ԼՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան ավարտի մոտենալուն պես կրկին ակտիվանում են Արցախի հարցի կարգավորման շուրջ խոսակցությունները: Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցին հաջորդեց հարաբերական դադարի շրջափուլը, որը մեկնարկեց տարածքային զիջումներ չանելու մասին աղոտ տեղեկություններով: Սակայն Պուտինի դիմաց Սարգսյանը խոսել էր պայմանավորվածությունների կատարման հարցում Հայաստանի «պատրաստակամության» մասին, ինչը, եղած տեղեկատվության համատեքստում, այնքան էլ դրական հետեւանքներ չի խոստանում: Հարկ է, սակայն, այս ամենի առնչությամբ առաջնահերթորեն դիտարկել ԼՂ-ի իշխանությունների կեցվածքի հիմնահարցը:

Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ հարաբերությունները 1990-ական թթ. սկզբին բավականին լարված էին՝ պայմանավորված առաջին հերթին ԼՂ-ում ՀՀՇ-ՀՅԴ դիմակայությամբ: Աստիճանաբար ՀՀՇ-ի տեղական ցանցը, ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանը բնորոշում էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված արցախցիներին, կարողացավ ԼՂ-ում իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Ռազմական գործողությունների հաջողությանը նպաստած այդ կարեւորագույն գործոնը, սակայն, ինչպես հայտնի է, խիստ բացասաբար ազդեց Հայաստանի քաղաքական կյանքի զարգացման վրա՝ հանձին ԼՂ-ի իշխանական ընտրանու՝ հայաստանյան վերնախավի փոխակերպման արարների: Կարելի է ասել, մինչեւ Քոչարյանի՝ ՀՀ վարչապետ դառնալը, Արցախի քաղաքական ղեկավարությունը ՀՀ իշխանությունների հետ համագործակցողի կարգավիճակ ուներ, որին որոշումներ պարտադրելը հարաբերականորեն բարդ գործ էր: Իսկ արդեն 1998թ. պալատական հեղաշրջման շրջանում Արցախի իշխանություններն առյուծ էին կտրել, եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը համարձակվում էր հրապարակայնորեն ՀՀ նախագահի հասցեին նախատինքի խոսքեր հնչեցնել հակամարտության կարգավորման լուծման ընտրված տարբերակների առթիվ: Անշուշտ, Ա. Ղուկասյանի՝ այն ժամանակվա «հերոսացումները» պայմանավորված էին բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարության ներսում «հայտնի ուժերի» ոչ այնքան ծածուկ աջակցությամբ: Բայց եւ այնպես, բավական էր Հայաստանում Քոչարյանը դառնար նախագահ, որ Արցախը ոչ միայն դուրս մղվեր բանակցային գործընթացից, այլեւ նրա քաղաքական ղեկավարությունն ու վերջինիս կեցվածքը վերածվեին հակամարտության լուծման վրա ազդեցություն ունեցած անհամարժեք գործոնի:
1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ Քոչարյանը դարձավ ներքին ու արտաքին քաղաքականությունը որոշող «միակ տղամարդը», Արցախի իշխանությունները հոգեկան հանգստություն ձեռք բերեցին: Այլեւս Արցախի հարցը մեկ մարդու մտահոգության առարկան դարձավ՝ վերածվելով ներքաղաքական շահարկման «եւ արտաքին լեգիտիմության հաջող գործոնի: Տարիների հեռվից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արցախի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հաշտվեցին արտաքին ուժային կենտրոնների հետ անմիջականորեն հարաբերվելու ծանր բեռից ազատվելու փաստին: Նրանց համար նախըտրելի էր հարցը քննարկել համերկրացի Քոչարյանի հետ, քան ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ հատկապես Ադրբեջանի դիվանագետների հետ՝ առանց գիտակցելու, որ հենց նրանց հետ ուղղակի բանակցություններն են հակամարտության իրական լուծման բանալին, այլ ոչ թե այն, ինչ Քոչարյանն էր իրենց փոխանցում: Աստիճանաբար ԼՂ-ի իշխանությունները ընտելացան այդ կացութաձեւին: Բնականաբար, 18 տարին հսկայական ժամանակ է, որպեսզի քաղաքական իրողությունները ավանդույթի վերածվեն եւ ԼՂ-ի վերնախավի պասիվ կեցվածքը հենց այդպիսի տխուր զարգացման արդյունք դարձավ: Հետաքրքիր է, որ ԼՂ-ի ղեկավարության՝ վճռորոշ գործոն չլինելը չափազանց լավ պատկերացնում էին նաեւ միջազգային խաղացողները, ինչպիսի փաստական վկայություն է 2006թ. փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի հեղինակած զեկուցագիրը: Ամերիկացի դիվանագետը ԼՂ-ի ղեկավարության մեկնաբանությունները համարում էր «Երեւանում կայացված որոշման վրա որեւէ ազդեցություն չունեցող, լոկ հակամարտության լուծումը ձգձգող մասնակի պատրվակ»:
Նույնօրինակ ավանդույթները շարունակվեցին նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Այս անգամ, սակայն, նույնիսկ ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը, որը դարձավ հակամատրության կարգավորման փաստաթղթային ծրարում առաջին փաստաթուղթը, որի ներքո բացակայում է ԼՂ ներկայացուցչի ստորագրությունը: Սա անմիջական հետեւանքն էր 2008թ. նախագահական ընտրությունների խայտառակության, որ պիտի իր առարկայական տեսքը ստանար ԼՂ-ն նաեւ իրավաբանորեն բանակցություններից դուրս թողնելու գործողությամբ: Եվ ԼՂ-ի ղեկավարության՝ նույնիսկ ակամա ներգրավվումը Մարտի 1-ին անխուսափելիորեն նման մի աղետի պիտի հանգեցներ: Սակայն արցախյան ղեկավարության ամորֆ կեցվածքի ամենահուժկու դրսեւորումը եղավ ապրիլյան պատերազմի վերջին օրը, երբ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԳՇ պետերի պայմանավորվածությամբ Արցախում ռազմական գործողությունները վայրկենապես դադարեցվեցին՝ առանց հաշվի առնելու ԼՂ-ի ղեկավարության կարծիքը: Փաստացիորեն արձանագրվեց, որ քաղաքական ենթարկվածությունն այլեւս վերաճել է ռազմական հպատակության, երբ սեփական Սահմանադրության մեջ անքակտելի համարվող տարածքներից 800 հա կորցրած ԼՂ իշխանությունները Երեւանի հրամանով դադարեցնում են հակահարձակումը: Եվ խնդիրն այստեղ ո՛չ այդ հողերի ամայի լինելն է, ո՛չ էլ անիմաստ զոհեր չտալու մղումը: Փաստ է, որ ռազմական հակահարձակումը կասեցվել է քաղաքական որոշմամբ՝ ՀՀ իշխանությունների հրահանգով:
Այսօր բանակցային գերակտիվ գործընթացի համատեքստում ԼՂ իշխանությունները կրկին լռում են: Արցախի ԱԳ նախարարը հայտարարում է, որ հողեր տալու մասին խոսկացություններն անիմաստ են, իսկ ԼՂ նախագահի մամլո խոսնակը թեման ընդհանրապես անլուրջ է համարում: Սա այն դեպքում, երբ ողջ աշխարհն է խոսում հակամարտության շրջանակային համաձայնագրով առաջնահերթորեն առնվազն 5 շրջան վերադարձնելու մասին: Ռոբերտ Քոչարյանը դեռ 2006թ. Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում ասում էր, որ բացի Լաչինի նեղ միջանցքից՝ մեզ մնացած հողերը պետք չեն, իսկ 2011թ. Կազանում Սերժ Սարգսյանն իր իսկ խոստովանությամբ պատրաստ էր զիջել 5 շրջան: Այսպիսի հրապարակային ինքնախոստովանական մերկացումներից հետո ինչպե՞ս է վայել ԼՂ ղեկավարությանը լռություն պահպանել: Ի վերջո, ե՞րբ պիտի ԼՂ-ի իշխանությունները պաշտոնապես եւ հստակորեն պատասխանեն, թե ինչպես են վերաբերվում առնվազն 5 շրջանների վերադարձին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԶԳԱԿԱՆԸ ԿՎԵՐԸՆՏՐՎԻ՞

ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղում սեպտեմբերի 18-ին տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Մխչյանի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Խաչիկ Պողոսյանը եւ անկուսակցական Ռոբերտ Նիկողոսյանը:

Նշենք, որ Մխչյան գյուղը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրն է, իսկ գործող գյուղապետ Խաչիկ Պողոսյանը նրա ազգականն է:
-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ կամ ո՞ւմ միջոցներով եք պայքարելու գյուղապետի պաշտոնի համար:
-Արդար, օրենքով սահմանված կարգով:
-Փող չե՞ք բաժանելու, որ ընտրեն Ձեզ:
-Նմանատիպ հարցերը պատշաճ չեն:
-Սովորաբար ընտրություններին փող են բաժանում, որ ձայն հավաքեն:
-Դուք այդպես եք ընտրության մասնակցում…
-Իսկ Ձեր ազգականը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այս ընտրություններին օգնելո՞ւ է Ձեզ, որ վերընտրվեք:
-Խնդրում եմ, եթե ընտրությանը վերաբերող հարցեր կան, դրանք տվեք… Խնդրում եմ Ձեզ, վարչապետի գործոնը մի՛ շահարկեք:
-Այդ հարցն էլ է ընտրությանը վերաբերում…
-Անձնական հարցեր մի՛ տվեք:
-Ինչպե՞ս եք համոզելու բնակիչներին, որ Ձեզ ընտրեն:
-Դե, այս 4 տարիներին կատարած աշխատանքը իր արդյունքը կտա:
-Ի՞նչ եք արել գյուղի համար:
-Դա բնակիչները կասեն, որ անհամեստություն չթվա:
-Դուք՝ որպես գյուղապետ, չեք ցանկանո՞ւմ նշել, թե ինչ եք արել գյուղի համար:
-Չէ, չեմ ցանկանում:
-Գուցե՞ ոչինչ չեք արել…
-Եթե չեմ ուզում նշել, դա չի նշանակում, որ ոչինչ չեմ արել:
-Դուք մեկ մրցակից ունեք՝ Ռոբերտ Նիկողոսյանը… Ինչ ակնկալիքներ ունեք՝ կվերընտրվե՞ք, թե՞ ոչ:
-Դեռ ժամանակ կա, Ձեր զանգը ժամանակավրեպ է: Դա նշանակում է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին:
-Սովորաբար գյուղապետերի թեկնածուները ձայները հաշվարկում են գյուղում իրենց ունեցած բարեկամների թվով…
-Նորից շարունակում եք: Չեմ հաշվարկել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

5 ՏԱՐԻ «ՀՈՒՇԱՆՎԵՐԻ» ՀԱՄԱՐ
Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Ալեքսանդր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող՝ 2015թ. ապրիլից հուլիսն ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ զինաբուրգի մոտից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակի պայթուցիչ: Նա նույն մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ խրամուղու վերին հատվածից գտել է 80 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ: Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում ծառայություն իրականացնելու ժամանակ յուրացրել է ծառայության համար իրեն հատկացված, ռազմամթերք հանդիսացող 80 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ: Ա. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով` 3 դրվագով, 238 հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով եւ 371 հոդվածի 2-րդ մասով: Նշված ռազմամթերքը նա պահել է ուսապարկի մեջ՝ այն թաքցնելով զորամասի մոտակա տարածքում, ուսապարկը ծածկելով խոտերով: Զորացրվելուց առաջ նա ռազմամթերքը դասավորել է երկու սպորտային պայուսակի մեջ, դրանք տարել զորամասի մոտակա խանութ, վաճառողին խնդրել, որպեսզի դրանք մնան խանութում, մինչեւ ինքը կստանա զինվորական գրքույկը եւ կվերադառնա դրանց հետեւից: Երբ վերադարձել է զորամասի շարային մասից, խանութի աշխատողը նրան ասել է, որ պայուսակներն ինչ-որ մեկը տարել է: Դրանից հետո Ա. Պողոսյանին կանչել են զորամասի շտաբի պետի աշխատասենյակ, ուր իրավապահները նրան հարցրել են, թե նշված պայուսակներում ի՞նչ կա: Ա. Պողոսյանը սկզբից լռել է, հետո ասել, որ դրանց մեջ ռազմամթերք է: Ա. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության ընթացքում Ալեքսանդր Պողոսյանն ասել է, որ փամփուշտները ցանկացել է տուն տանել, որպեսզի դրանցից հուշանվերներ պատրաստի: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Ա. Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել, որ նա լիովին խոստովանել է մեղքը, զղջացել կատարածի համար, նախկինում ոչնչով արատավորված չէ, ծառայել է սահմանային զորամասում, կրել մարտական հերթապահություն, հրամանատարության եւ հարեւանների կողմից բնութագրվում է դրականորեն: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Ա. Պողոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նշանակել վերջնական պատիժ՝ ազատազրկում 5 տարի ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս