ԲԱ ԷԼ ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի՝ հոկտեմբերի 12-ին, լրացավ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 85-ամյակը (իհարկե, Ջ. Գասպարյանը նշում է, որ իրականում ծնվել է հոկտեմբերի 8-ին, սակայն անձնագրում 12-ն է նշված)։ Հայաստանում դեռեւս պաշտոնապես, հանդիսավոր ձեւով չի նշվել այդ հոբելյանը, իսկ ահա Մոսկվայում, ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 20-ին պետք  է կայանար սիրված երաժշտի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգը։
«Ժողովուրդ»-ը դիմեց պարոն Գասպարյանին՝ տեղեկանալու, թե երբ եւ որտեղ են կայանալու նրա համերգները։ Պարզեցինք, որ նոյեմբերի 20-ին ամեն դեպքում կկայանա համերգը, սակայն ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Իսկ ահա Մոսկվայում համերգները կկայանան դեկտեմբերի 19-ին եւ 21-ին։ Մամուլում եղել էին հրապարակումներ, որոնց համաձայն` նոյեմբերի 20-ին կայանալիք համերգին պետք է մասնակցեր նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը… Սակայն հետո պարզվել էր, որ Շ. Ազնավուրը դժվար թե կարողանա մասնակցել առողջական խնդիրների պատճառով։ Պարոն Գասպարյանը եւս նշեց, որ շանսոնյեն չի մասնակցի համերգին առողջական խնդիրների պատճառով։ Մենք նաեւ տեղեկացանք, որ արդեն եկող տարի մաեստրոն նախատեսում է մի քանի համերգներով հանդես գալ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում։ Այդ համերգները լինելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում։
Իսկ ինչ վերաբերում է ծննդյան 85-ամյակը Հայաստանում հանդիսավոր պայմաններում նշելուն, ապա դուդուկահարն այդ մասին ոչինչ չգիտի եւ խորհուրդ տվեց այդ հարցով դիմել համապատասխան մարդկանց։
Մենք կփորձենք պարզել եւ ընթերցողին ներկայացնել, թե Ջիվան Գասպարյանի հոբելյանը նշելու ինչպիսի ծրագրեր ունեն ՀՀ մշակույթի նախարարությունն ու կառավարությունը։ Եվ եթե պարզենք, որ աշխարհահռչակ դուդուկահարի հոբելյանը չեն նշում, բնական հարց կառաջանա՝ լավ, բա էլ ինչո՞վ են զբաղված։

Ռ. Թ.




Լրահոս