաշվեցին մի կողմ, այլեւս մատները մատներին չխփեցին»,-պատմեց նա:
Ա. Շահբազյանի խոսքով` 2014-ի աշնանից մինչեւ այսօր ինքն «ապրում է» Հայաստանի ազգային կինոկենտրոնում: «Ես աղաչում եմ, որ ժապավենը սքան արվի ու բերվի Հայաստան, որ այս հարցին լուծում տրվի… Ասում են` էսօր, վաղը, մյուս օրը… Ես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին նկարահանման խմբի հետ նախորդ տարի դիմեցի այդ խնդրանքով, ինքն ասաց` եթե հարցը դա է, ես խոստանում եմ, որ 10 օրից այն կլուծվի. մինչեւ այսօր լուծում են… Դրանից հետո ես կինոկենտրոնում ասում եմ` նախարարը խոստացել է հարցը լուծել, այնինչ՝ վերջինս նշել է, թե ինքը ոչ ոքի ոչինչ չի խոստացել… Կինոկենտրոնից ինձ ասում են` բա մենք փողը տվել ենք, որ պրծնեք (Կինոկենտրոնի` տարբեր տարիներին հատկացված ընդհանուր գումարը կազմում է 53 միլիոն 200 հազար դրամ-հեղ.), ինչո՞ւ չեք ավարտել ֆիլմը, բա ձեր պրոդյուսերներն ի՞նչ են մտածում: Ես` ռեժիսորս, դրան ի՞նչ պատասխանեմ»:
Որպեսզի ֆիլմը սքան արվի ու բերվի Հայաստան, ռեժիսորի խոսքով, անհրաժեշտ կլինի շուրջ 2.5 միլիոն դրամ: Իսկ սքանի գործընթացը կարող է իրականացվել ընդամենը մեկ շաբաթում: «Կինոկենտրոնի միջանցքներով գնալ-գալով ես դարձել եմ ներվային… Ինձ ասում են` ասենք թե ժապավենի սքանը բերեցին, չէ՞ որ հետագա աշխատանքների համար էլ գումար է անհրաժեշտ (ըստ նախնական հաշվարկների` նկարահանումները ավարտին հասցնելու, հետարտադրական աշխատանքների, գործուղումների եւ այլ ծախսերի համար անհրաժեշտ կլինի 17-18 միլիոն դրամ): Իսկ ես կինոկենտրոնում ասացի` ինձ հստակ պատասխան տվեք. կա՛մ ասեք՝ բերում ենք, վերջացնում էս կինոն, կա՛մ մենք գումարով օգնում ենք` ընդամենը սքանը բերելու համար, կա՛մ ո՛չ բերում ենք, ո՛չ էլ օգնում ենք, որ ավարտես: Մի բան ասեք…»
Ա. Շահբազյանի խոսքով` կինոկենտրոնը նախնական պայմանավորվածություններ ունի «Մոսֆիլմ»-ի հետ. «Պայմանավորվել են ժապավենները տանել այնտեղ, ստանալ ֆիլմի թվայնացված տարբերակը, իսկ նեգատիվները թողնել արխիվում. այնտեղ, որտեղ ժապավենն է, ստեղծված են բարենպաստ պայմաններ»,- նշեց ռեժիսորը:
Մենք զրուցեցինք նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Վարդան Աբովյանի հետ. «Կինոկենտրոնը բոլոր համաձայնությունները ձեռք է բերել, սպասում ենք, որ գումարային հարցերը լուծվեն»,- տեղեկացրեց նա: Մենք հարցրինք` ո՞վ պետք է լուծի այդ հարցերը. «Փորձում ենք դա անել մշակույթի նախարարության միջոցով»,-պատասխանեց նա:
Մենք Ա. Շահբազյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք մտածել են եվրոպացի պրոդյուսերներին դատի տալու մասին. «Դատի պետք է տան ֆոնդերը. ես ո՞վ եմ, ես կինո նկարողն եմ, փողային հարցերի հետ կապ չունեմ, ով տվել է փողը, թող նա էլ դատի տա, ում տվել է… Կամ էլ թող լրացուցիչ գումար տան, ֆիլմն ավարտեն, մի բան անեն…»,-մեկնաբանեց նա:
Ռեժիսորի խոսքով` ինքը նախորդ տասը տարիների ընթացքում ֆիլմը ստեղծելիս շատ բարդ ճանապարհ է անցել. «Դա սարսափելի բարդ եւ թանկ կինո է: Օրը 20 ժամ նկարահանում ենք ունեցել: Այդ ֆիլմում կան գիշերվա, անձրեւի տեսարաններ, մասսայական տեսարաններ, գնացք, ուղղաթիռ, տարվա 4 եղանակ… Տարիներ առաջ Հայաստանում չկար համապատասխան լուսային տեխնիկա, Վրաստանից ֆուրերով բերում էինք…»,- ասաց նա` հավելելով, որ շատ են աշխատել, որպեսզի ֆիլմը հարուստ լինի թե՛ դրամատուրգիայի, թե՛ տեխնիկական տեսանկյունից:
Նշենք, որ ֆիլմի հետարտադրական գործընթացները կարող են ավարտին հասցվել ընդամենը 4-6 ամսվա ընթացքում:
Մենք կփորձենք մեկնաբանություն ստանալ նաեւ մշակույթի նախարարությունից, իսկ կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը խոստացավ մեկնաբանություն տալ ավելի ուշ:
Հ.Գ. «Չնչիկ»-ի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր դստերը, որը համարձակվել էր առանց ամուսնանալու` հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Իսկ «չնչիկ» բառը բարբառով նշանակում է՝ «չնչին». այդպես են կոչել գյուղացի աղջկան եւ նույնիսկ մոռացել նրա իսկական` անձնագրային անունը:
«ԻՄ ՍԻՐԵԼԻՆ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՌՈՄԱՆՏԻԿ Է»
Երգչուհի Անահիտ Շահբազյանը գարնանը իր լսարանին կմատուցի եղանակի թելադրած տրամադրությանը համահունչ նոր տեսահոլովակ. երգը կկոչվի «Արեւ» (հեղ.` Արսեն Գրիգորյան): Անահիտի խոսքով` գարունն իր մեջ արթնացնում է թարմության զգացողություն ու դարձնում առավել աշխատունակ: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է վերամիավորել իր ջազային բենդը եւ արտերկիր մեկնած երաժիշտներին փոխարինողներ գտնել:
