Չինաստանը Հայաստանի միջոցով հակակշռում է թուրքական աշխարհին. հայ-չինական հարաբերություններում զարգացման դինամիկա է նկատվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում զարգացման բավական լավ դինամիկա է նկատվում: Դրա մասին են վկայում փոխադարձ բարձր մակարդակի այցելություններն ու երկկողմ բազմաբնույթ համաձայնագրերի ու պայմանագրերի ստորագրումը:

Հունիսի 5-ին Հայաստան է ժամանել Չինաստանի պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ կառավարությունում ստորագրվել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների եւ տեխնիկատնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթեր, ինչպես նաեւ՝ համագործակցության մասին հուշագիր: Համագործակցային նման մակարդակը, իհարկե, ունի շատ խորը ու լուրջ քաղաքական դրդապատճառներ: Փորձենք հասկանալ, թե որոնք են Չինաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերած այսպիսի ուշադրության պատճառները՝ կենտրոնանալով դրանց արտաքին՝ երեւացող, եւ, այսպես կոչված, լատենտային կողմերի վրա: Նախ, ինչպես հայտարարել է Ճան Գաոլին, Հայաստանի դերը կարեւոր է Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում, եւ Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն: Իսկ ԵՏՄ-ն Չինաստանի համար ունի կարեւորագույն նշանակություն առնվազն երկու առումով.

1. Տնտեսական. ԵԱՏՄ-ն թե՛ տարածքի, թե՛ բնակչության տեսանկյունից բավական մեծ շուկա է, իսկ Չինաստանն էլ խոշոր արտադրող ու արտահանող, որին անհրաժեշտ են խոշոր շուկաներ, իսկ Հայաստանը, որը ԵՏՄ կազմում, ըստ էության, ներդրումների ամենամեծ կարիքն ունեցող երկիրն է, դառնում է առավել հարմար ներդրումների քաղաքականությամբ դեպի ընդհանուր՝ ԵՏՄ տնտեսական միջավայր ներթափանցելու համար:
2. Աշխարհաքաղաքական. ԵՏՄ-ի տարածքը համընկնում է «Հարթլենդի» տարածքին, որը, ինչպես ժամանակին աշխարհաքաղաքականության դասականներն են պնդել, Եվրասիա մայրցամաքի կենտրոնն է: Բացի այդ՝ Եվրասիական տնտեսական միությունը սահմանակցում է աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջանների հետ, որոնք կարեւոր են եվրասիական տարածությունում ազդեցության ոլորտների ընդլայնման համար:
Չինաստանի՝ Հայաստանի հետ կապերի խորացման երկրորդ կարեւորագուն պատճառը, որը չերեւացող՝ լատենտային կողմն է, կապված է թուրքական աշխարհի հետ: Ասիական այդ հսկա երկրի արեւմուտքում Շինձիան-Ույգուրիայի ինքնավար շրջանն է, որտեղ ապրում են հիմնականում թրքախոս էթնիկական տարրեր: Թուրքիան ժամանակ առ ժամանակ փորձեր է անում ույգուրների շրջանում խթանելու ինքնավարության գաղափարներ ու գործողություններ, որը չի վրիպում Պեկինի ուշադրությունից: Այդ իսկ պատճառով էլ վերջինը մեծ ուշադրության է արժանացնում Հայաստանին, որը, խնդիրներ ունենալով Թուրքիայի ու նրա դաշնակից Ադրբեջանի հետ, ըստ էության, դարձել է բնական դաշնակից: Կարելի է ասել՝ երկու երկրների միջեւ ձեւավորվել է երկարատեւ ու կենսական կարեւորություն ունեցող շահերի համընկում: Սակայն, որպեսզի Կովկասում Պեկինն ունենա ուժեղ դաշնակից, որը կկարողանա դիմագրավել թուրքական մարտահրավերներին, պետք է նպաստել Հայաստանի տնտեսապես ու ռազմականապես ինքնաբավ լինելուն, այլապես բարդություններ են առաջ գալու թուրքական արշավանքը դեպի արեւելք կասեցնելու, դրան դիմակայելու գործընթացներում: Ահա թե ինչու չին քաղաքական վերնախավը որոշել է ամրապնդել ու խորացնել կապերը: Միաժամանակ, այնտեղ լավ են հասկանում, որ այդ քաղաքականությունը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, երբ Հայաստանը ունենա արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա եւ կախված չլինի բացառապես ռուսական տնտեսությունից, իսկ դրա լավագույն ձեւը ներդրումներ անելն է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, իրոք, Չինաստանը նրա համար դարձել է շատ կարեւոր ու շահավետ գործընկեր: Մի կողմից այն կարող է հակակշռել Ռուսաստանին եւ մեծացնել մեր երկրի ուղղությամբ մրցակցությունը, դրանով էլ նպաստել, որպեսզի դառնանք ավելի գայթակղիչ (այս հարցում, սակայն, պետք է վարել զգուշավոր ու խելացի քաղաքականություն, որպեսզի օգուտներ քաղելու փոխարեն չհայտնվենք կրակի տակ), մյուս կողմից՝ չեզոքացնել թուրք-ադրբեջանական սպառնալիքները չինական հզոր աշխարհաքաղաքական ուժով:

Արման Սահակյան




Լրահոս