Դիարբեքիրի հայկական Սբ.Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցին պետականացնելու մասին Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով:

Ըստ թուրքական «Diyarinsesi.org» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության և տարածքային կառավարման ու քաղաքաշինության նախարարության դեմ ներկայացված դատական հայցում նշվում է, որ այդ որոշումն ամբողջությամբ հակասում է օրենքին:

«Եկեղեցիները և վանքերը հատուկ պահպանության տակ գտնվող մշակութային և բնական ժառանգությունների ցանկում են: Նշյալ անշարժ գույքերը պետականացնելու ժամանակ պետք է կիրառվի «Մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» օրենքը: Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշմամբ կոպտորեն խախտվել է նշյալ օրենքը»,- ասվում է հայցադիմումի մեջ:

Դիմումի մեջ հղում է կատարվել նաև Լոզանի պայմանագրին. «Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնությունների (Թուրքիայի-խմբ.) համար հավասար իրավունքներ է նախատեված բարեգործական, կրոնական և սոցիալական կազմակերպություններ հիմնելու, ղեկավարելու և դրանք վերահսկելու հարցում: Մասնավորապես պայմանագրի 42-րդ հոդվածով Թուրքիայի կառավարությունը երաշխավորում է փոքրամասնությունների եկեղեցիների ու կրոնական կառույցների պաշտպանությունը: Պետականացման որոշումը հակասում է Լոզանի պայմանագրին և սահմանադրության 90-րդ հոդվածին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից մարտի 25-ին պետականացման որոշում էր ընդունվել շուրջ 6.300 տարածքի ու անշարժ գույքի վերաբերյալ, որոնց շարքում են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիները:

Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել է տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Վերանորոգման ծախսերի մեծ մասը հոգացել էին թուրքահայ մեկենասները, մի մասն էլ տրամադրել էր Դիարբեքիրի քաղաքապետարանը: Սբ. Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է:




Լրահոս