«ԵՍ ԳՈՌՈԶ ՉԵՄ, ԱՅԼ` ԶԳՈՒՇԱՎՈՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իքս Ֆակտոր 2», «Պրեմիերա» նախագծերից հայ հանրությանը հայտնի երգչուհի Լենա Ղազարյանը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է երեւանյան մենահամերգով հանդես գալու իր մտադրության մասին, անդրադարձել երգարվեստում առկա խնդիրներին:

-Լենա՛, մի փոքր պատմիր քո նոր տեսահոլովակի մասին, որը պատրաստվում ես թողարկել մոտ օրերս:
-Այն նկարահանվել է «Երեւան» երգի հիման վրա, որն ավելի վաղ Նյու Յորքի DANU ռադիոկայանի երեքժամյա երաժշտական մրցույթում ռադիոունկնդիրների քվեարկությամբ գրավել էր առաջին հորիզոնականը: Երգի հեղինակը Արթուր Բարսեղյանն է: Իսկ հոլովակը ողողված է երեւանյան գեղեցիկ տեսարաններով:
-Որքանով տեղյակ ենք` վերջերս մեկնել էիք Ֆրանսիա, որտեղ հանդես եք եկել համերգներով…
-Այո՛, դրանք բարեգործական բնույթի համերգներ էին, որոնցից ստացված հասույթն ուղղվելու է առողջական խնդիրներ ունեցող հայաստանցի երեխաներին: Ես եւ ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանը ներկայացանք Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ելույթ ունեցանք ոչ միայն հայ համայնքի, այլեւ տեղի բնակիչների համար: Ինձ համար փոքր-ինչ անսպասելի էր, որ Ֆրանսիայի հայությունը մեզ հիշում էր եւ հրաշալի ճանաչում: Բավական ջերմ ընդունելության արժանացանք: Վստահ եմ, որ նմանատիպ համերգները շարունակական բնույթ կունենան:
-Ձեր «Փակուղի» երգը դարձավ «Փոխնակ մայրը» սերիալի սաունդթրեքը: Սպասո՞ւմ էիք նման արդյունքի:
-Ասեմ, որ ես այդ մասին տեղյակ չեմ եղել, իմացել եմ էկրանից` պատահաբար լսելով իմ երգը: Իհարկե, այդ փաստն ինձ անակնկալի բերեց եւ շատ ուրախացրեց:
-Լենա՛, երաժշտական նախագծերում Ձեզ նորից կտեսնե՞նք:
-Ո՛չ. նախ` ժամանակս չի ների, բացի այդ` ցանկություն առանձնապես չկա: Այդ մրցութային «թոհուբոհից» դուրս եմ եկել: Նպատակս արդեն ասպարեզում կայանալն է: Կարծում եմ` հասցրել եմ այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ տանել:
-Իսկ նախագծերի մասնակից հայտնի երգիչ-երգչուհիների հետ Ձեր կապը պահո՞ւմ եք:
-Այո՛, անշուշտ: Մենք շատ լավ ընկերներ ենք եւ հաճախակի հանդիպում ենք:
-Լինելով բավական երիտասարդ` Ձեզնից տարիքով մեծ աշակերտներ ունեք: Դա պարտավորեցնող չէ՞:
-Պատկերացրեք` արդեն հարմարվել եմ այդ կարգավիճակին (ծիծաղում է): Աշխատանքս սիրով եմ անում, ոչ պարտադրված:
-Երեւանյան մենահամերգի մասին մտածո՞ւմ եք:
-Այո՛, հաջորդ տարի անպայման հանդես եմ գալու մենահամերգով: Հիմնականում կերգեմ երգեր` իմ երգացանկից, կներկայացնեմ նաեւ քավեր տարբերակով ստեղծագործություններ:
-Կարծում եք` կհաջողվի՞ մեծ դահլիճ լցնել: Բացի այդ` մենահամերգը ֆինանսական առումով շքեղություն չի՞ մեր այսօրվա իրականությունում:
-Թող որպես մեծամտություն չհնչի, բայց ինչու ոչ` կարծում եմ` կկարողանամ դա անել: Հատկապես վերջին շրջանում երկրպագուներս շատացել են: Ինչ վերաբերում է ֆինանսականին, ապա դա ինձ համար այս պարագայում առաջին պլանի խնդիր չէ: Կարեւորն այն է, որ կատարեմ հանդիսատեսի պահանջը:
-Ի՞նչ եք կարծում` Ձեր ասպարեզի ամենամեծ բարդությունը ինչի՞ հետ է կապված:
-Վատ շրջապատի, մարդկանց, որոնք քեզ օգնելու ցանկություն չունեն, ավելին` ի հակառակ քեզ` ինչ-որ քայլեր են անում…
-Այսինքն` այսպես ասած, «չուզողները» ոլորտում շա՞տ են:
-Այո՛, իհարկե: Ես ինչ-որ հատուկ դեպքերի չեմ առնչվել, բայց բոլորի հետ չէ, որ հավասարապես շփվել եմ: Այդ է պատճառը, որ իմ մասին արտահայտվելիս ոմանք ասել են, թե ես գոռոզ եմ, այնինչ ես գոռոզ չեմ, այլ` զգուշավոր:
-Եվ վերջում` շուտով կբոլորեք Ձեր 20 տարին: Ի՞նչ երազանք եք պահում:
-Որ երջանիկ լինեմ:
-Իսկ անձնական կյանքի հետ կապված…
-Դե, որ ասում եմ` ուզում եմ երջանիկ լինել, նշանակում է` սիրելի մարդու կողքին (ժպտում է)…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՆԱՐԲԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՆՈՐ TV-ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ
Հեռուստադիտողների շրջանում դեռ թարմ են հաղորդավար-դերասաններ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի մասնակցությամբ ծրագրերի վերաբերյալ հիշողությունները: Նրանք հաճախ հետաքրքրվում են` ամուսիններին առաջիկայում եթերում տեսնելու հնարավորություն կլինի, թե ոչ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարբեն ավելի վաղ խոստացել էր, որ իրենք անպայման վերադառնալու են եթեր: Այժմ արդեն վերջինս տեղեկացրեց, որ նոր հեղինակային ծրագրի վերաբերյալ ունի մտահղացում եւ կոնկրետ պլաններ. «Ամեն բան պատրաստ է. կարելի է ասել` ժամանցային ծրագիր է լինելու: Դեռեւս չեմ ուզում փակագծերը բացել, բայց ասեմ, որ նույնիսկ հեռուստաընկերություններից մեկի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություն ունեմ»,- նշեց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչու է հետաձգվում Աստղիկի եւ Նարբեի վերադարձը, վերջինս պատասխանեց. «Դեռեւս օգոստոսին ես եւ կինս պայմանավորվել էինք, որ շուտով վերադառնալու ենք եթեր, պարզապես բիզնես պլանները շատ ժամանակ են խլում մեզնից: Ես հիմա հարսանեկան միջոցառումների կազմակերպման կենտրոն ունեմ, նաեւ` հագուստի խանութների ցանց: Բավական բարդ է միաժամանակ երկու բիզնես ղեկավարելը»:
«Իսկ վերադառնալու դեպքում հեռուստատեսային զույգը, փաստորեն, չի՞ բաժանվի»,-հարցրինք մենք. «Ոչ, մենք կրկին հանդես կգանք միասին, մեզ մոտ դա լավ է ստացվում: Թեեւ նշեմ, որ վերջին 2,5 տարվա ընթացքում ամեն նոր եթերաշրջանի մեկնարկի հետ ստացել եմ բազում հեռուստատեսային առաջարկներ, որոնք զբաղվածության պատճառով մերժել եմ»,- ասաց Նարբեն:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Աստղիկին եւ Նարբեին առաջիկայում էլի կտեսնենք ընտանեկա՞ն պատմությունների մասին հաղորդման, թե՞ գուցե այլ բնույթի ծրագրի շրջանակում. «Ո՛չ, կփորձենք անել այնպես, որ հեռուստադիտողը մեզ տեսնի նոր ձեւաչափում»,- շեշտեց նա:
Վերջում Նարբեն հավելեց, որ ինքն ու Աստղիկը չեն կարող հենց այնպես հեռանալ հեռուստատեսությունից, քանի որ այն կազմում է իրենց կյանքի կարեւոր մասը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄՐՑԱՆԱԿՈՎ
Հայաստանցի Աննա Դեմիրխանյանը, ով Սոչիում անցկացված «Միսիս Եվրոպա 2016»-ին ներկայացրել է Կովկասը, ճանաչվել է մրցույթի առաջին վիցե միսիս եւ ամենաֆոտոգենիկ մասնակից։ Այս մասին տեղեկացնում է Bravo.am-ը: Նշենք, որ «Միսիս Եվրոպա 2016»-ին այս տարի մասնակցել է շուրջ 20 մոդել: «Գրան պրի»-ն ստացել է Ռուսաստանի ներկայացուցիչը: Հավելենք, որ Ա. Դեմիրխանյանը 2015-ին մասնակցել է «Միսիս Գլոբ» մրցույթին եւ 65 երկրի մասնակիցների շրջանում համալրել է 15 լավագույնների շարքը:

 

 

ՀՈԳԵՎԻՃԱԿԸ ԽԱՆԳԱՐՎԵԼ Է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոե Քարդաշյանը, ԱՄՆ-ում հայտնի հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսի հեղինակային ծրագրի ընթացքում հայտնել է, որ հոկտեմբերի 3-ին Փարիզում տեղի ունցած կողոպուտից հետո Քիմի հոգեվիճակը խանգարվել է: Քլոեն նշել է, որ կատարվածը ոչ միայն լուրջ փորձություն էր Քարդաշյանների ընտանիքի համար, այլեւ` նախազգուշացում: «Քիմի վիճակն այնքան էլ լավ չէ: Նրա հետ պատահածը կարող է անասելի հոգեկան ցավ պատճառել, բայց մեր ընտանիքը համախմբվել է ինչպես երբեք: Մենք այդ փորձությունը միասին կհաղթահարենք»,- հավելել է Քլոեն: Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձինք ներխուժել էին Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համար եւ գողացել մոտ 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր:

 

 

ՔԵՐԻԻՆ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ
Հայտնի դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհու` Կատրիոնա Ուայթի մայրը Լոս-Անջելեսի դատարանում հայց է ներկայացրել եւ մեղադրել է դերասանին ապօրինի գործողությունների միջոցով մահվան պատճառ հանդիսանալու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Բրիջիթ Սուիթմանը պնդում է, որ իր դստեր մահվան պատճառը ապօրինի դեղորայքի կիրառումն է: Իսկ դեղորայքը, կնոջ խոսքով, Կատրիոնայի համար ձեռք էր բերել հենց Քերին: Սուիթմանը հայտարարում է, որ դերասանը պետք է ամաչի այդ ամենի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանները Լոս-Անջելեսում հայտնաբերել էին Կատրիոնա Ուայթի մարմինը: Վարկածներից մեկի համաձայն Կատրիոնան ինքնասպան էր եղել մեծ չափաբաժնով դեղորայք ընդունելու ճանապարհով: Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ մահվանից մի քանի ժամ առաջ նա եւ Քերին որոշել էին խզել հարաբերությունները:




Լրահոս