ԲԱՑ ՆԱՄԱԿ. ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին բաց նամակով է դիմել ՀՀ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի ավագանու անդամ Գոհար Չախոյանը: Վերջինս դժգոհում է Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանի աշխատանքից:

«Արդեն չորս տարի լինելով ՀՀ Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի ավագանու անդամ՝ ցանկանում եմ իմ անձնական կարծիքը հայտնել գյուղում իմ տեսած կատարված աշխատանքների մասին: Տեսնելով համայնքի սոցիալական վիճակը՝ իմ ընտանիքի անդամների հետ միասին որոշեցինք ինչ-որ ձեւով օգտակար լինել գյուղին՝ առաջադրելով իմ թեկնածությունը որպես ավագանու անդամ: Գյուղապետ Արա Սուքիասյանը ընտրության օրը առավոտ շուտ հայտնվեց ընտրատարածքի մուտքի մոտ եւ անձամբ ցուցումներ տվեց ընտրողներին՝ ասելով հետեւյալը. «Վերջին հաշվով ում ուզում եք, ընտրեք, բացի Գոհար Չախոյանից»: Կատարվեց հակառակը, ձայների բացարձակ առավելությամբ 1-ին տեղով ընտրվեցի ավագանու անդամ, որի համար շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին: Գյուղապետը չհամակերպվեց եւ բռնապետին վայել կեցվածքով ավագանու 1-ին նիստը հենց այսպես սկսեց. «Ովքեր եկել են օգտվելու, ապա չարաչար սխալվում են»:
Պարո՛ն գյուղապետ, ես չեմ եկել օգտվելու եւ դրա կարիքը ամենեւին էլ չունեմ, դրա կարիքը միայն դու ունես, որի համար այդքան անհանգստացած ես: Ես եկել եմ իմ ժողովրդին օգնելու համար: Մինչ իմ ավագանու անդամ ընտրվելը, ասեմ, որ Նոր Կյանք գյուղում շատ անգամ ավագանու նիստեր չեն անցկացվել, ինչպես հիմա է:
Կատարվել է փողոցային առեւտուր. ավագանու անդամները ստորագրել են սպիտակ թղթի վրա, հետո գյուղապետի կողմից լրացվել է այն, ինչ ցանկացել է, եւ եթե գրված թուղթ է եղել, ապա տեսել են միայն իրենց անուն-ազգանունը: Նիստերն էլ անցկացվել են ՏԻՄ օրենսգրքի կոպիտ խախտումներով: Իմ ջանքերի շնորհիվ ավագանու անդամներին նիստերից առաջ տրամադրվեցին օրակարգային հարցեր: Ավագանու անդամները եւ բնակչության որոշ մասը առաջին անգամ իմացան, թե որքան է կազմում համայնքային բյուջեն, եւ ինչպես է այն թալանվում: Իսկ 2016 թվականի համայնքային բյուջեն անհայտ է բոլորիս համար:
Գյուղապետ Ա. Սուքիասյանը դեռեւս խորհրդային տարիներից ժառանգել է հարուստ տնտեսություն. գյուղատնտեսական գործիքներ, մեխանիզացիա՝ իր պարկով եւ արտադրամասերով, ակումբի շքեղ շենք, տոհմային գոմեր, որոնցից մեկը նույնիսկ ուներ գրեթե ավարտին հասցված կաթ վերամշակող արտադրամաս, պահեստներ եւ այլն: Այդ ամենը կա՛մ ինքն է գաղտնի գնել, կա՛մ էլ անօրինական ճանապարհով քանդել ու վաճառել եւ համայնքային բյուջե ոչ մի կոպեկ մուտք չի արել: Վաճառել է հողեր, հողատարածքներ, որոնք նունպես կա՛մ չի ձեւակերպել, կա՛մ ձեւակերպած գումարը գրպանն է դրել:
Մի բան հասկացիր, որ համայնքային բյուջեն դա քո անձնական բյուջեն չէ, այն ընդհանուր համայքնի բյուջեն է, եւ ամեն մի ծախսած գումարի համար պարտավոր ես բնակչությանը տեղեկացնելու եւ նրանց համաձայնությունը ստանալու: Սոցիալական օգնություն ես տվել մարդկանց (խոսքը ընտանեկան նպաստի, փարոսի մասին է), որոնք դրա կարիքը չունեին: Համայնքային բյուջեն ծախսվում է անարդյունավետ, այն ծախսվում է ոչ թե ի բարօրություն համայնքի, այլ ի շահ Արա Սուքիասյանի: Ծախսված գումարը չի համապատասխանում կատարված աշխատանքին. բարերարները բարեգործություն են անում, նույնիսկ այդ բարեգործությունը համայնքային բյուջեով ես ձեւակերպել: Ավագանու նիստերի ժամանակ ես միշտ իմ անձնական կարծիքը գրավոր ներկայացրել եմ, սակայն ոչ մի տեղ այն չի լուսաբանվել եւ արձագանք չի ստացել: Ցինիկաբար ժպտում ես ժողովրդիդ ու թալանում: Քո կեղծ ժպիտի տակ միլիոնավոր գողացված գումարներ են թաքնված: 2012 թվականին էժան վառելիք տրվեց գյուղացիներին: Ինչքա՞ն դիզվառելիք ես ստացել եւ ի՞նչ ես արել այն: Ինձ հասած տվյալներով՝ դու այն վերավաճառել ես:
Ա. Սուքիասյանի վրա ո՛չ օրենքն է ազդում եւ ո՛չ էլ իշխանությունները: Արան ամեն մի իշխանության հետ շապիկ է փոխել. եղել է ԿԿ անդամ, այնուհետեւ «Սասունցի Դավիթ» կազմակերպության անդամ, ՀՀՇ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ, ՀՅԴ-ական, ապա հեռացվել է այնտեղից: Այժմ բազմակուսակցական անցյալով անկուսակցական է: Շատ բաներ չեմ ասում իմ կին լինելու պատճառով եւ գյուղի վարկանիշը չգցելու համար:
Ավագանու վերջին 4 նիստերին ինձ օրակարգային նյութեր չեն տրամադրել եւ ավագանու նիստերին չեն հրավիրել, մինչդեռ ես եղել եմ գյուղում՝ իմ տանը: Նույնիսկ նիստերից հետո ես պահանջել եմ 2015 թվականի բյուջեի կատարողականը, 2016թ բյուջեի նախագիծը, եւ դարձյալ այն ինձ չեն տրամադրել: Ի՞նչ եք թաքցնում հանրությունից, ինչի՞ց եք վախենում:
Վերջին 2 տարիների ընթացքում իմ ընդդիմադիր լինելու եւ իմ ջանքերի շնորհիվ որոշ աշխատանքներ ես կատարել գյուղում, սակայն ոչ ոք չգիտի, թե որ աշխատանքի դիմաց ինչքան գումար ես ծախսել: Մարզպետարանը գումարներ է հատկացնում գյուղապետարանին, սակայն համայնքը չգիտի, թե ինչքան գումար է հատկացվել եւ դրանով ինչ է արվել: Գումարներ ես դուրս գրել՝ գյուղամիջյան ճանապարհները վերանորոգելու համար, բայց գրեթե ոչինչ չես արել»:
ՀՀ Շիրակի մարզի գ. Նոր Կյանք
ավագանու անդամ Գոհար Չախոյան
Հ.Գ. Ներկայացվածի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանի հետ: Վերջինս հայտարարեց, որ բաց նամակում իր մասին գրվածը սուտ է: «Բացարձակ սուտ է եւ իրականության հետ կապ չունի: Առջեւում ՏԻՄ ընտրություններ են, եւ այդպես ուզում են մրոտել մարդուն: Չգիտեմ, թե ինչ են ուզում կամ ինչ են անում: Ավագանու նիստ անցկացվում է, կարող եք գալ գյուղ եւ հետաքրքրվել: Ես թշնամանք չունեմ իր նկատմամբ: Երեւի այլ մարդիկ կողքից իրենց դրդում են, որպեսզի նման բաներ անեն»,-հայտարարեց գյուղապետ Սուքիասյանը:

 

 

 
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺԸ ՉԻ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Շաքիի ջրվեժը չի պահպանվում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անգործության հետեւանքով. այս մասին ահազանգում է Civil Voice ՀԿ-ն:
Ըստ կազմակերպության՝ «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շաքիի» ՓՀԵԿ-ի շահագործման հետեւանքով Շաքի ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում է, իսկ Շաքի գետը` Շաքիի ջրվեժից մինչեւ գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառով, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:
«Առնվազն տարօրինակ եւ անհասկանալի է այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը սկզբում թույլատրում է «Շաքի» ՓՀԷԿ-ի աշխատանքը՝ հաշվի չառնելով հետեւանքները, այնուհետեւ 2016 թվականին նախատեսում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալ եւ ռեժիմ, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին:
Առավել տարօրինակ է, որ միայն 2017 թվականին է նախատեսում ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիների (հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ) սահմանում»,-նշված է Civil Voice-ի տարած հաղորդագրությունում:
ՀԿ-ն իր կոչ-պահանջն է ուղղում բնապահպանության նախարարությանը` օր առաջ ապահովել ջրվեժի բնականոն գոյությունը:

 

 
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ Է
Արդեն գրել էինք, որ օգոստոսի 21-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում հակահետեւակային ականների վրա 7 կով է պայթել: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ասաց, որ Ոսկեպարը, ի տարբերություն Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ այլ համայնքների, մեծ արոտավայրեր ունի՝ շուրջ 1500 հա, ուստի ոսկեպարցի անասնատերերը պետք է զերծ մնային իրենց անասունները առանց հսկողության թողնելուց: Ականի պայթյունից սատկած, նեխող անասունի պատճառով ՀՀ-Վրաստան միջպետական ավտոճանապարհին՝ 7-8-րդ դդ Սբ. Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ, գարշահոտ է տարածվել: Առաջիկայում, երբ մնացած 4 կովերն էլ սատկեն, գարշահոտն ավելի կտարածվի, եւ Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող, հարեւանությամբ գտնվող դիրքում զինվորների ծառայության պայմաններն անտանելի կդառնան:

 

 

3 ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑԱՎ
Սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ տեղի կունենան Նոյեմբերյանի, Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններում: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում համայնքի ղեկավար էին առաջադրվել 3 թեկնածու, բոլորն էլ ՀՀԿ անդամ: Գյուղապետի թեկնածուներն էին Բերքաբերի գործող գյուղապետ Արթուրիկ Մադաթյանը, նախկին գյուղապետ Սուրեն Խուդավերդյանը եւ Վահագն Խուդավերդյանը: Նրանք բոլորն էլ համայնքի ղեկավարի թեկնածու էին դարձել ինքնառաջադրմամբ: Նոյեմբերյանում տեղակայված Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Բերքաբերի համայնքի նախկին ղեկավար Ս. Խուդավերդյանը ինքնաբացարկ է հայտնել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2016 թ. սեպտեմբերի 1-ից ավտոմեքենաների ապահովագրման ոլորտում մի շարք փոփոխություններ են կատարվել: Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը: Առաջին փոփոխությունը վարորդների կողմից պատահարների գրանցման ինքնուրույն համակարգն է, որը մինչ օրս գործել է, սակայն վթարի նյութական վնասի շեմը սահմանված է եղել 50 հզ դրամ, իսկ սեպտեմբերի 1-ից մինչեւ 100 հզ դրամ գնահատված վթարի դեպքում վարորդները կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագիրը եւ 5-7 րոպե հետո մեքենաները վթարի վայրից տեղափոխել: ԱՊՊԱ գործակալները պարտավոր չեն սեպտեբերի 1-ից հետո գալ դեպքի վայր: Վթարի կողմերը պետք է սպասեն ՃՈ-ի աշխատակցին եւ չտեղաշարժեն մեքենաները, վթարի հետեւանքով առանձնացված դետալները: Վթարից հետո 40 րոպեի ընթացքում հեռախոսով վարորդները պետք է տեղեկացնեն իրենց մեքենաներն ապահովագրած ընկերություններին վթարի մասին: Սահմանվել է նաեւ ԱՊՊԱ սակագնային նոր համակարգ: «Համակարգը շատ պարզ է եւ բազմագործոնից վերածվել է պարզ աղյուսակի: Որոշակիորեն փոփոխվել են նաեւ առաջին 5 տարվա վիճակագրության արդյունքում ռիսկային խմբերի գործակիցները»,-նշեց Վ. Ավետիսյանը:




Լրահոս