ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԻՎ ՆՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԵՏՔ Է ՍԱՏԱՐԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու ամսից Հայաստանի՝ շուրջ 700 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ինչպիսի մթնոլորտ է մարզերում, եւ ում թեկնածությունն են պաշտպանելու ՀՀ մարզպետները՝ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից եւ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանից:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
-Պարո՛ն Նալբանդյան, առաջիկայում Հայաստանի՝ շուրջ 700 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Կնշե՞ք, թե Լոռու մարզի որ խոշոր համայնքներում են ընտրություններ անցկացվելու:
-Հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի 89 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որից 76 համայնքում նաեւ համայնքների ղեկավարների ընտրություններն են, 13 համայնքներում՝ միայն ավագանու: Հոկտեմբերի 2-ին տեղի կունենան նաեւ մի քանի խոշոր քաղաքային համայնքների ընտրություններ, այդ թվում՝ Վանաձոր, Ստեփանավան եւ Տաշիր: Ալավերդի, Սպիտակ համայնքներում արդեն արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել, եւ այդ քաղաքային համայնքներում չենք ունենա ընտրություններ: Քաղաքային համայնքներից ընտրություններ կլինեն նաեւ Ախթալա եւ Շամլուխ համայնքներում:
-Իսկ Դուք արդեն որոշե՞լ եք, թե ում եք սատարելու:
-Դեռ վաղ է այդ մասին խոսել, բայց, բնականաբար, ես՝ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար… իհարկե, մեր կուսակցությունն իր հայտարարությունը դեռ կանի թեկնածուների մասով:
-Պարո՛ն Նալբանդյան, տեսակետ կա, որ իշխող ՀՀԿ-ն փորձում է նոր դեմքեր առաջ բերել առաջիկա ընտրությունների ժամանակ: Կոնկրետ Ձեր մարզում այդպե՞ս է:
-Չի բացառվում: Իհարկե, համայնքներում լրիվ նոր մարդկանց պետք է սատարենք:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյան
-Պարո՛ն Սիմոնյան, աշնանը Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում եւ Շիրակում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ի՞նչ պատկեր է այժմ Շիրակի մարզում:
-Ամենախոշորը Գյումրի քաղաքում է տեղի ունենալու, մյուս ընտրություններից Գյումրին եւ Վանաձորը տարբերվում են, քանի որ համամասնական ընտրակարգով են իրականացվելու այս երկու քաղաքներում ընտրությունները, ունենք նաեւ ընտրություններ Արթիկ, Ախուրյան քաղաքներում: Գյուղական 53 համայնքներում գնալու է համայքի ղեկավարի եւ ավագանու ընտրություն, իսկ Գյումրի քաղաքում լինելու է ավագանու ընտրություն: Որոշումներն արդեն կայացրել ենք, տեղի են ունենալու այդ ընտրությունները հոկտեմբերի 2-ին:
-Իսկ Դուք արդեն հստակեցրե՞լ եք, թե ում եք սատարելու:
-Իհարկե, դեռեւս ոչ: Կուսակցությունն ինքը կորոշի, կհրապարակի: Գյումրու ավագանու ընտրություններում մենք մասնակցելու ենք մեր ցուցակով: Ցուցակը գլխավորելու է Կուրինյան Աշոտը, այդ որոշումն ունի մեր կուսակցությունը, իսկ, այ, մյուս համայնքների հետ կապված որոշումը կկայացնեն, կհրապարակենք:
-Կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ իշխող ՀՀԿ-ն ցանկանում է ընտրությունների ժամանակ նոր դեմքեր առաջ բերել:
-Չեմ կարող ասել, ընդհանրապես կուսակցությունը ինքն է որոշում, թե ում առաջադրել: Չեմ կարծում, եթե այսօր հին դեմքը արժանի է առաջադրվելու, անպայման պետք է գնանք, առաջադրենք նորին, որն, ասենք, կարող է՝ այդ հնարավորությունները չունի: Երեւի ավելի շատ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է ուսումնասիրում… անկախ ամեն ինչից՝ նոր է, հին է, պետք է ընտրի այն ընկերոջը, կուսակցական անձին կամ այն թեկնածուին, որը գտնում է՝ անցնող կլինի: Չեմ կարծում, որ սրան ինչ-որ հատուկ մոտեցում կա: Առաջին հերթին փորձում են ներկայացնել այն մարդկանց, ովքեր որ հնարավորություն ունեն ընտրվելու: Դրանք կարող են լինել ե՛ւ հինը, ե՛ւ նորը:

 

 

 

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյան
-Պարո՛ն Գյոզալյան, կներկայացնեք, թե ինչ պատկեր է Արագածոտնի մարզում առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:
-Մի քիչ վաղ է այդ հարցով խոսելը, հիմա ընտրական տեղամասերի խնդիրներն ենք լուծում, ուրիշ ոչ մի բան չկա: Դեռ առաջադրում չկա: 70 համայնքներում են տեղի ունենալու ընտրություններ:
-Իսկ Դուք որոշե՞լ եք՝ ում եք սատարելու:
-Չէ, չէ, դեռ շուտ է:
-Պարո՛ն Գյոզալյան, տեսակետ կա, որ իշխող ՀՀԿ-ն փորձում է նոր դեմքեր առաջ բերել՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:
-Գիտեք ինչ, լավն էլ կա, վատն էլ կա, ընդհանուր ազգաբնակչությունն է որոշում լավն ու վատը: Եթե գյուղը հակված է հնին պաշտպանելու, բնական է՝ այդ մարդը անցնում է: Իմ մոտեցումը հետեւյալն է. ես լավի, լավ աշխատողի կողմնակիցն եմ, կլինի նոր, թե հին:

 

 

 
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՉԿԱ ՄԵԿԸ, ՈՐ ՉԻ ԸՆՏՐՎԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ»

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական ուժեր սկսել են ակտիվանալ` քայլեր անելով այլ ուժերի հետ համագործակցության ուղղությամբ կամ էլ ուժեղացնելով սեփական կառույցները: Սակայն կան շատ կուսակցություններ, որոնք դեռեւս պասիվություն են ցուցաբերում, եւ հայտնի չէ՝ մասնակցելու են արդյոք խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, անդրադառնալով կուսակցության առաջիկա ծրագրերին, ասաց. «Որոշակի քննարկումներ գործընկերների հետ անում ենք, տարբեր կարծիքներ կան: Կան պնդումներ ու համոզմունքներ, որ ընտրությունները, բացառվում է, չկեղծվեն, ընտրվել հնարավոր է միայն այն դեպքում, եթե դառնաս Վենետիկի հանձնաժողովի եւ Սերժ Սարգսյանի հաճախորդը, այլ տարբերակ չկա: Եթե նույնիսկ ամբողջ ժողովուրդը կանգնի, քաղաքական ուժին ձայն տա, միեւնույն է՝ նա 5 տոկոս չի հավաքի: Եթե այս ընտրություններից հետո մենք մասնակցել ենք ու 5 տոկոսը հաղթահարել, ուրեմն իմացեք, որ մասնավորապես ես Սերժ Սարգսյանի հաճախորդն եմ: Այսօրվա Ազգային ժողովում չկա մեկը, որը չի ընտրվել Սերժ Սարգսյանի որոշմամբ»:
Ս. Գիմիշյանի կարծիքով՝ այս ամենից հետո ընտրություններին մասնակցելը անիմաստ է դառնում: «Սրանից պետք է բխի չմասնակցելը, որովհետեւ անիմաստ է: Կամ մասնակցել, եթե հարցերը լուծել ես այն ուժերի հետ, որոնք կառավարում են ընտրական պրոցեսը, որոշում՝ ընտրությունները կայացել է, թե չի կայացել, լեգիտիմ է, թե չէ, օրինական է, թե չէ: Մեր բոլոր կեղծված ընտրություններում նրանք որոշել են, որ թերությունններ կան, բայց մի քայլ առաջ է»:
Այդուհանդերձ, Գիմիշյանը նկատեց, որ նշված խնդիրների լուծման դեպքում գուցե եւ իրենք մասնակցեն ընտրություններին. «Գուցե մասնակցենք՝ մի նպատակ ունենալով, որ կարողանանք ժողովրդին ներկայացնել այս Սահմանադրությունից բխող, Եվրոպայից մեր վզին փաթաթվող հանդուրժողականության եւ այլասերման օրենսդրությունը»:
Հարցին, թե ընտրություններին մասնակցելու դեպքում քաղաքական ո՞ր ուժերի հետ պատրաստ կլինեք դաշինք կազմել, Գիմիշյանը պատասխանեց. «Մենք Հայաստան ժողովրդական նախաձեռնությունն ենք արդեն 4 տարի, մի քանի կուսակցություն կա, մի քանի հասարակական կազմակերպություն, տարբեր հոսանքներ, մարդկային խմբեր, 4 տարի է՝ «Հայկ» ծրագիրն ենք մշակում, որոշ հաջողություններ ունենք: Այնպես որ, մենակ չեմ, որ որոշեմ ում հետ»:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության անցած նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց սոցփաթեթներից հանգստի բաղադրիչի գործունեությունը կասեցնել: Այդ ժամանակ հայտարարվեց, որ սոցփաթեթների այդ բաղադրիչի օգտագործման գործում ինչ-որ չարաշահումներ են հայտնաբերվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մասնավորապես բացահայտվել է, որ բաց մրցույթով հաղթած մոտ 68 տուրիստական կազմակերպություն սոցփաթեթների շրջանակներում կազմակերպել է պետական ծառայողների հանգիստը: Նրանք գումարը ստացել են պետբյուջեից, բայց հյուրանոցներին չեն փոխանցել: Շատ դեպքերում գումարներն անհետացել են: Չի բացառվում, որ որոշ դեպքերում էլ այդ գումարների մի մասը տուրիստական գործակալությունները կանխիկ վերադարձրել են պետական ծառայողներին` մասնաբաժին պահելով:

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԻՆ ՓՈԽԵԼ ԵՆ
Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատախազը փոխվել է: Գրել էինք, որ ծննդկանի մահվան գործով դատախազը Ալիկ Աբրահամյանն է, որի հայրը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանն է: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել էր՝ երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մերի Մարգարյանի գործով առաջին դատական նիստը, մեղադրանքը դատարանում ներկայացրեց մեկ այլ դատախազ՝ Արա Մնացականյանը: Իսկ երբ փորձեցինք պարզել, թե ինչու Ալիկ Աբրահամյանը չի ներկայացել դատարան, պարզվեց, որ նա այլ պաշտոնի է նշանակվել, եւ այդ պատճառով էլ այս գործով մեղադրողը փոխվել է, ու գործը հանձնարարվել է Արա Մնացականյանին:

 

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ
Այս տարվա հունիսի 11-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի հարազատները պնդում են, թե նրա դեմ չարաշահումների մասով հարուցված քրեական գործն անհիմն է: Գրել էինք, որ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը, որը այս տարվա մարտի 15-ին 5 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է, քննիչներին պատմել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիկնազորի ղեկավար Սերգեյ Հայրապետովն անձամբ է իրեն հայհոյել, հարվածել եւ սպառնալով ստիպել Սամվել Խաչատրյանի դեմ ցուցմունք տալ: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչական շենքի տարածքում: Այս փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ էր հարուցվել: Իսկ ավելի ուշ քննիչ Մանվել Ադամյանը որոշել էր հանցակազմի բացակայության հիմքով այն կարճել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննիչի որոշումը դատական կարգով բողոքարկվել է:




Լրահոս