ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՇԱՆ ՉԿԱ
Ադրբեջանական զինուժի գնդակոծության հետեւանքով հոկտեմբերի 22-ից մինչ օրս փակ է Իջեւան-Բերդ հիմնական ճանապարհը: Գործում է շրջանցիկ՝ Իջեւան-Գանձաքար-Նավուր-Բերդ ճանապարհը, որը թեեւ ավելի կարճ է, սակայն անհարթ է, անբարեկարգ: Մ4 միջպետական ճանապարհի վրա կա համապատասխան նշան, որը ցույց է տալիս դեպի Բերդ քաղաք տանող ուղղությունը: Այդ նշանից հետո թեքվելով աջ` մեքենաները հայտնվում են Տավուշի մարզպետարանի շենքի առաջ գտնվող Սահմանադրության հրապարակում, որտեղ շրջանաձեւ երթեւեկություն է: Այնտեղ ճանապարհային նշանի բացակայության պատճառով Բերդ մեկնողները շատ դեպքերում մոլորվում են եւ շեղվում ճանապարհից: Եթե ցերեկային ժամերին կարելի է անցորդներից ճշտել Բերդ տանող ճանապարհը, ապա գիշերային ժամերին դա անհնար է: Անհրաժեշտ է Իջեւանի Սահմանադրության հրապարակում տեղադրել համապատասխան նշան, քանի որ վարորդներն անտեղի տանջվում են՝ պատահական մարդկանց հարցնելով Բերդ տանող շրջանցիկ ճանապարհը:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՋՈՒՐԸ
««Դիլիջան» հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Դանիելյանին հարցրինք, թե ինչու իրենց արտադրած հանքային ջուրը հասանելի չէ Տավուշի մարզի բնակիչներին, այն վաճառվում է միայն Դիլիջան քաղաքում եւ Դիլիջանի շրջանում: Վ. Դանիելյանն ասաց, որ իրենց արտադրանքը մարզում չվաճառելը կապված է համապատասխան առաքիչի բացակայության հետ: Նշենք, որ այդ գործարանի 3 սեփականատերերից մեկն ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանն է: Ադրբեջանի հիմնական հարստությունը նավթն է: Դրա հանույթից եւ վաճառքից ստացվող գումարները մտնում են պետական բյուջե, այդ փողերով պետական զանազան ծրագրեր են իրականացվում: Իսկ Տավուշի մարզի բնակիչները զրկված են ոչ միայն մարզի բնական ռեսուրսի` հանքային ջրի իրացումից ստացված եկամուտների մասնաբաժնից, այլեւ նույնիսկ այդ ջուրը խմելու հնարավորությունից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս