Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր, որտեղ ընթացքի մեջ է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով իրականացվող 20 կմ-ից ավելի ճանապարհահատվածների հիմնանորոգումը: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 3 միլիարդ 200 մլն դրամ: Այս ծրագրով մարզում հիմնանորոգվում են 3 ճանապարհահատվածներ:
Առաջինը Երանոս – Ծակքար ճանապարհահատվածն է, որտեղ վերականգնվող մոտ 6 կմ երկարությամբ հատվածը, միանալով Սևան – Մարտունի – Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի 4 համայնք կապում է Մարտունի քաղաքի և հարակից այլ համայնքների հետ: Շուրջ 6 միլիոն դրամ արժողությամբ այս ծրագրով նախատեսված աշխատանքների 30 տոկոսն արդեն իրականացված է:

Հիմնանորոգվող հաջորդ ճանապարհահատվածն ընդգրկում է Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները: Այստեղ նախարարին ներկայացվեցին կատարված աշխատանքների արդյունքները, նշվեց, որ նախատեսվող 10,5կմ-ից արդեն ասֆալտապատվել է 7,3 կմ-ը:

Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի խոսքով` հիմնանորոգումից հետո իրենց համայնքով անցնող ճանապարհահատվածում երթևեկության ինտենսիվությունն անհամեմատ մեծացել է: Նույն համայնքի բնակիչ Վրաստան Առաքելյանն էլ հիշեց, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում ճանապարհը:
«Ազգաբնակչության անունից շնորհակալություն եմ հայտնում հիմնանորոգման աշխատանքների համար: Այս մասշտաբի ու որակի աշխատանք մեր համայնքում չէինք տեսել»,- նշեց համայնքի բնակիչը:

Ավելի քան 15 տարի այս ճանապարհները չեն նորոգվել և եղել են դժվարանցանելի։ Բնակիչները երկար են սպասել այս հիմնանորոգմանը:
Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հեռացվել է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և փոխարինվել նորով: Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ, վերականգնվում են նաև ջրահեռացման համակարգերը: Կատարվելու են ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ:

Տեղում ծանոթանալով և հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` նախարար Վահան Մարտիրոսյանը մեկ անգամ ևս կարևորեց կառուցվող ճանապարհի որակը, ընդգծելով, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածները պետք է երկար տարիների կյանք ունենան:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը հավաստիացրեց, որ աշխատանքների նկատմամբ իրականացվում է խիստ վերահսկողություն, աշխատանքները կատարվում են որակով, շինարարական ընկերությունները գործածում են նորագույն տեխնիկա:

Մարտունի – Վարդենիս – ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի 4,34 կմ ճանապարհահատվածը ևս հիմնանորոգվում է: Աշխատանքների մեծ մասն արդեն արված է:

Գեղարքունիքի մարզի 8 համայնքների համար իրապես կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, ըստ նախատեսվածի, ավարտվելու են 2017-ի կեսերին:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս