Մենք պետք է կանխենք նորանոր փախստականներ ունենալու հնարավորությունը. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-­ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսլամական պետությանը հատուկ ոճի գործողությունները հասել են մեր տարածաշրջան: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` այս մասին ԵԽԽՎ­ում իր ելույթում նշել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: «Սիրիայի փախստականների խնդիրը անմասն չի թողել նաև մեր երկիրը: Փախստականներ ընդունած երկրների թվում Հայաստանը Եվրոպայում երրորդն է՝ Գերմանիայից և Շվեդիայից հետո: Այսօր մենք բախվում ենք շատ խնդիրների, սակայն մեր կառավարությանը կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանում ապաստան գտած Սիրիայի փախստականներին նորմալ կենսական պայմաններով ապահովենք: Նախ արվել են մի շարք օրենսդրական կարգավորումներ, որոնք այս մարդկանց տալիս են որոշակի բիզնես արտոնություններ՝ լիարժեք ինտեգրման համար:

Այնուամենայնիվ՝ ԵՄ-­ի կողմից մեր կառավարությանը ցուցաբերված ցանկացած աջակցություն շատ անհրաժեշտ է և ողջունելի»,­իր ելույթում նշել է Նաիրա Կարապետյանը: Նա շեշտել է, որ փախստականներից շատերը էթնիկ հայեր են, այն ընտանիքների սերունդները, ովքեր Թուրքիայից տեղահանվել են ավելի քան հարյուր տարի առաջ և ապաստան գտել հարևան Սիրիայում: «Նրանց մեծ մասը դեռ հիշում է, իսկ մյուսները շարունակաբար լսել են իրենց ընտանիքների պատմությունները՝ Թուրքիայում 1915 թվականին Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված կոտորածների մասին: Մենք շնորհակալ ենք այն բոլոր երկրներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մարդկանց:

Այնուամենայնիվ, 2011 թվականի պատերազմի բռնկումից և Իսլամական պետության ստեղծումից ի վեր, նրանցից շատերը զոհ գնացին ահաբեկչական հարձակումներին, իսկ հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային կազմակերպությունները ավերվեցին: Տասնյակ հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի ժողովուրդների հետ միասին ստիպված եղան ևս մեկ անգամ լքել իրենց տները: Չնայած, մեծ աշխատանք է տարվում փախստականներին՝ իրենց նոր բնակավայրերում նորմալ կենսապայմաններ ապահովելու հարցում, մեր բոլորի հիմնական խնդիրը պետք է լինի Իսլամական պետություն կոչված ահաբեկչական խմբավորման իսպառ վերացումը»,­շեշտել է նա: Նաիրա Կարապետյանը հավելել է, որ այս դաժան պատերազմը վտանգում է ամբողջ աշխարհը: «Դրա վառ ապացույցներից են Փարիզում և Բրյուսելում կատարված վերջին ահբեկչական գործողությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կատարված սարսափելի բռնությունները. ես ի նկատի ունեմ գլխատված և ականջները կտրած, խոշտանգված հայ զինվորներին, խաղաղ բնակիչներին, սպանված երեխաներին, կանանց և ծերերին: Ինչպես տեսնում ենք՝ Իսլամական պետությանը հատուկ ոճի գործողությունները հասել են մեր տարածաշրջան: Եվ ամենակարևոր մեր խնդիրը այս վայրենիների դեմ համատեղ պայքարն է՝ նրանց հետագա տարածումը կանխելու նպատակով: Փախստականների մասին հոգ տանելուն զուգահեռ՝ մենք պետք է կանխենք նորանոր փախստականներ ունենալու հնարավորությունը»,-­եզրափակել է նա:




Լրահոս