ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ ՋՈՒՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի սահմանամերձ Թլիկ գյուղում խմելու ջրի խնդիրը տասնյակ տարիների պատմություն ունի: Չնայած 21-րդ դարն է, սակայն Թլիկի բնակիչները շարունակում են ջուրը գնել՝ 40 լիտրի համար վճարելով 350 դրամ.«Ամսվա մեջ 3 անգամ ցիստեռներով ջուր են գյուղ բերում, մարդիկ էլ գնում են, այլ տարբերակ չունեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Թլիկ համայնքի ղեկավար Սլավիկ Սաղոյանը:

Գյուղն ունի 18 տնտեսություն՝ 76 բնակչով: Ջրի խնդիրը գյուղում առաջացել է 90-ական թվականներից ու առկա է մինչ օրս: Թե որքան դեռ պետք է բնակիչները լիտրերով ջուր գնեն, գյուղապետը դժվարանում է ասել, քանի որ առաջիկա պետական կամ միջազգային որեւէ ծրագրում համայնքի խմելու ջրի խնդիրն ընդգրկված չէ:
Նշենք, որ գյուղը ամիջապես Թուրքիայի սահմանի մոտ է, ինչը, բնականաբար, էլ ավելի է բարդացնում թլիկցիների կենցաղը: Համայնքում նաեւ գազաֆիկացում չկա: Անասնապահությամբ զբաղվող գյուղացիները աթարով են տաքացնում բնակարանները, քանի որ վառելափայտը եւս բավականաչափ թանկ է:
Գյուղի դպրոցում սովորում է 20 աշակերտ: Նշենք, որ Թլիկում նաեւ ոռոգման ջրագիծ չկա: Այդ ուղղությամբ համայնքն իր ուժերով է փորձում քայլեր ձեռնարկել, քանի որ ոռոգման ջրի բացակայությունն անհնար է դարձնում ոչ միայն հողագործությունը, այլեւ անասնապահությունը: Համայնքի բյուջեն սեփական եկամուտներով ու դոտացիայով կազմում է 5 մլն դրամ, որի մի մասն ուղղվում է համայնքապետարանի 4 աշխատակիցների աշխատավարձին, մի մասով էլ ընթացիկ բարեկարգման աշխատանքներ են տարվում:
Հավելենք, որ Թուրքիային սահմանակից մեկ այլ՝ Գետափ համայնքում էլ բնակչությունը խմելու ջուրը կորզում է խորքային հորերից: 205 բնակիչ ունեցող Գետափը եւս գազաֆիկացված չէ:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս