ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՉԱՐԱՃՃԻ ՍԻՐԵԼԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1931թ. Ֆլորենցիայում կայացած միջազգային կոնգրեսում որոշվեց հոկտեմբերի 4-ը նշել որպես Կենդանիների համաշխարհային օր: Թեեւ մենք` հայերս, շատ կենդանասեր չենք, այդուհանդերձ, շատերս պահում ենք շուն կամ կատու: “Ժողովուրդ” օրաթերթը զրուցեց այն հայտնիների հետ, որոնք ունեցել են կամ ունեն ընտանի կենդանիներ: Մեր հյուրերն են երգչուհիներ ՕԼԳԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ, ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ՈՒ ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ: 
ՕԼԳԱ ԱՅՎԱԶՅԱՆ
-Անկեղծ ասած, ես շատ կենդանիներ եմ պահել՝ թութակներ, նապաստակ, շներ: Մանկուց կենդանի եմ պահել, ընտանիքով շատ ենք սիրում: Կարծում եմ՝ մարդիկ, որոնք շփվում են կենդանիների հետ, ավելի բարի են լինում: Շունիկս արդեն 6 տարեկան է, յորկ ցեղատեսակի է: Մենք նրան Չիկո ենք անվանել:
-Ինչպե՞ս Չիկոն հայտնվեց Ձեր ընտանիքում:
-Երբ Չիկոյից առաջ իմ մյուս շունիկը մահացավ, մենք որոշեցինք, որ այլեւս շուն չենք պահելու, որովհետեւ շատ ծանր էինք տանում մեր շունիկի կորուստը: Բայց որոշ ժամանակ անց ես որոշեցի, որ կրկին պետք է շուն ունենանք: Ու ինձ նվիրեցին Չիկոյին, ավելի ճիշտ՝ նրան բերեցին Մոսկվայից:
-Ինքնե՞րդ եք հոգ տանում շան մասին:
-Նախկինում, երբ ազատ ժամանակ շատ ունեի, ես էի խնամում, բայց հիմա ծնողներս ավելի շատ են զբաղվում նրանով: Կենդանիները հատուկ խնամք են պահանջում, սնունդը, բժշկի ենք տանում, պարտաճանաչ պատվաստվում է: Կենդանի պահելը թանկ հաճույք է՝ սկսած հագուստներից, վերջացրած տարբեր պարագաներով: Կողքից նույնիսկ կատակում են, թե եթե երեխա պահեիր, այդքան թանկ չէր լինի: 
-Ի՞նչ հետաքրքիր բաներ է անում Ձեր ընտանի կենդանին, վարժեցրա՞ծ է:
-Ինքը շատ ինքնագլուխ շուն է, ամեն ինչ հասկանում է, բայց ոնց ուզում է, այնպես է անում: Շատ է սիրում փուչիկ խաղալ: Մեր տան հյուրերն էլ գիտեն այդ մասին, միշտ նրան փուչիկ են բերում: Մի դեպք հիշեցի. Չիկոն դեռ շատ փոքր էր՝ երկու ամսական, ցուրտ ձմեռ էր, հարեւանս դուռը թակեց, երբ բացեցի, շունիկս շատ արագ սողոսկեց ու վազեց դուրս: Ես էլ հողաթափերով սկսեցի վազել նրա հետեւից, ինձ շենքից շենք տարավ:
-Հաճա՞խ եք Չիկոյի հետ տարբեր տեղեր գնում:
-Շատ եմ հետս տեղ տանում, նույնիսկ այնպիսի տեղեր եմ վերցնում, որ չի կարելի: Սիրում ենք ընտանիքով նրան ման տալ: Ես նրան երեխայի պես եմ վերաբերում, հաճախ ասում եմ` Չիկոն իմ տղան է:
ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ
-Այս պահին ունեմ 5 թութակ ու մի շունիկ` բոլոնկա ցեղատեսակի՝ անունը Հիլդա: Արդեն 5 տարի է՝ պահում ենք: Հիլդան մեր տանը շատ հետաքրքիր ձեւով հայտնվեց: Ես երազ էի տեսել, որ շուն ունեմ, ու եղբայրս օրեր հետո ինձ շուն նվիրեց: 
Միշտ էլ սիրել եմ կենդանիների, դեռ մանկուց կերակրում էի մեր բակի բոլոր կենդանիներին: Նույնիսկ դեպք է եղել, երբ փոքր ժամանակ շունը կծել է ոտքս, բայց դա չազդեց իմ սիրո վրա:
-Շա՞տ ժամանակ եք հատկացնում Ձեր շունիկին: 
-Երբ տանն եմ լինում, նրան բակ եմ իջեցնում, նույնիսկ երբ շատ զբաղված եմ լինում, ուզում եմ՝ Հիլդուկս կողքս լինի: Նրա համար ճաշ եմ պատրաստում: Մի անգամ էլ շունիկիս հետս տարա մամլո ասուլիսի: Բայց դե ամեն տեղ չես կարող կենդանու հետ գնալ:
-Վարժեցրա՞ծ շուն է:
-Ինքը շատ խելացի է, բայց մեկ-մեկ ագրեսիվ բաներ ունի: Հիլդան զգում է՝ երբ ենք ուզում տանից դուրս գալ, վազում է դռան մոտ, ամեն տեղ ուզում է մեզ հետ գալ: Մի անգամ էլ մի բան էր թափել, ասացի՝ սա ո՞վ է արել, գլուխը շատ արհամարհական թեքեց, իբրեւ թե իր հետ չէի խոսում: 
-Ի՞նչ հետաքրքիր բաներ է անում Ձեր շունը: 
-Նկատել եմ, որ չի սիրում աղջիկ շների հետ շփվել, ավելի շատ մարդկանց հետ է ուզում խաղալ: Ես շատ կապված եմ շունիկիս հետ: Իմ շունիկը չի սիրում լողանալ, ես նրան խաբելով ու համոզելով եմ լողացնում, շատ չարաճճի է: Մեկ էլ մի քիչ շատակեր է:
-Շուն պահելը հե՞շտ է:
-Պահելուց առաջ նախ պետք է գիտակցել, որ դա պատասխանատվություն է: Օրը երեք անգամ դուրս ես հանում, ժամանակին պետք է սրսկումների տանես: Շատ եմ նրան սիրում, նույնիսկ դիմելիս ասում եմ՝ բալես, աղջիկս… Սիրուն մազակալներ եմ ուզում կպցնել, բայց շատ շարժուն է, անընդհատ գլուխը թափ է տալիս, ոնց որ երեխա լինի:
ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ
-Շուն պահել եմ, երբ փոքր էի` մինչեւ 5-րդ դասարան: Պուդել ցեղատեսակի էր, անունն էլ Միկկի էր: Շատ էր մեծացել, չարացել, հայրիկս առաջարկեց պահել իր աշխատավայրում, որ մենք մեր ժամանակն ավելի շատ տրամադրենք դասերին եւ ոչ թե շանը: Ու այդ ընթացքում, երբ շանը չէի տեսնում, հիվանդագին կարոտում էի: Երբ պապան նրան կրկին տուն բերեց, չեք պատկերացնի՝ ինչքան էինք մենք նրան կարոտել, նա էլ` մեզ:
Միկկիից հետո ես չցանկացա այլ շուն պահել: Ուզում էի կապիկ ունենալ, գիտեմ, որ նրանք էլ շատ խելացի են, բայց տարեցտարի հրաժարվեցի նաեւ այդ մտքից:
-Իսկ հիմա նորից ընտանի կենդանի պահելու ցանկություն չունե՞ք:
-Չեմ մտածում այդ մասին, որովհետեւ ընտանի կենդանին մեծ խնամք է պահանջում, իսկ ես հիմա զբաղված եմ, անձամբ չեմ կարող հոգ տանել իմ կենդանու մասին: Գուցե տարիներ հետո, երբ ժամանակ լինի, որեւէ կենդանի պահեմ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 631 համար




Լրահոս