ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ ԿԱԽՎԵԼ Է
Դիլիջանի բնակչուհի, 1963թ. ծնված Սեդա Արարատի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ.-ից մինչեւ 2013թ. Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով գումարներ վերցնել եւ տալ իրեն, սակայն հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել` սպառնալով վնասել Ա. Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Դրա հետեւանքով Ա. Ապրեսյանը 2013թ. հունվարի 8-ին Դիլիջանի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ս. Քոչարյանը մեղադրվում է նաեւ այն բանի համար, որ 2012թ. մարտից մինչեւ նույն տարվա սեպտեմբերը, Ա. Ապրեսյանի վստահությունը չարաշահելով, խաբեությամբ, նրա միջոցով Արարատ Ալիխանյանից հափշտակել է 2 միլիոն դրամ: Ս. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով): Սույն հոդվածով որակված գործողությունները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով դատավարությունը կմեկնարկի  հոկտեմբերի 10-ին:

ՄԱՀԱՑԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հոկտեմբերի 6-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` Նոյեմբերյանի հատվածում,  Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսի մեջ Երեւանի բնակիչ 30-ամյա Արթուր Ռաֆիկի Ավետիսյանն իրեն վատ է զգացել: Նա իջել է միկրոավտոբուսից, մեքենայի ուղեւորներից բուժաշխատող մի կին փորձել է նրան արհեստական շնչառություն տալ, սակայն անօգուտ: Երիտասարդը մահացել է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան մահացած երիտասարդին տեղափոխել է ԲԿ: Նրա մարմինը գտնվում է կենտրոնի դիահերձարանում: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասաց, որ դիահերձումից հետո ոստիկանության քննիչի կողմից նշանակվելու են մի քանի փորձաքննություններ, որոնց արդյունքում կպարզվի մահվան պատճառը: Նշենք, որ միկրոավտոբուսի վարորդը հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ դրանք կարգավորելու համար ստիպված է եղել մոտ 10 կմ վերադառնալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս