«ՉՀԱՎԱՏԱՔ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ԿԲՌՈՒՆՑՔՎԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրը ոչ բոլորին է հուզում: Ավելին, կան այնպիսի մարդիկ, ընդ որում` հայտնի, որոնք անգամ տեղյակ չեն  ուղեվարձի թանկացումից կամ դրա դեմ ծավալվող պայքարից: Դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, օրինակ, «Ժողովուրդ»-ի զանգից իմացավ, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացել է: Դերասանը պատճառաբանեց, թե ինքը նույնիսկ հեռուստացույց չի նայում, դրա համար էլ ոչինչ չգիտի:
-Պարո՛ն Ալեքսանյան, Դուք ինձ զարմացրիք: Ամբողջ քաղաքը լի է ակտիվիստներով, էլ չեմ ասում, որ Ձեր կոլեգաները բոլորովին անվճար իրենց մեքենաներով ուղեւորներ են տեղափոխում, ու Դուք ասում եք, որ տեղյա՞կ չեք:
-Չգիտեի, իսկ ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունե՞ն, պարա՞պ են մնացել, թե՞ ոնց:
-Պարապ չեն, ուզում են քաղաքացիներին որեւէ կերպ օգնած լինել:
-Հասկացա, բա մենք ինչի՞ տեղյակ չենք նման բաներից:
-Դա արդեն Ձեր անտարբերության հետեւանքն է:
-Դա իմ զբաղվածության հետեւանքն է, որովհետեւ ես չեմ հասցնում ո՛չ հեռուստացույց նայել, ո՛չ համակարգչով շփվել:
-Իսկ Ձեր շրջապատում չկա՞ն մարդիկ, որոնք երթուղայիններից են օգտվում:
-Բայց ես ո՞ւմ երեսն եմ տեսնում: Գնում եմ նկարահանումների, դասի, իմ գործերով… Լավ, իսկ ինչի՞ է թանկացել: Դա որ թանկացավ, հացն էլ կթանկանա:
-Հացն արդեն թանկացել է, դրանի՞ց էլ տեղյակ չէիք:
-Ամիսուկես է` շատ խիստ զբաղված եմ, ինձ ոչինչ չի հետաքրքրել, գնացել եմ նկարահանումների, դասի, նոր բան եմ գրում:
-Բայց Դուք այս քաղաքում եք ապրում…
-Գազի ու լույսի մասին գիտեի:
-Լավ, իսկ որ կենտրոն եք իջնում, չե՞ք տեսնոմ ակտիվիստներին, մարդկանց, որոնք  բողոքում են:
-Ես քաղաքի հետ ե՞րբ եմ շփվում որ, ես քաղաքից դուրս եմ:
-Որտե՞ղ եք ապրում:
-Աշխարհի ծայրը:
-Եթե չեմ սխալվում, Ձեր դերասանական ստուդիան գտնվում է հենց Հանրապետության հրապարակում` «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
-Այո՛, բայց ես նոր ճանապարհով եմ գալիս ու նման երեւույթներ չեմ տեսել: Բացի այդ, երթուղայինի վարորդը, որ բողոքեց, ու իրեն աշխատանքից հանեցին, ո՞վ է նրա ընտանիքը պահելու:
-Այսպես թե այնպես, ավելացված  գումարից վարորդի գրպանը ոչինչ չի գնում:
-Ուրեմն պետք է մշակել այնպիսի կանոնակարգ, որ եկամուտները գնան պետական բյուջե, ոչ թե որեւէ մեկի գրպանը, կամ լինի այնպես, որ Պողոսի գիծն է` նա կարող է այն դարձնել 200 դրամ:
-Դե հիմա մեր միջոցով տեղեկացաք, որ քաղաքային տրանսպորտը թանկացել է, ու Ձեր կոլեգաներն էլ պայքարում են դրա դեմ: Դուք էլ ունեք սեփական մեքենա, Ձեր մտքով չի՞ անցնում միանալ ակցիային եւ օգնել քաղաքացիներին:
-Ես չեմ սպասում, որ ակցիա լինի, նոր օգնեմ քաղաքացիներին, ինձ ցույց տամ, ասեմ` տեսե՛ք, ես ակցիային մասնակցում եմ: Ես իմ ամբողջ կյանքում` մինչ այսօր, երբ տեսնում եմ ճանապարհին կանգնած մարդ, լրիվ ձրի տեղափոխում եմ: Այս պահին որտեղ որ ես գտնվում եմ, թույլատրելիից ավելի մարդ եմ նստեցնում իմ մեքենան, որ բերեմ քաղաք: Միշտ օգնել եմ, օգնում եմ ու կօգնեմ: Ես չեմ սպասում, որ պատերազմ լինի, ասեմ` ես գնում եմ պատերազմ, ես իմ պատերազմն անում եմ: Ես ամեն վայրկյան պատերազմի մեջ եմ, բարեգործության մեջ եմ, ուղեւոր եմ տեղափոխում, սերունդ եմ կրթում, դաստիարակում, գործ եմ անում, որ այս ազգին պետք է…
-Ձեր բարի կամքը գնահատելի է, բայց խոսքս այս պահի մասին է, երբ բոլորը ոտքի են կանգնել, չե՞ք մտածում  միանալ…
-Հազար ներողություն, բայց բոլորը ոտքի չեն կանգնել, «բոլոր» բառն ընդունել չեմ կարող: Երբեք չհավատաք, որ հայերը կբռունցքվեն:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ այդպես եկել ու այդպես գնում է: Հազար անգամ մեր գրողների ու շատ այլ մարդկանց կողմից ասվեց. «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց, ավա~ղ, արի ու տե՛ս…

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս