ՊԱՐՏԱՏԵՐԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ ԿՀԻՇԵՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան վերադառնալուց հետո ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների համար գլխացավանք է դարձել, քանի որ նրա հետ թեկուզ հեռակա բանավեճի մեջ մտնելը իրենց շահերից չի բխում: Բանն այն է, որ ինչ ասեն, Բաբայանը կրկնակի չափաբաժնով հետ է ուղարկելու, ինչը չի կարող ընդունելի լինել, քանի որ տարին նախընտրական է, եւ իշխանությունները չեն կարող հանդուրժել, որպեսզի նախկին զինակիցը անկաշկանդ քննադատի իրենց՝ փորձելով ներկայանալ իբրեւ անբասիր քաղաքական գործիչ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին «չեզոքացնելու» յուրօրինակ տարբերակ են մշակել: Ըստ լուրերի` առաջիկայում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի պարտքատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան եւ իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն: ՀՀ իշխանությունները համոզված են, որ երբ այդ պարտքերի խնդիրն առաջ գա, եթե անգամ Սամվել Բաբայանը ստիպված Հայաստանից կրկին չհեռանա էլ, ապա առնվազն պարտադրված կլինի հրապարակային դաշտից հեռանալ: Նշենք, որ Սամվել Բաբայանը ներկայումս դեռ գտնվում է Արցախում, եւ նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ մայիսի 16-ին Իլհամ Ալիեւի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչեւ հաջորդ հանդիպումը ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին հետաքննող սարքեր պետք է տեղադրվեն: Ուստի «Ժողովուրդ»-ը նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց պարզել, թե արդյոք Սերժ Սարգսյանի սպասելիքն իրականացել է, որ նա պատրաստվում է հերթական անգամ Ալիեւի հետ հանդիպել: «Ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ իր դիրքորոշումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Ձեր կողմից նշված հարցազրույցում: Ինչ վերաբերում է հետագա հնարավոր բանակցություններին եւ դրա հետ կապված այլ հարցերին, պետք է նշել, որ ՀՀ նախագահի այցելությունների եւ հանդիպումների մասին հասարակությունը տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին»,- պատասխանեց պարոն Հակոբյանը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն արդեն իսկ քաղաքական որոշում են կայացրել, ըստ որի՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը: Հիշեցնենք, որ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել: Սակայն Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները որոշել են, որ հայկական երկրորդ պետության Սահմանադրությունը եւս պետք է առաջիկայում փոխվի: Դրանով նախատեսվելու է, որ Արցախը նույնպես նախագահական կառավարումից անցում կկատարի խորհրդարանականի: Կառավարման կարգը պետք է գործի 2020 թվականից՝ Արցախի հաջորդ գումարման խորհրդարանի ձեւավորվելուց հետո: Այսինքն՝ ԼՂՀ նոր Սահմանադրությամբ հատուկ կսահմանվի, որ գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր խորհրդարանի կազմավորվելը, այն է՝ 2020 թվականի ամառը: Այսպես կլուծվի նաեւ Արցախի կայունության հարցը:

 

 

 

Վանաձորն այս տարվա աշնանն ամեն դեպքում նոր քաղաքապետ կունենա: Ինչպես հայտնի է՝ այս տարվա հոկտեմբերի 2-ին Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Վանաձորում քաղաքապետի ուղղակի ընտրություններ չեն լինելու, այլ ընտրվելու է ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է քաղաքապետին: Այսինքն՝ գործելու է նույն այն կարգը, որը կիրառվում է Երեւանի ավագանու ընտրության ժամանակ: Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ «Ես չեմ առաջադրվելու ընտրություններում»: Նա միեւնույն ժամանակ հավաստիացրել է, թե որոշումն ինքն է կայացրել, եւ ոչ ոք իրեն չի ստիպել է եւ չի էլ համոզել: Ավելին՝ Սամվել Դարբինյանը նույնիսկ հայտարարել է, թե եթե այս անգամ էլ մասնակցի, ապա կրկին կընտրվի, բայց չի ցանկանում, քանի որ որոշել է «աշխատանքի պրոֆիլը փոխել»:

 

 

 
ՀՕՊ-ԶԻԼԻՆԱ
Հատկապես ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի հետ կապված ցանկացած ռազմաքաղաքական նախաձեռնություն հայ հանրության կողմից ընդունվում է որոշակի կասկածանքով եւ թերահավատությամբ: Վերջին օրերին նոր մտահոգությունների առիթ է դարձել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը հունիսի 3-ին դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբեությունների մշտական հանձնաժողովում եւ առաջիկա օրերին արդեն կքննարկվի Աժ լիագումար նիստի ընթացքում:
Թե ինչ է իրենից ներկայացնում այդ համակարգը, առայժմ բավականաչափ տեղեկացված չեն անգամ փորձագիտական շրջանակները, սակայն արդեն իսկ վերը նշված հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում հնչեցված ամենակարեւոր հարցը՝ ով է կայացնելու այդ ուժերը կիրառելու որոշումը Հայաստանում, մինչ օրս չի ստացել հստակ պատասխան:
Երեկ համատեղ ՀՕՊ համակարգի մասին Երեւանում խոսել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա, մասնավորապես, նշել է, որ արդեն իսկ կան ռուս-բելառուսական եւ ռուս-ղազախական նմանատիպ համատեղ համակարգեր, հիմա էլ ստեղծվում է ռուս-հայկական համատեղ ՀՕՊ: Նա նաեւ հավելել է, որ հետագայում առանձին այդ համակարգերը կմիավորվեն՝ դառնալով ՀԱՊԿ ամբողջական հակաօդային պաշտպանության համակարգ:
Ուշագրավ է, որ Բորդյուժան այդպես էլ չի անդրադարձել կարեւորագուն հարցին, թե, ի վերջո, որ երկիրն է տնօրինելու համատեղ այդ երկկողմ համակարգերը, մինչեւ որ կայանա իր նշած միասնական ՀԱՊԿ համակարգը: Իսկ առայժմ ռուսական կողմից ներկայացվող պարզաբանումը, թե որոշումները կայացնելու են ռուս զինվորականները՝ համաձայնեցնելով հայկական կողմի հետ, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան իրավիճակը հստակեցնում:
Առավել եւս, որ արդեն իսկ ընդգծվում է՝ այս համաձայնագիրը որեւէ կերպ չի առնչվելու Արցախին: Մինչդեռ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, եւ եթե իր հակաօդային պաշտպանության համակարգը հանձնում է ռուսների տնօրինմանը՝ այդպիսով գուցե ապահովագրելով իր սահմանների անվտանգությունը, հասկանալի չէ, թե ինչպես է անհրաժեշտության դեպքում իրականացնելու Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունները:
Ստացվում է, որ մեր հակաօդային պաշտպանությունն ամբողջովին դնելով Ռուսաստանից կախման մեջ՝ մենք ավտոմատ նաեւ Ռուսաստանին ենք վերապահում Արցախի անվտանգության երաշխավորի գործառույթները: Իսկ թե Ռուսաստանն ինչպիսի երաշխավոր կարող է լինել այդ հարցում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, թերեւս, որեւէ մեկի մոտ այլեւս իլյուզիաների տեղ չի թողել:




Լրահոս