ԺՊՏԱՑԵ՛Ք, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ մայիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը թանկացնում է Հայաստանին մատակարարվող գազը, ՀՀԿ-ականները շտապեցին հավաստիացնել, թե դա որեւէ կերպ պայմանավորված չէ Սերժ Սարգսյանի վարած եվրոպամետ քաղաքականությամբ, եւ որ դա պետք չէ դիտարկել որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշում: Իսկ երբ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, ՀՀԿ-ականները շտապեցին «աչքալուսանքներ» շռայլել, թե այսուհետ Հայաստանին մատակարարվող գազի գինն իջնելու է` այդպիսով անուղղակիորեն հերքելով իրենց նախորդ հավաստիացումները: Սակայն, ինչպես պարզ դարձավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունից, ռուսները, փաստորեն, Հայաստանի նկատմամբ անգամ «բլիթի ու մտրակի» քաղաքականությունն են շատ համարում` օգտագործելով միայն մտրակը: Իսկ «բլիթներ»` էժան գազի տեսքով, չեն լինելու: Առավելագույնը, որ լինելու է, գազի արտահանման հարկի վերացումն է, որն էլ կազմում է 30 տոկոս, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան դեռ մայիսին Տիգրան Սարգսյանը խոստացել էր սուբսիդավորել: Մի կողմ թողնելով հարցը, թե ինչի հաշվին էր վարչապետը պատրաստվում դա անել, եւ արդյոք ՄՄ-ին անդամակցելու որոշումն արդեն իսկ այն ժամանակ չէր կայացվել, անդրադառնանք սեփական հայտարարությունների նկատմամբ այն անլրջությանը, որն այսօր ՀՀԿ-ում օրինաչափ է դարձել: Բավական է հիշել ընդամենը մի քանի օրինակ ոչ վաղ անցյալից: Նախ` օգոստոսի 28-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը խոստացավ գալիք տարվա հունվարի 1-ից աշխատավարձերը բարձրացնել, սակայն ընդամենը երկու շաբաթ անց ՀՀԿ-ական վարչապետը հայտարարեց, թե դա լավագույն դեպքում տեղի կունենա 2014-ի հունիսի 1-ին: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ՝ դեռեւս ապրիլին, Ս. Սարգսյանի կողմից տրվել էր եւս մեկ խոստում, համաձայն որի՝ աշխատավարձերը պիտի բարձրանային արդեն այս տարվա հունիսի 1-ից: Պակաս հիշարժան չէր նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ սեպտեմբերի 2-ին արած հայտարարությունը, թե Հայաստանը միանշանակ ստորագրելու է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որից ընդամենը մեկ օր անց պարզ դարձավ, որ ՀՀ-ն գնում է ոչ թե Եվրոպա, այլ Ռուսաստան: Եվ ի՞նչ: Ինքն իրեն խորաթափանց կանխագուշակի տիտղոս շնորհած Գալուստ Գրիգորիչը նույնպիսի եռանդով փորձեց ներկայացնել, թե ինքն այդ հայտարարությունն անելիս հրաշալի գիտեր, որ ՀՀ-ն մտնելու է ՄՄ, պարզապես պետք էր ասել հակառակը` երեւի թե որ գործընթացին «աչքով չտան»: Իրենք իրենց առանց որեւէ կոմպլեքսի հերքելու` ՀՀԿ-ականների ունակությունը հերթական անգամ դրսեւորվեց երեկ, երբ Արմեն Մովսիսյանը հավաստիացրեց, որ օրերս ԱԺ-ում ասելով, թե չկա գազի գնի մասին պայմանագիր, վարչապետը նկատի է ունեցել ոչ թե գազի ներկրման, այլ դրա սուբսիդավորման մասին միջպետական պայմանագիրը: Փաստորեն, ՀՀԿ-ում հասկացել են, որ իրենց խոսքը վաղուց արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում, ուստի այլեւս չեն էլ ջանում լուրջ երեւալ:




Լրահոս