Հակառուսական տրամադրությունների սրացումների հետևանքները ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների համար. նրանք միշտ կարող են վերադառնալ հայրենիք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի այցին ընդառաջ երեկ տեղի ունեցավ բողոքի երթ, որի մասնակիցները կոչ արեցին Ռուսաստանի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ հողերը զիջելու համաձայնագրի տակ ստորագրողներին էլ` հանձնել հողին:

Երեկվա երթի ընթացքում, սակայն, տեղի ունեցավ մի ուշագրավ միջադեպ: ՀՀ ԱԳՆ շենքի մոտ մի ռուսախոս երիտասարդ սկսեց բղավել, թե Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում, եւ պետք չէ թշնամություն առաջացնել ռուսների եւ հայերի միջեւ: Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով էր այդ երիտասարդի կոչն ինքնաբուխ եւ արդյոք նա երեկվա երթին հատուկ ուղարկված սադրիչ չէր, անդրադառնանք նրա հնչեցրած մտահոգությանը: Իրոք որ, ՀՀ-ում վերջին օրերի հակառուսական տրամադրությունների սրացումները կարող են որոշակի բացասական ազդեցություն ունենալ ՌԴ-ում բնակվող եւ ժամանակավորապես արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների համար: ՌԴ իշխանությունները կարող են նոր, լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել առանց այն էլ վերջին տարիներին բավականին բարդ միգրացիոն ռեժիմով ՌԴ-ում աշխատող հայաստանցիների համար, իսկ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներն էլ կարող են հանդիպել տարաբնույթ ճնշումների` սկսած հարկային խոչընդոտներից, ավարտած ռուս ազգայնականների թիրախում առավել հաճախ հայտնվելու վտագով:

Ընդ որում, նկատենք, որ Ռուսաստանում բնակվող հայկական համայնքը Հայաստանի նկատմամբ որպես «մահակ» օգտագործելու ՌԴ իշխանությունների մոտեցումը մի քանի տարի առաջ բավականին բաց տեքստով հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` արձագանքելով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հերթական ռուսահպատակ հարցին: Եվ եթե Պուտինն այդ մասին ասաց այն ժամանակ, երբ Հայաստանում հակառուսական տրամադրությունները գրեթե բացակայում էին, իսկ Արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժերն էլ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպմամբ՝ «երկու-երեք տասնյակ ջղաձգվողներ» էին, ապա հիմա, երբ օր ու մեջ ՌԴ դեսպանատան առջեւ բազմամարդ հակառուսական ցույցեր են, կարելի է չկասկածել, որ Կրեմլում առավել կոշտ ձեւերով են փորձելու օգտագործել հայկական համայնքի գործոնը:

Ինքնին արդեն այն փաստը, որ ի տարբերություն աշխարհի գրեթե բոլոր հայաշատ երկրների, որտեղ Ադրբեջանի դեսպանատների առջեւ ապրիլյան պատերազմի կապակցությամբ բողոքի ցույցեր եղան, իսկ Ռուսաստանում որեւէ նման դրսեւորում չեղավ, ցույց է տալիս, թե իրականում որքան ճնշված են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները: Եվ հենց նաեւ սա նկատի առնելով` մենք պետք է է՛լ ավելի կոշտացնենք մեր դիրքորոշումը եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում առավել արժանապատիվ կեցվածք ընդունենք, քանի որ հիմա նժարին դրված է մեր հայրենիքի լինելիության խնդիրը: Իսկ եթե դրա արդյունքում ՌԴ-ում նեղեն մեր հայրենակիցներին, ապա նրանք միշտ կարող են վերադառնալ իրենց հայրենիք: Կարեւորը այդ հայրենիքը պահպանելն է:




Լրահոս