Բաքվում լրջորեն անհանգստացած են հայկական կողմի սպառնալիքներից` պատերազմի հնարավորության դեպքում նավթագազամուղները խոցելու շուրջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես ապրիլյան սրացումներից հետո, երբ հայկական կողմից ասիմետրիկ հարվածներ հասցնելու, այդ թվում` Մինգեչաուրի ջրամբարը կամ Բաքու-Ջեյհան նավթատարը խոցելու հնարավորության մասին հայտարարություններ հնչեցին, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի տարածքից Վրաստանով եւ Թուրքիայով անցնող նավթագազային հաղորդակցուղիների անվտանգության հարցը դարձրեցին օրակարգային քննարկման առարկա: Նախօրեին` Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված չորրորդ գագաթնաժողովի ընթացքում, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են այդ խնդրի լուծման ուղղությամբ երեք երկրների ուժերի համատեղման հարցը: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այդ կապակցությամբ ասել է. «Երեք երկրների նախարարները քննարկել են նավթամուղերի անվտանգության ապահովման հարցը, եւ այդ հաշվով համաձայնության հասել»:

Սա ուշագրավ հայտարարություն է այն առումով, որ առնվազն Բաքու-Ջեյհան նավթատարի դեպքում նման համաձայնությունն արդեն իսկ առկա էր դեռեւս 2003 թ-ից, երբ այդ երկրների հատուկ ծառայությունների միջեւ փոխգործակցության արձանագրություն ստորագրվեց:

Հետեւաբար այն, որ այժմ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները որոշել են թարմացնել այդ համաձայնությունը եւ վերստին հայտարարել, որ Ադրբեջանից Թուրքիա ձգվող նավթագազամուղները իրենց համատեղ ռազմական վերահսկողության տակ են, ցույց է տալիս, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են հայկական կողմի սպառնալիքներից` պատերազմի հնարավորության դեպքում այդ կարեւորագույն օբյեկտները խոցելու շուրջ:
Սա, իհարկե, բարդացնելով նման հեռանկարի իրագործումն, այնուհանդերձ, որւէ կերպ չի բացառում այն: Ուստի հայկական կողմից հենց այդ ուղղությամբ հայտարարությունները, կարծում ենք, ադրբեջանական նոր սադրանքների սանձազերծման դեպքում պետք է առավել կոշտ եւ վճռական բնույթ ստանան: Այդ մասին պետք է հայտարարվի արդեն ոչ թե երկրի նախկին պաշտպանության նախարարի մակարդակով, ինչը որ արվեց այս օրերին, այլեւ հենց ներկայիս` գործող ռազմական հրամանատարության կողմից:

Հատկապես առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում նման հայտարարությունները նաեւ լրջորեն կվտանգեն Ադրբեջանի առաջիկա ծրագրերը` մասնավորի կասպիական Շահ Դենիզ հանքավայրից սկիզբ առնող Տրանսատլանտյան գազամուղի (TANAP) կառուցումը, որը նախատեսված է ավարտին հասցնել 2019 թ-ին:
Ի վերջո, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմի պահվածքը հերթական անգամ ցուց տվեց, որ այդ երկիրը, բացի ուժի լեզվից, որեւէ այլ` դիվանագիտական կամ հումանիտար լեզու չի հասկանում:




Լրահոս