ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ. ՀՐԱԴԱԴԱՐ՝ ԵՐԵՔ ԶՈՀՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարը, ընդհանուր առմամբ, պահպանվել է: Սակայն օրը եւս սկսվեց գույժով. նախորդ գիշեր հայ-ադրբեջանական սահմանին՝ Քարվաճառի դիրքերում, Հայաստանի զինուժը երկու զոհ եւ երկու վիրավոր է ունեցել: Թշնամու գնդակից զոհվել էին 1997-ին ծնված Սուրեն Արթուրի Արամյանը եւ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը, երկուսն էլ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից: Ժամը 18:30-ին Թալիշի մերձակա մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
ԼՂՀ պաշտպանական բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը երեկ երեկոյան հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ օրվա ողջ ընթացքում թշնամին շարունակել է հրաձգային զենքից կրակել Արցախի սահմանի ողջ երկայնքով: «Հյուսիսային կողմում տանկից ոչնչացվել է սանիտարական մեքենան, որը շարժվում էր՝ սպանվածներին դուրս բերելու համար: Ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային կողմում առանձին խմբեր՝ շուրջ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը եւ գրավել դիրքը: Հակառակորդի փորձերը անհաջողության են մատնվել»,- տեղեկացրել է Առուստամյանը՝ հավելելով, որ ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմից զոհվել է 32 հոգի, որոնցից 8-ը սպաներ, 24՝ շարքայիններ, ժամկետային զինծառայողներ: Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը՝ սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ: Անհետ կորած են 25 զինծառայողներ:
Երեկ հայտնի դարձավ, որ հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի կողմից կուսակցության հիմնադրման մասին պաշտոնական հայտարարությունը կրկին անգամ հետաձգվում է: Հիշեցնենք, որ մամուլը մոտ երկու շաբաթ առաջ գրել էր, որ ապրիլի 7-ին նախկին արտգործնախարարը կհրապարակի նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարի օրվա մասին: Նշենք, որ մինչ օրս նոր ստեղծվելիք կուսակցության անունը եւս չի հրապարակվում: Ուստի դեռեւս պարզ չէ՝ նորաստեղծ կուսակցության անունը գործող կուսակցություններից որեւէ մեկի նմանությա՞մբ է լինելու, թե Վարդան Օսկանյանն ու նրա թիմակիցներն ինչ-որ նոր անուն են մտածել: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, որը, ամենայն հավանականությամբ, Օսկանյանի նորաստեղծ կուսակցության դերակատարներից մեկն է լինելու, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հիմնադիր համագումարի օրը հայտարարելու խնդրին, ասաց. «Ես կարծում եմ, որ այս օրերին կուսակցության մասին խոսել ճիշտ չի լինի: Կանցնի մի քանի օր, կխոսենք»:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստան ժամանող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին ուղեկցող պատվիրակությունը առավել քան ներկայացուցչական է լինելու: Նրա հետ Երեւան կժամանեն տնտեսական բլոկի` բնական պաշարների եւ էկոլոգիայի, շինարարության, տրանսպորտի նախարարները, մի շարք փոխնախարարներ, ինչպես նաեւ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոսկոսմոս» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կոմարով եւ այլ պաշտոնատար անձինք: Ենթադրվում է, որ այս այցելության ընթացքում ռուսական կողմը կհայտարարի Հայաստանին մատակարարվող գազը էժանացնելու մասին: Իսկ թե այլ ինչ խոստումներ կհնչեցնի ռուսական կողմը, հայտնի կդառնա այսօր: Ամեն դեպքում, փաստ է, որ Հայաստանի հասարակությունն այսօր ինտենսիվ քննարկում է այն փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական ճակատում ապրիլի 2-ից սկսված պատերազմի ժամանակ թշնամին հայ զինվորների վրա կրակում էր Ռուսաստանից վերջին տարիներին գնված զենքերով:

 

 

 
Հայաստանի հանրությանն այս օրերին հուզող հիմնական հարցն այն է, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արդեն երկրորդ օրը շարունակվող հրադադարը որքա՞ն կշարունակվի: «Ժողովուրդ»-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների շուրջ զրուցեց ազգությամբ չեխ ռազմական լրագրող, Եվրոխորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության, ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի հանձնաժողովների պատվիրակության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինայի հետ: Մեր այն հարցին, թե ինչ եք կարծում՝ հրադադարի մասին նախօրեին ձեռք բերված համաձայնությունը որքանո՞վ հաստատուն կլինի, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հրադադարի առաջարկը Ադրբեջանի կամքով չի եղել: Նրանց, պարզապես, պետք է մի քանի ժամ կամ մի քանի օր հանգստանալ: Դա դեռ չի նշանակում, որ հրադադարը վերջնական կգործի: Կարծում եմ՝ գործողությունները դեռ կշարունակվեն»:

 

 

 
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ
Ապրիլի 5-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո երեկ ղարաբաղյան ճակատում հարաբերական անդորր էր, եւ հակամարտությունը կարծես թե մարտի դաշտից վերստին տեղափոխվել էր դիվանագիտական դաշտ: Ընդ որում, ուշագրավ էր, որ ՀՀ-ը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, դիվանագիտական մակարդակում պայքարը տանում էր Արեւմտյան ճակատում` Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների միջոցով, իսկ, ահա, Ադրբեջանը փորձում էր «լեզու գտնել» Ռուսաստանի հետ` Բաքվում Իլհամ Ալիեւ-Սերգեյ Լավրով քննարկումների ընթացքում:
Թե ինչ արդյունք կունենան այս հանդիպումները, դեռ վաղ է ասել, համենայնդեպս, երեկվա դրությամբ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարը` ոչ միայն տեղ-տեղ կրակելով, այլեւ ներթափանցման նոր փորձեր անելով: Ասել է, թե հրադադարի մասին այս համաձայնությունը հեղհեղուկ է եւ կարիք ունի քաղաքական կենտրոնների կողմից հզոր աջակցության: Ալիեւը երեկ՝ Լավրովի հետ կայացած հանդիպման ընթացքում, ի դեպ, ցուցադրաբար շնորհակալություն հատնեց ՌԴ-ին` նշելով, որ հենց ռուսական կողմի գործադրած ջանքերի արդյունքում է հնարավոր եղել հասնել հրադադարի համաձայնության: Թե ինչ նպատակ ուներ Իլհամի կողմից ռուսական դերակատարության նման ընդգծումը, դժվար է ասել, մանավանդ որ հենց երեկ նման նախաձեռնությամբ Բաքվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները: Ըստ ամենայնի, Բաքուն մի կողմից փորձում է հաճոյանալ ՌԴ-ին` ընդգծելով նրա առանձնահատուկ նշանակությունը հակամարտության կարգավորման հարցում, մյուս կողմից էլ, որպես հրադադարի հաստատման հիմնական դերակատարի՝ ընդգծում Ռուսաստանի պարտավորությունը` դրա հետագա պահպանման գործում:
Իսկ հրադադարի հետագա պահպանումը Բաքուն պատկերացնում է նոր համաձայնագրի կնքման տեսքով, որից կբացակայի ղարաբաղյան կողմի ստորագրությունը: Մի բան, որին Հայաստանը, անշուշտ, որեւէ դեպքում չպետք է համաձայնի: Եվ, ահա, ընդգծելով ՌԴ-ի դերակատարությունը` Ադրբեջանը նաեւ ռուսական կողմին պարտավորեցնում է իր իսկ նախաձեռնած հրադադարի գործընթացին «տեր կանգնել» եւ համոզել հայկական կողմին նոր համաձայնագիր կնքել: Իր հերթին Բեռլինում Ս. Սարգսյանը փորձում էր շեշտադրումը կատարել Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունների տարբերությունների վրա` ընդգծելով, որ կարեւորը ոչ միայն եւ ոչ այդքան զինատեսակներն են, որքան դրանք կիրառող երկրների ժողովրդավարության վիճակը: Ընդ որում, այս հարցում Սարգսյանը, թերեւս, հարկ եղածից ավելին ասաց` նշելով, թե Ադրբեջանն ունի առավել հզոր զինատեսակներ, ի տարբերություն որի` հայկական կողմում կռվում են հիմնականում 80-ական թթ. արտադրության զենքերով:
Ինչեւէ. հաշվի առնելով մարտական թեժ գործողությունների առաջին իսկ դադարից հետո ՀՀ եւ Ադրբեջանի բանակցությունների ուղղությունները` կարելի է եզրակացնել, թե կողմերից յուրաքանչյուրը որ ուղղությունից է առաջնային վտանգ զգում:




Լրահոս