ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվյալ տարվա մեջ քանի՞ օր պետք է բնակվի ՀՀ տարածքում, որպեսզի համարվի ՀՀ-ում մշտական բնակվող անձ:

Արմեն Սահակյան (30 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրը համարվում է այն տեղը, որտեղ նա առավելապես կամ մշտապես բնակվում է: Նման ձեւակերպում չկա, թե տարվա քանի օրը պետք է բնակվես Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի համարվես ՀՀ-ում մշտական բնակվող անձ: Իսկ ինչ վերաբերվում է օտարերկրացիներին, ապա նշեմ, որ նրանց համար գոյություն ունի մշտական կացության կարգավիճակ, որը սահմանում է հինգ տարվա կացության կարգավիճակ:

ՀՀ ոստիկանության եւ անձնագրային
վարչության պետ Նորայր Մուրադխանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով ստացված տվյալների համաձայն՝ սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղեւորաշրջանառության համախառն ծավալը 2013թ. հունվար-մարտին կազմել է 826,7 հազար: Ստացված տեղեկատվության համաձայն՝ 2013թ. հունվար-մարտին ՀՀ սահմանային անցակետերով արտաքին ուղեւորաշրջանառությանը մասնակցել է 657 հազար 45 մարդ՝ 2012թ. հունվար-մարտի 524 հազար 914 մարդու համեմատ: Այդ թվում՝ Հայաստան է ժամանել 155 հազար 502 ՀՀ քաղաքացի, մեկնել՝ 188 հազար 76-ը: Ստացվում է, որ ժամանողների եւ մեկնողների հաշվեկշիռը բացասական է՝ -32 հազար 574: 2012թ. առաջին երեք ամիսներին ժամանել է 134 հազար 291 ՀՀ քաղաքացի, մեկնել՝ 157 հազար 150-ը, բացասական հաշվեկշիռը -22 հազար 859 է:




Լրահոս