ՀՀ ԱԻՆ-ը և Համաշխարհային բանկը կհամագործակցեն ևս երկու նոր ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Համաշխարհային բանկի թիմի երկրատարածական տեխնոլոգիաների խորհրդատու Ջոշուա Սթյուարտ Քեմբելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի (ԱՌԿԱԾ) շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տրվող աջակցությանն առնչվող հարցերն ու հետագա քայլերը:

ԱՌԿԱԾ-ի տեղացի համակարգող Ա. Նազինյանը նշեց, որ բավական արդյունավետ աշխատանքներ են տարվել վերջին շաբաթվա ընթացքում, և արդեն պատրաստ են որոշակի հարցեր ու առաջարկություններ, որոնք անհրաժեշտ է համատեղ քննարկել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջոշուա Ս. Քեմբելը նշեց, որ կատարված աշխատանքների և հանդիպումների արդյունքում՝ երկրատարածական տեղեկատվության առավել արդյունավետ փոխանակման համար հանգել են երկու եզրակացության.

– Հարկավոր է գործընթացը սկսել երկու ուղղություններով՝ տեղեկատվական բազայի ուղղությամբ տարվող աշխատանքային խմբի ձևավորում և ԱԻ նախարարության կարողությունների զարգացում: Ուղղությունները պետք է լինեն զուգահեռ և փոխկապակցված, իսկ հետո նոր կսկսենք քննարկել հետագա անելիքները:

Ողջունելով ՀԲ թիմի առաջարկներն ու աշխատանքները՝ փոխնախարար Հ. Մխիթարյանը նշեց, որ կատարելագործված տեղեկատվական միասնական համակարգն անհրաժեշտություն է, սակայն նախևառաջ պետք է մշակել կոնկրետ առաջարկներ, բաժանել փուլերի նախատեսվող աշխատանքները և նոր սկսել բուն գործընթացը:

– Համոզված եմ, որ մենք համատեղ արդյունավետ աշխատանք ենք կատարում մեր հանրապետության համար: Անհրաժեշտ է հավաքագրել ինֆորմացիան, բերել մեկ տեղ, ունենալ տեղեկատվական-վերլուծական շտեմարան և պարբերաբար թարմացնել: Դա, իհարկե, ահռելի աշխատանք է: Համոզված եմ, որ մեր գործընկեր գերատեսչությունները ևս հետաքրքրված են այս ծրագրով:

Նախանշելով հետագա անելիքներն ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերը՝ կողմերը պայմանավորվեցին հաջորդ հանդիպմանը ներկայացնել արդեն հստակ և նպատակային առաջարկներ:




Լրահոս