Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշում է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում անցկացված քվեարկության արդյունքում որոշում է ընդունվել սկսել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթի հոդվածների վերաբերյալ քննարկումները:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` որոշմանը կողմ են արտահայտվել քվեարկությանը մասնակցած 480 պատգամավորներից 338:
Այսպիսով խորհրդարանում 316 մանդատ ունեցող իշխող ԱԶԿ-ին հաջողվել է «գորշ գայլեր»-ի «Ազգայնական շարժում կուսակցության» պատգամավորների աջակցությամբ ապահովել սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսելու համար անհրաժեշտ նվազագույն 330 ձայնը:

Նշենք, որ Թուրքիայում հաստատված է կառավարման խորհրդարանական համակարգ, որից նախագահական համակարգին անցնելու համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Ավելի վաղ ԱԶԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել էին, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկը մեջլիս կներկայացվի հունվարին, իսկ հանրաքվեի կդրվի ապրիլին:Կառավարման համակարգի փոփոխմամբ կընդլայնվեն ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները, կվերացվի վարչապետի պաշտոնը, ինչպես նաև կներդրվի փոխնախագահի ինստիտուտը:




Լրահոս