Վերջերս նշանադրված երգչուհու հետ մենք կանանց միամսյակին ընդառաջ զրուցեցինք նաեւ կանացի թեմաներից: Նա նշեց, որ իրեն շատ երջանիկ է զգում սիրելիի կողքին. «Իմ սիրելին սպասվածից ավելի ռոմանտիկ է եւ միշտ շատ գեղեցիկ նվերներ է մատուցում ինձ»,-ասաց Անահիտը:
Նրա խոսքով` եթե նախկինում իր համար կարեւոր էր շոշափելի նվեր ստանալը, ապա այսօր արդեն էականը սիրով ընտրված եւ մատուցված նվերն է: Երգչուհին խոստովանեց, որ շատ է սիրում նաեւ ծաղիկներ նվեր ստանալ, հատկապես վարդեր:
Մենք հարցրինք` արդյոք Անահիտը հասցրել է սիրելիին երգ նվիրել. «Դեռ ոչ, բայց հուսով եմ, որ կգա նաեւ դրա ժամանակը. այդ երգը մեծ նվեր կլինի նաեւ հենց ինձ համար»,- նշեց ան:
Շարունակելով կանացի թեմաները` մենք հետաքրքրվեցինք` կնոջ որ հատկությունն է ամենաշատը կարեւորում Անահիտը. «Նա պետք է լինի ներողամիտ. սիրելու ունակությունից հետո սա գլխավոր որակներից մեկն է: Կարծում եմ` ընտանիքի գաղափարը հենց կնոջ ներողամտության եւ խոհեմության վրա է կառուցվում»:
Մենք հարցրինք` ի՞նքն է ավելի զիջող, թե՞ նշանածը. «Կարծում եմ` երկուսս էլ: Մեր վեճերը երկար չեն տեւում, րոպեների ընթացքում փոխզիջման ենք գնում»,-ասաց նա:
Խոսելով կարգավիճակի փոփոխությունից` երգչուհին տեղեկացրեց, որ ամուսնությունը չի ուշանա. «Աստծո հաջողությամբ այս ամռանը կամուսնանանք, թեեւ ես կցանկանայի, որ մինչամուսնական ընկերության այս պրոցեսը ձգձգվեր, մի քիչ էլ վայելեինք այդ ժամանակը: Այնուամենայնիվ, ես հասկացել եմ, որ ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին, կլինի այն, ինչ կանխորոշված է ի վերուստ»:
Վերջում Անահիտը բոլոր կանանց եւ աղջիկներին հղեց իր մաղթանքը. «Ես կուզենամ, որ նրանք միշտ արթուն եւ աղոթող, ինչպես նաեւ կողակցին հասկացող լինեն…»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՍԱՐՈՅԱՆԻ ՏՈՒՆԸ ԳՆԵԼ Է
20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանն ապրել եւ ստեղծագործել է Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արեւմուտք ընկած 2729 Գրիֆիթ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը: Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով եւ այլն:
«Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարեւորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը եւ նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում զարկ է տվել հայերեն Wikipedia-ի զարգացմանը եւ նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն: Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլեւ ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ եւ այլ մշակութային միջոցառումներ: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը մշակում է եւ շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը»,-նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
ԴԻ ԿԱՊՐԻՈՆ` ՕՍԿԱՐԱԿԻՐ
Ամերիկյան կինոակադեմիան լավագույն դերասան է ճանաչել Լեոնարդո դի Կապրիոյին՝ «Վերապրածը» ֆիլմի համար: Դի Կապրիոն արդեն հինգ անգամ ներկայացվել էր «Օսկարի», սակայն մինչեւ վերջերս ոչ մի մրցանակ չէր ստացել:
Նշենք, որ տարվա ֆիլմ է ճանաչվել Թոմաս ՄակՔարթիի «Ուշադրության կենտրոնում» ժապավենը: Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի է արժանացել Բրի Լարսոնը` «Սենյակ» ֆիլմի համար, լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն՝ «Վերապրածը» ֆիլմի համար:
«Օսկար» մրցանակը շնորհվում է 1929թ.-ից: Հաղթողներին ընտրում են ամերիկյան կինոակադեմիայի անդամները, որոնց թիվը ավելի քան 5 հազար է: Մրցանակը շնորհվում է 24 անվանակարգում:
ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Ջոն Լենոնի այրին` նկարչուհի, հասարակական ակտիվիստ Յոկո Օնոն, դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա հայտնվել էր գրիպի պատճառով։ Այդ մասին Twitter-ում գրել է նրանց որդին` Շոն Լենոնը։
«Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր անհանգստության համար։ Նա տանն է եւ իրեն զգում է սովորականի պես»,- գրել է Շոնը` հավելելով, որ այժմ Յոկոն պետք է պատվաստումներ ընդունի։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին պտտվում, որ նկարչուհին հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի կամ սրտի նոպայի պատճառով: