ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ
Հունահռոմեականից հետո Սոֆիայում ավարտվեց նաեւ ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Բուլղարիայի մայրաքաղաքում նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: 55 կգ քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, իսկ մինչ այդ արծաթե մեդալ էր նվաճել Հայաստանը ներկայացնող Վիկտոր Կազիշվիլին (96 կգ)։
Սերբիայի Զրենյանին քաղաքում էլ երեկ մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը։ Հայաստանը ներկայացնում է ութ պատանի ըմբիշ, որոնցից 5-ն այս տարվա Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են: Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը թիմում ընդգրկել է Սլավիկ Գալստյանին (42 կգ), Էդգար Թամազյանին (46 կգ), Մասիս Թամազյանին (54 կգ), Արմեն Մելիքյանին (58 կգ), Կորյուն Ամիրյանին (63 կգ), Հրանտ Կալաչյանին (69 կգ), Գագիկ Սարգսյանին (76 կգ) եւ Էդգար Խաչատրյանին (100 կգ)։
«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ն ՋԱԽՋԱԽԵՑ
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային թիմը Լա-լիգայի մրցաշարում նոր գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոյի ղեկավարությամբ 7:0 հաշվով պարզապես ջախջախեց «Լեւանտե»-ին։
Խաղից հետո մարզիչը կիսվել է իր տպավորություններով. «Մենք կարող ենք ավելի ինտենսիվ խաղալ: Կարող ենք ավելի շատ մամլիչ գործողություններ իրականացնել եւ շարունակել տարբերակներ փնտրել հարձակման գծում, երբ առաջ ենք գնում: Աջ եւ ձախ պաշտպանները պարտավոր են առաջ գնալ, մյուսները պետք է գրոհներին միանան խորքից: Բոլորն էլ ուզում են, որ Մեսսին ու Նեյմարը միանգամից միասին խաղան, բայց դա կարող է վնասել Նեյմարին: Ես նույնպես ուզում եմ, որ նա արագ հարմարվի, սակայն մտադիր չեմ արագացնել այդ գործընթացը»:
Իսկ ահա Լիոնել Մեսսին պատմել է իր ֆուտբոլային փիլիսոփայության մասին. «Խաղից առաջ ես երբեք չեմ մտածում, որ կարող եմ վնասվածք ստանալ: Չեմ մտածում բախումների մասին, որոնք կարող են տեղի ունենալ: Ես ուղղակի իմ խաղն եմ խաղում, իսկ կանոնների խախտման մասին թող մտածեն մրցավարները: Կարեւորը խաղադաշտ դուրս գալն ու հաղթելն է: Չեմ մտածում այն մասին, թե ինչերի եմ հասել. կարիերայի ավարտից հետո դա անելու բավական ժամանակ կլինի: Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել որդուս հետ: Մենք համակարգչային խաղեր ենք խաղում, գրքեր ենք կարդում կամ ֆիլմեր դիտում: Հենց այդպես էլ ես հանգստանում եմ»:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԴԱՆԻԱ
Երեկվանից սկսվել է աշխարհի ֆուտբոլի 2014թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերի վաճառքը: Հիշեցնենք, որ այդ խաղը կայանալու է սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում: Արեւմտյան կողմի նստարանների մեկ տոմսի արժեքը 8000 դրամ է, արեւելյանինը` 5000, հարավային ու հյուսիսային կողմերինը` 3000, իսկ յարուսինը` 2000: