Արամ Ասատրյանին ՀՀ մշակույթի նախարարությունը գուսանի կոչում է տվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է` սոցիալական կայքերում լայն քննարկում է սկսվել Էջմիածնի ավագանու որոշումներից մեկի շուրջ, որով սուրբ քաղաքի Իսակով փողոցի հատվածը, ուր ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, պետք է կրի երգչի անունը:
Թեեւ յուրաքանչյուր էջմիածնեցի այդ փողոցը վաղուց է Արամ Ասատրյանի անունով «կոչել», քանի որ ինչ-որ տեղ բացատրելիս ասում են՝ Արամ Ասատրյանի փողոցի կողքը եւ այլն: Բայց ամեն դեպքում տեսակետ կա, որ նա, լինելով ռաբիս երգիչ, իրավունք չունի իր անունով փողոց ունենալ: Իհարկե, յուրաքանչյուր տեսակետ գոյության իրավունք ունի, քանի որ վաղամեռիկ Արամ Ասատրյանի երգերը ե՛ւ ընկալվում ու սիրվում են հասարակության մի ստվար զանգվածի կողմից, ե՛ւ ենթարկվում քննադատության՝ ասոցացվելով անճաշակության հետ:

Բայց այս ողջ պատմության մեջ ուշագրավը պետության վերաբերմունքն է երգչի նկատմամբ: Թե պետական որ գերատեսչությունը ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում Արամ Ասատրյանի նկատմամբ, փորձել է պարզել «Ժողովուրդ» օրաթերթը: Եվ այսպես՝ 2003 թվականի մարտի 3-ին Գլենդելում Արամ Ասատրյանի 50-ամյակի առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը հատուկ որոշմամբ Արամ Ասատրյանին շնորհել է «Ժողովրդական գուսան» կոչումը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարը Ռոլանդ Շարոյանն էր, որը Պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Լաերտ Մովսիսյանին տվել էր իր կողմից կայացված «Ժողովրդական գուսան» որոշումը եւ գործուղել ԱՄՆ՝ կոչումը պատվով հանձնելու:

Այսպիսով, ստացվում է, որ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը կառավարության, այն է՝ մշակույթի նախարարության մակարդակով արժեւորում է տասնյակ երգեր հեղինակած Արամ Ասատրյանին՝ որպես գուսան, մյուս կողմից, սեթեւեթում, թե ինչպե՞ս է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կամ ավագանին նման «փիս» որոշում կայացրել: Համաձայնեք, անհարմար իրավիճակ է ստեղծվել:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս