Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացավ ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երկրորդ միջոցառումը:

Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան էլիասոնը և ՄԱԿ 71-րդ ԳԱ փոխնախագահ, ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հարալդ Բրաունը: ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, որպես հիմնական բանախոս, անդրադարձավ ցեղասպանության կանխարգելման հարցում ազգային և միջազգային դերակատարների նշանակությանը:

Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարտին Գարսիա Մորիտանը, ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի տեղակալ, դեսպան Օլիվյե Զեհնդեն, Խաղաղության և հաշտեցման Օսվենցիմի ինստիտուտի գործադիր տնօրեն Թիբի Գալիսը: Միջոցառումը եզրափակվեց ցեղասպանություն վերապրածների ողբերգական պատմությունների ներկայացմամբ:

Իր խոսքում դեսպան Մնացականյանը նշեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ. սեպտեմբերի 11-ին 69/323 բանաձևի ընդունումից ի վեր երկրորդ անգամն է, որ ՄԱԿ-ը և անդամ երկրները հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին` պատվելով նրանց արժանապատվությունը և արտահայտելու նմանատիպ հանցագործության կրկնության կանխարգելման հավաքական վճռականությունը: Դեսպանը նշեց, որ դեկտեմբերի 9-ը անցյալում դրսևորած անգործության հավաքական մեղքի հիշեցումն է:

Ցեղասպանությունները կանխելու վաղ ահազանգման համատեքստում դեսպանը կարևորեց ազգային հաստատությունների տոկունությունը, անկախ և անկողմնակալ դատական համակարգի, պետական անվտանգության և իրավապահ համակարգի հաշվետվողականությունը, կառավարման գործընթացներին քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանը, քաղաքացիական հասարակության ամրությունը, հիմնարար ազատությունների աստիճանը և ԶԼՄ-ների ազատ գործունեությունը: Դեսպանն ընդգծեց, որ «ապահովելով վաղ կանխարգելման ամուր հիմքերը, բարձրացնելով իրազեկությունը և կրթելով ցեղասպանության արդյունքում խորը և տևական սոցիալական և քաղաքական մասնատման մասին` հնարավոր կլինի կանխարգելել նմանատիպ ոճիրները և դրա հետևանքները»: Դեսպանը նաև հավելեց. «Մենք չենք կարող ետ կանգնել մեր հանձնառությունից` կանխելու նմանատիպ ոճիրները, քանի որ պարտավորված ենք զոհերի և մեր հավաքական խղճի առջև: Այլևս երբե’ք արտահայտությունը չպետք է լինի զուտ արտահայտություն»:

ՄԱԿ-ի անդամ երկրները, դիտորդները, միջազգային կազմակերպությունները, վերլուծական կենտրոնի ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ԶԼՄ-ները, ինչպես նաև Ամերիկայում հայկական համայնքի ներկայացուցիչները և դպրոցականները մասնակցեցին միջոցառմանը:

Միջազգային օրվա կապակցությամբ հատուկ ուղերձ էր հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Տեղեկանք: 2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից: Սույն բանաձևերն ընդգծում են ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ Հիշյալ բանաձևերը և միջազգային օրվա բարձրաստիճան միջոցառումները գալիս են լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճռի դեմ ուղղված միջազգային գործողությունները:




Լրահոս