«ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌՋԵՎԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս մի խումբ մտավորականներ դիմեցին «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Ժիրայր Սէֆիլյանին՝ կոչ անելով կանխել Երեւանում զինված միջադեպի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով իր համակիրներին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։ Այս բաց նամակը հանրության եւ մտավորականության մեկ այլ զանգվածի շրջանում արժանացավ բուռն քննադատությունների: Նշյալ հորդորին հետեւեց գրողների ու արվեստագետների մեկ այլ խմբի հայտարարություն, որտեղ նշվում է, որ եթե հանցագործություն է եղել, ապա պատասխանատուներին հարկավոր է փնտրել քաղաքական համակարգում` ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների, նաեւ հանրային դերակատարում ունեցող կազմակերպությունների ու անհատների շրջանում: Բաց նամակում կա պահանջ` կոնֆլիկտը լուծել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: «Ժողովուրդ»-ը ազգի համար նման կարեւորագույն պահերին մտավորականի դերի, ստեղծված իրավիճակի մասին զրուցել է երիտասարդ բանաստեղծ Դավիթ Մշեցու հետ, ով, ի դեպ, ապրիլյան պատերազմի առաջին օրվանից կանգնած էր հայ դիրքապահների կողքին:

-Դավի՛թ, մտավորականի գործառույթը, ըստ Ձեզ, այս իրավիճակում ո՞րը պետք է լինի:
-Ես միշտ ասել եմ, որ մտավորականը ժողովրդի սոցիալական, ազգային, քաղաքական հարցերով զբաղվող մարդն է: Իսկ մենք հետանկախության շրջանում մտավորական չենք ունեցել, թեեւ խոնարհվում եմ արվեստագետներից շատերի ստեղծած արժեքների առջեւ: Ամեն մեկը քաշվել է մի կողմ: Թուրքական առածն ասում է` արդարանալու հնար գտեք, կուզեք` մեջլիսից խալի գողացեք. հիմա նրանցից ամեն մեկը մի պատրվակ գտավ` դառնալով պալատական երգիչ կամ պարզապես լռեց: Հիմա որ ասում ենք` գնանք, մեր ձայնը բարձրացնենք այս կամ այն հարցի շուրջ, հակադարձում են, թե` Ռազմիկ Դավոյանի պես տղեն ձայն չի հանում, ուրեմն մեր ձայնը իրենինից արժեքավո՞ր է: Այսինքն` արվեստագետի տեսակի մեջ կնիկականություն մտցրին. նա դարձավ ծախվող, գործարքի մեջ մտնող: Այնինչ՝ մտավորականը ցանկացած դեպքում պետք է քայլի ժողովրդի առջեւից, այսինքն` պետք է նրան առաջնորդի: Իսկ մեր «մտավորականությունն» ասում է` ժողովուրդը մեր ետեւից չի գալիս: Ախր դուք այնքան եք ժողովրդին հուսախաբ արել, որ բնական է` այդպես պետք է լինի: Բացի այդ` դուք բարի եղեք, նրա առջեւից գնացեք, եթե ժողովուրդը ձեզ չհետեւի, կասեք` հերն էլ անիծած, չեկավ: Բայց դուք նստել եք տներում, իշխանության կերակրատաշտակից սնվում եք, ուզում եք, որ ժողովուրդը ձեր ետեւից գա: Չարենցն ու Սիամանթոն արյուն տվեցին, զոհվեցին, որ իրենց հետեւից գաք, էսպես պահե՞ք ձեզ: Էն էլ նրանք Սերժ Սարգսյանի դեմ չէին ելել, այլ Ստալինի. հաշվի առեք սա:
-Ամեն դեպքում պետք է նկատել, որ Ժ. Սէֆիլյանին դիմած մտավորականների խմբում կան այնպիսիք, որոնք մեծ ներդրում ունեն մեր մշակույթում:
-Ես խոնարհվում եմ Պերճ Զեյթունցյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների, Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ»-ի առջեւ, բայց գիտե՞ք, թե հիմա ինչ տպավորություն ունեմ. պատկերացրեք` Քրիստոսի քարոզից հետո Պողոս առաքյալը տեսնի, թե ոնց է նա մարդ սպանում ու մաշկում: Հիմա ես այդ վիճակում եմ:
-Դուք, կարծես, ակտիվ կերպով մասնակցում եք Խորենացի փողոցում անցկացվող բողոքի ակցիային: Ի՞նչ տպավորություններ եւ ակնկալիքներ ունեք:
-Այո, մասնակցում եմ, բայց անկեղծ կլինեմ` հուլիսի 20-ի գիշերը այնտեղ, մեղմ ասած, շատ վատ մասսա էր հավաքվել, որպիսին ինձ երբեւէ չէր հանդիպել: Ավելի քան համոզված եմ, որ դա իշխանական պրոեկտ էր:
-Նկատի ունեք սադրիչների՞ն:
-Սադրիչները մի կողմ, հավաքվածների մի զգալի հատված կազմում էին քաղաքացիական հագուստներով ոստիկանները, մյուս մասը տականք մասսա էր: Շշերով ու քարերով հարձակում, հայհոյանքների հնչեցում… Ամեն բան անում էին, որ ոստիկանությունը հարձակվեր: Այդ կերպ նրանք տղերքի պատվի հետ էին խաղում (նկատի ունի «Սասնա ծռեր» խմբի անդամներին-հեղ.):
-Դավի՛թ, իրավիճակի հանգուցալուծումը որտե՞ղ եք տեսնում:
-Ես Հայաստանի փրկության միայն մի ելք եմ տեսնում` ժողովրդի ոտքի ելնելը: Ում հետ խոսում ես` ասում է` մի լուրջ բան լիներ, ոտքի կանգնեինք, ինչ-որ բան փոխեինք: Սրանից ավելի լուրջ բան հնարավոր չէր, որ լիներ, բայց փաստացի տեսանք, որ այդ մարդիկ դուրս չեկան փողոց: Եթե 40-50 հազար մարդ իր անհնազանդությունը հայտնի, ամեն բան կընկնի տեղը: Քանի երեխան չի լացում, նրան կաթ չեն տալիս: Ժողովուրդը պետք է սովորի ոչ թե կառավարվել, այլ կառավարել, այդ դեպքում իշխանությունը կհասկանա, որ նա պահանջատեր է: Այլապես արյուն էլ թափվի, հերոսներ էլ մեռնեն, ոչ մի բան չի փոխվի. պատը կմնա պատ, կպակասի մի նոր ճակատ:

 

 

 
«ԵՐԿՐԻ ՎԻՃԱԿԻՑ ՄԱՐԴՈՒ ՀԱՎԵՍԸ ՓԱԽԵԼ Է»

Երգիչ Վարդան Բադալյանի համար այս ամառն ամենեւին էլ բուռն ստեղծագործական մթնոլորտում չի անցնում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ պասիվանալու պատճառը տրամադրության անկումն է. «Երկրի վիճակից մարդու հավեսը փախել է»,-դժգոհեց երգիչը:

Այնուամենայնիվ, կան նոր երգեր, որոնք առաջիկայում կթողարկվեն: Դրանցից մեկը, օրինակ, Ղարաբաղի մասին է, այն Վարդանի համար գրել է Արա Գեւորգյանը` բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խոսքերի հիման վրա: Վարդանն այժմ իր ուշադրության կենտրոնում է պահում ժողովրդական, գուսանական հին երգերը: Եթե շատ երգիչ-երգչուհիներ էկրաններից անորակ արտադրանք մատուցելու միտումը պատճառաբանում են համապատասխան պահանջարկի առկայությամբ, ապա Վարդանը, կարծես, գտել է արժեքավորը կոմերցիոնից զատելու ելքը. «Էկրանին երեւալու համար ես ընտրել եմ աշուղական, գուսանական երգերը, իսկ ահա կոորպորատիվների համար ունեմ այլ ժանրի երգեր, որոնք կատարում եմ, օրինակ` ռեստորաններում: Բայց եթե հեռուստացույցը միացնում ես, եւ ռեստորանն «այցելում է» ձեր տուն, դա արդեն շատ վատ է, ես դրան կողմնակից չեմ»,-մեկնաբանեց նա:
Վարդանի համոզմամբ` որակյալ երաժշտություն մատուցելու համար ելք միշտ էլ կա. «Պարզ է, որ լավ երգը քչերն են սիրում, բայց երգիչը հնարավորություն ունի ընտրելու այդ քչերին: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ամեն մեկն իր նպատակն ունի, բայց ո՞նց կարող ենք մենք ունենալ Կոմիտաս, եւ թուրքից բան գողանանք. դա ամոթ է»,-ասաց նա:
Ի դեպ, Վարդանը վերջերս է վերադարձել Ստամբուլում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած հյուրախաղերից: Ինչ վերաբերում է Հայաստանում համերգ ունենալուն, նա նկատեց. «Համերգային դաշտում նախկին ակտիվությունը մեզ մոտ այլեւս չկա: Երկրի սոցիալ-քաղաքական խառը վիճակն անմիջականորեն ազդում է այդ դաշտի գործունեության վրա»:
Ամեն դեպքում, Վարդանը պատմեց, որ դեռեւս ապրիլին մտադիր է եղել Ստեփանակերտում հանդես գալ մենահամերգով, սակայն ապրիլյան պատերազմը խառնել է բոլոր պլանները, եւ համերգն անորոշ ժամանակով հետաձգվել է: Իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում չի բացառվում, որ այն կայանա աշնանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԹԵՅԼՈՐ ՍՎԻՖԹ VS ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ
Երգչուհի Թեյլոր Սվիֆթի եւ Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ ամուսինների պայքարն իր հետ նոր զարգացումներ է բերում: Հարձակման է ենթարկվել Թեյլորի՝ Wikipedia-ում բացված էջը, որտեղ փոփոխություններ են կատարվել։ «Հիմնական տեղեկություններ» բաժնում նրա անվան դիմաց հաքերները գրել են «Սողացող օձ Բեքի՝ ստելու լավ ունակությամբ»: «Այլ անուններ, որոնցով հայտնի է երգչուհին» բաժնում հայտնվել է «Ռեջինա Ջորջ» եւ «զոհ» բառերը։ Իսկ կենսագրական հատվածում Թեյլորին նկարագրել են որպես երգչուհի, որին «Հաջողակ կին գործարար Քիմ Քարդաշյանը հասցրել է մինչեւ գերեզման»։
Նշենք, որ Wikipedia-ն արդեն ուղղել է սխալները։
Հիշեցնենք, որ վերջերս Քիմ Քարդաշյանը իր Snapchat-ում հրապարակեց ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը` Famous երգի վերաբերյալ: Քանյեն իր նոր երգում Թեյլոր Սվիֆթին անվանել էր «պոռնիկ», ինչը վրդովեցրել էր երգչուհուն: Այնինչ՝ Քիմը պնդում է, որ Թեյլորը նախապես տեղեկացված էր երգի մասին ու հիմա ներկայանում է զոհի դերում: Թեյլորի փաստաբանները պահանջում են ոչնչացնել ձայնագրությունը` սպառնալով դատի տալ, մինչդեռ Քալիֆորնիա նահանգի օրենքը Քանյեի եւ Քիմի կողմից է:

 

 

«ՍԵՎ ԴԱՎԻԹԸ»
Իտալական Ֆլորենցիա քաղաքում տեղադրվել է Վերածննդի շրջանի ամենահայտնի գլուխգործոցներից մեկի` Միքելանջելոյի Դավթի արձանի սեւ տարբերակը, որը ստացել է «Սեւ Դավիթ» անվանումը, Italia-ru.com-ի փոխանցմամբ` մարմարե հայտնի արձանի կրկնօրինակը տեղադրվել է Հանրապետության հրապարակում` ի նշան հուլիսի 14-ին Նիցցայում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության զոհերի հիշատակի:

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ 8 ՐՈՊԵՈՒՄ
Ամերիկացի մոդել, ռեալիթի շոուների աստղ Քայլի Ջենները սոցցանցերի՝ 100 միլիոնի հասնող բաժանորդների ընդհանուր քանակով իր էջերում հայտնել էր, որ համացանցում վաճառքի է դրվել իր սեփական արտադրության շրթունքի երկու փայլ` Kristen and Maliboo անվանումներով: Դրանից ընդամենը 8 րոպե անց մեր հայրենակից Քիմ Քարդաշյանի քույրը հայտարարել է, որ ամբողջ արտադրանքը վաճառվել է: Նա խոստացել է, որ ուրբաթ օրը համացանցում վաճառքի կհանվի նոր խմբաքանակ:




Լրահոս