Տավուշի սահմանամերձ գյուղերը գազաֆիկացված են, սակայն բնակիչները չեն կարողանում օգտվել գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի սահմանամերձ գյուղերը գազաֆիկացված են, սակայն բնակիչները հնարավորություն չունեն երկնագույն վառելիքից օգտվելու: Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնադրամի կողմից, «Գյուղատնտեսությանբ զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD)-ից ստացված վարկային միջոցներով 2014թ. ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեւան գյուղերի գազաֆիկացումը: Սակայն գյուղացիները դրամական միջոցներ չունեն, որպեսզի իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն:

Սահմանամերձ Բաղանիս համայնքի նախկին ղեկավար, Բաղանիսում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Նարեկ Սահակյանն ասաց, որ Բաղանիսում 22 առանձնատուն է գազաֆիկացվել: Ն. Սահակյանը հայտնեց, որ առանձնատունը գազատարին միացնելու վճարը կազմում է 80 հազար դրամ եւ ավելին՝ կախված գազատար ցանցից տվյալ տան հեռավորությունից: Ոսկեվան համայնքի նախկին ղեկավար, Ոսկեվանում Նոյեմբերյան համայնքի լիազոր ներկայացուցիչ Սերյոժա Ալեքսանյանն էլ «Ժողովուրդին» հայտնեց, որ նոյեմբերի 11-ից Ոսկեվանում գազաֆիկացվել է 5 տուն, եւս 11 ընտանիք դիմել է իրենց բնակարանները գազատարին միացնելու համար: Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերում մինչ հիմա գազատարին միացել է ընդամենը 27 տուն: Մինչդեռ այդ գյուղերի բնակիչներին պետք է ձեռնտու լինի բնական գազից օգտվելը, քանի որ պետական բյուջեից կիսով չափ փոխհատուցվում են սահմանամերձ այդ գյուղերի բնակիչների սպառած բնական գազի վճարները:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս