Արտակ Դավթյանը հանդիպել է Քրիստոֆ Բերգների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Արտակ Դավթյանը ողջունել է հյուրի այցը Հայաստան եւ խորհրդարան ապրիլքսանչորսյան միջոցառումների շրջանակում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի դիրքորոշման, Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումների համար եւ հույս հայտնել, որ ի վերջո Բունդեսթագում կընդունվի Հայոց ցեղասպանությանը վերաբերող միասնական փաստաթուղթ: Պարոն Դավթյանն անդրադարձել է Երեւանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի անցկացմանը: Նա իր մտահոգությունն է հայտնել Գերմանիայի` ԵԱՀԿ-ում նախագահելու ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերին հարեւան երկրի կողմից իրականացված ագրեսիայի կապակցությամբ:

Հյուրի խնդրանքով Արտակ Դավթյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-ում իրականացված սահմանադրական փոփոխություններին՝ նշելով, որ հայ ժողովուրդը եվրոպական արժեհամակարգի կրողն է, եւ սա եւս մեկ քայլ է՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ու խորացմանը:

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերին՝ պարոն Դավթյանը նշել է, որ անելիքները շատ են թե՛ շփման, թե՛ համագործակցության բնագավառում:

Քրիստոֆ Բերգները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել խորհրդարանականների փոխայցերն ու շփումները:

Գերմանացի խորհրդարանականը նշել է, որ պատիվ ունի մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ համաժողովին եւ ուշիուշով հետեւելու ցեղասպանությունը դատապարտող ելույթներին:

Քրիստոֆ Բերգների խոսքով՝ գերմանացի խորհրդարանականները մեծ հետաքրքրությամբ են հետեւում ոչ միայն Գերմանիա-Հայաստան հարաբերությունների զարգացմանը, այլեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանն Արեւելյան գործընկերության շրջանակում:

Խոսելով ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների մասին՝ պարոն Բերգները որակել է դրանք՝ որպես ժողովրդավարության հաստատմանն ուղղված եւս մի քայլ:

Անդրադառնալով ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կատարված դեպքերին՝ Քրիստոֆ Բերգներն իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին եւ նշել, որ միջազգային հանրությունը չունի մշտադիտարկման մեխանիզմներ՝ իրականությունը պարզելու եւ ապագայում դրանք կանխելու համար:




Լրահոս