Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Բրիջիթ Բրինքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակեցին Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։




Լրահոս