ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԿՇՌՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում զարգացման բավական լավ դինամիկա է նկատվում: Դրա մասին են վկայում փոխադարձ բարձր մակարդակի այցելություններն ու երկկողմ բազմաբնույթ համաձայնագրերի ու պայմանագրերի ստորագրումը:

Հունիսի 5-ին Հայաստան է ժամանել Չինաստանի պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ կառավարությունում ստորագրվել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների եւ տեխնիկատնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթեր, ինչպես նաեւ՝ համագործակցության մասին հուշագիր: Համագործակցային նման մակարդակը, իհարկե, ունի շատ խորը ու լուրջ քաղաքական դրդապատճառներ: Փորձենք հասկանալ, թե որոնք են Չինաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերած այսպիսի ուշադրության պատճառները՝ կենտրոնանալով դրանց արտաքին՝ երեւացող, եւ, այսպես կոչված, լատենտային կողմերի վրա: Նախ, ինչպես հայտարարել է Ճան Գաոլին, Հայաստանի դերը կարեւոր է Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում, եւ Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն: Իսկ ԵՏՄ-ն Չինաստանի համար ունի կարեւորագույն նշանակություն առնվազն երկու առումով.
1. Տնտեսական. ԵԱՏՄ-ն թե՛ տարածքի, թե՛ բնակչության տեսանկյունից բավական մեծ շուկա է, իսկ Չինաստանն էլ խոշոր արտադրող ու արտահանող, որին անհրաժեշտ են խոշոր շուկաներ, իսկ Հայաստանը, որը ԵՏՄ կազմում, ըստ էության, ներդրումների ամենամեծ կարիքն ունեցող երկիրն է, դառնում է առավել հարմար ներդրումների քաղաքականությամբ դեպի ընդհանուր՝ ԵՏՄ տնտեսական միջավայր ներթափանցելու համար:
2. Աշխարհաքաղաքական. ԵՏՄ-ի տարածքը համընկնում է «Հարթլենդի» տարածքին, որը, ինչպես ժամանակին աշխարհաքաղաքականության դասականներն են պնդել, Եվրասիա մայրցամաքի կենտրոնն է: Բացի այդ՝ Եվրասիական տնտեսական միությունը սահմանակցում է աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջանների հետ, որոնք կարեւոր են եվրասիական տարածությունում ազդեցության ոլորտների ընդլայնման համար:
Չինաստանի՝ Հայաստանի հետ կապերի խորացման երկրորդ կարեւորագուն պատճառը, որը չերեւացող՝ լատենտային կողմն է, կապված է թուրքական աշխարհի հետ: Ասիական այդ հսկա երկրի արեւմուտքում Շինձիան-Ույգուրիայի ինքնավար շրջանն է, որտեղ ապրում են հիմնականում թրքախոս էթնիկական տարրեր: Թուրքիան ժամանակ առ ժամանակ փորձեր է անում ույգուրների շրջանում խթանելու ինքնավարության գաղափարներ ու գործողություններ, որը չի վրիպում Պեկինի ուշադրությունից: Այդ իսկ պատճառով էլ վերջինը մեծ ուշադրության է արժանացնում Հայաստանին, որը, խնդիրներ ունենալով Թուրքիայի ու նրա դաշնակից Ադրբեջանի հետ, ըստ էության, դարձել է բնական դաշնակից: Կարելի է ասել՝ երկու երկրների միջեւ ձեւավորվել է երկարատեւ ու կենսական կարեւորություն ունեցող շահերի համընկում: Սակայն, որպեսզի Կովկասում Պեկինն ունենա ուժեղ դաշնակից, որը կկարողանա դիմագրավել թուրքական մարտահրավերներին, պետք է նպաստել Հայաստանի տնտեսապես ու ռազմականապես ինքնաբավ լինելուն, այլապես բարդություններ են առաջ գալու թուրքական արշավանքը դեպի արեւելք կասեցնելու, դրան դիմակայելու գործընթացներում: Ահա թե ինչու չին քաղաքական վերնախավը որոշել է ամրապնդել ու խորացնել կապերը: Միաժամանակ, այնտեղ լավ են հասկանում, որ այդ քաղաքականությունը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, երբ Հայաստանը ունենա արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա եւ կախված չլինի բացառապես ռուսական տնտեսությունից, իսկ դրա լավագույն ձեւը ներդրումներ անելն է:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, իրոք, Չինաստանը նրա համար դարձել է շատ կարեւոր ու շահավետ գործընկեր: Մի կողմից այն կարող է հակակշռել Ռուսաստանին եւ մեծացնել մեր երկրի ուղղությամբ մրցակցությունը, դրանով էլ նպաստել, որպեսզի դառնանք ավելի գայթակղիչ (այս հարցում, սակայն, պետք է վարել զգուշավոր ու խելացի քաղաքականություն, որպեսզի օգուտներ քաղելու փոխարեն չհայտնվենք կրակի տակ), մյուս կողմից՝ չեզոքացնել թուրք-ադրբեջանական սպառնալիքները չինական հզոր աշխարհաքաղաքական ուժով:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 
ՎԱՐԿԵՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԵՎ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ այս տարվա փետրվարի 23-ին ստորագրվել է «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագիր` 55 մլն դոլար արժողությամբ: Նշված գումարով նախատեսվում է մշակութային ժառանգության հանգույցի վերականգնում եւ զբոսաշրջային երթուղու մշակում:

Ըստ այդմ, նախատեսվում է Գորիսի եւ Մեղրու հին քաղաքներում եւ ժառանգություն հանդիսացող Արենու, Տաթեւի եւ Տանձաթափի գյուղերում վերականգնողական միջոցառումներ իրականացնել. հատկացվող գումարով նախատեսվում է վերականգնել մշակութային ժառանգություն համարվող շենքերի ճակատային հատվածները եւ տանիքները, հանրային տարածքներին, թանգարաններին մոտեցնող ճանապարհները, ջրի, կոյուղու եւ փողոցային լուսավորությունը: Նաեւ նախատեսվում է իրականացնել Գառնու տաճարի եւ կիրճի, Գեղարդավանքի, Խոր Վիրապի, Արենու շուկայի եւ քարանձավի, Մոզրովի քարանձավի, Եղեգիսի, Զորաց քարերի (Քարահունջ), Խնձորեսկի, Հաղպատի եւ Սանահինի մշակութային ժառանգությունների պահպանությունը: Եւ այս ամենի նպատակով հատկացվող վարկի մայր գումարի մարման ժամկետը 25 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, իսկ վարկի սպասարկման գծով վճարումները պետք է կատարվեն կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին:
Բացի այս՝ հերթական վարկային համաձայնագիրը կնքվել է Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ այս տարվա ապրիլի 5-ին: Երկու կողմերի միջեւ ստորագրվել է «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը` 5.5 մլն եվրո արժողությամբ: Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ-ին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: Ըստ ծրագրի՝ ձեռք կբերվեն թափոնների հավաքման բեռնատարներ, թափոնների համար կոնտեյներներ, արկղեր, կկառուցվեն թափոնների հավաքման նոր կետեր, նոր աղբավայրեր: Այս վարկային միջոցներից 3.5 մլն եվրոն կհատկացվի Կոտայքի մարզին, իսկ 2 մլն եվրոն` Գեղարքունիքի մարզին: Վարկային միջոցները կտրամադրվեն երկու մասնաբաժիններով: Նշենք, որ 3.5 մլն եվրո արժողությամբ մասնաբաժնի համար մարման ժամկետը մինչեւ 14 տարի է, որից արտոնյալ ժամկետը 2 տարի է, իսկ 2 մլն եվրո արժողությամբ մասնաբաժնի համար մարման ժամկետը մինչեւ 15 տարի է, որից արտոնյալ ժամկետը 3 տարի է:
Ներկայումս այս համաձայնագրերը գտնվում են վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում: Միջպետական միջազգային համաձայնագրերը ՀՀ նախագահի կողմից մինչեւ Սահմանադրական դատարան ուղարկելը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը այսօր դրանք կներկայացնի ՀՀ կառավարություն, որպեսզի երկու համաձայնագրերին գործադիրը հավանություն տա:
Մեզ մնում է հուսալ, որ այս համաձայնագրերով հատկացվող վարկային միջոցները իրականում կծառայեն իրենց բուն նպատակին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Համացանցում հայտարարություն է տարածվել, որ հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 10-ը Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի անտառներում, Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղում գտնվող Մակարավանքում կատարվելու են Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» ֆիլմի նկարահանումները: Հայ-ֆրանսիական արտադրության, արցախյան պատերազմի մասին պատմող կինոնկարի մասսայական տեսարաններում նկարահանվելու համար պահանջվում են Իջեւանի տարածաշրջանի բնակիչ, 20-65 տարեկան տղամարդիկ, 35 տարեկանից բարձր կանայք: Նրանք վարձատրվելու են: Նշենք, որ մինչ այդ էլ այս տարվա մարտի վերջին, ապրիլի սկզբին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ եւ Լուսահովիտ գյուղերի տարածքում հայտնի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին արցախյան պատերազմի մասին ֆիլմ էր նկարահանում եւ կինոնկարի մասսայական տեսարանների նկարահանումներում ընդգրկեց Իջեւանի տարածաշրջանի գյուղերի բնակիչների: Վերջիններս իրենց խաղացած դերի համար օրական ստացան 5 հազար դրամ: Տավուշի մարզի բնակչության շրջանում գործազրկությունը մեծ է: Գյուղատնտեսությունից ստացվող եկամուտներն էլ՝ չնչին: Ուստի զանգվածային տեսարաններում նկարահանվելու ցանկություն ունեցողները շատ են. «մասսովկում» նկարահանվելն ավելի ձեռնտու է, քանի առավոտից իրիկուն դաշտում կքված աշխատելը:

 

 

ԶԻՆՎՈՐԸ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ Է ԳՈՂԱՑԵԼ
Ալեքսանդր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2015թ. ապրիլից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ զինաբուրգի մոտից հափշտակել է Ֆ-1 տեսակի նռնակի պայթուցիչ, այնուհետեւ նույն հենակետում մաքրման աշխատանքների ընթացքում խրամուղուց գտնելու միջոցով յուրացրել 80 հատ 7.62 մմ տրամագծի փամփուշտներ: Նույն ժամանակահատվածում նա յուրացրել է ծառայության համար իրեն հատկացված 80 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ: Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, 238 հոդվածի 1-ին մասով եւ 371 հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս