ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԻԲԻՐԱԽՏ
ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում յոթ մարդու մոտ արձանագրվել եւ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը: Նշենք, որ հիվանդները հոսպիտալացվել են եւ ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ ունեն առողջացման դրական տեղաշարժ: Պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց մսեղիքն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի, որտեղ հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք նույնպես հոսպիտալացվել են: Հարթագյուղի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մորթված անասունների միսը դեռ սառնարանում պահված է. «Հենց մարզային հիգիենիկ տեսչությունը հաստատի, այն կթափենք: Սպասում ենք»: Նա վստահեցրեց, որ այս տարվա մարտին անասունները սիբիրախտի դեմ պատվաստվել են:

ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ ԷԻՆ
Երեկ տեղացած առատ ձյան պատճառով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տասնյակ ավտոմեքենաներ են արգելափակվել: ԱԻՆ-ի տեղեկացմամբ` երեկ՝ ժամը 06:00-ի դրությամբ, փրկարարներին հաջողվել է արգելափակումից դուրս բերել 21 ավտոմեքենա: Նախարարության տվյալներով՝ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են միայն  Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀԱՅ ԳԵՐՈՒ ՀԱՐՑԸ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին, որն ավարտում է իր առաքելությունը, ինչպես նաեւ պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին: Դ. Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ է արել ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում եւ առավել հաճախակի այցելել նրան:

ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՆ` ՆԱԽԱԳԱՀ
Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական` 20-րդ նիստը, որի ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընտրվել է համակարգող խորհրդի նախագահ: Նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների հարկային օրենսդրության եւ վարչարարության փոփոխությունների անհրաժեշտության մասին: Կառույցի հաջորդ` 21-րդ նիստը կանցկացվի 2014-ին Հայաստանում:




Լրահոս