ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու եւ ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումն ապահովելու ծրագիրը կարծես թե ձախողվում է: Նախօրեին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նոր ընտրական օրենսգրքի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չբացառեց, որ գուցե հնարավոր չլինի ապահովել ընտրությունների ուղիղ հեռարձակումը:

«Ժողովուրդ»-ը իշխանական եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից փորձել է պարզել, թե այս հարցում ինչպիսի դիրքորոշում ունեն:

Հովհաննես Մարգարյան, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար
-Պարո՛ն Մարգարյան, կարծես թե չի հաջողվում ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքերի տեղադրման եւ ընտրական գործընթացի հեռարձակման մասին ԸՕ պահանջը կատարել…
-Նախ մեզ համար անընդունելի է այդ մոտեցումը, որովհետեւ, ի վերջո, մենք դրանով ստվեր ենք գցելու ընտրությունների անցկացման թափանցիկության եւ ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի նկատմամբ ժողովրդի կողմից վստահության վրա: Այսինքն՝ դա այն գործիքներից մեկն էր, որը հնարավորություն կտար, որ թե՛ տեղամասից դուրս՝ հարակից տարածքում տեղի ունենային նկարահանումներ, թե՛ զուտ ձայների հաշվառման գործընթացը տեղի ունենար տեսախցիկների նկարահանմանը զուգահեռ, եւ մենք ունենայինք իրեղեն ապացույց կատարվածի մասին: Դա նույնպես ապացուցողական ուժ կունենար: Դա շատ կարեւոր էր: Հիմա կասկածի տակ են դնում, կարող է դրսում չլինի: Դա, մեղմ ասած, անընդունելի է, իսկ իրականում հերթական անգամ իշխանությունները, ովքեր պատասխանատու են ընտրական գործընթացների համար, փորձում են ստվերել առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որը իմ պատկերացումներով շատ կարեւոր է՝ քաջատեղյակ լինելով, որ ապագայում էլ նախագահական ընտրություններ չեն լինելու:
-Ասում են՝ ֆինանսական միջոցների բացակայությունն է պատճառը…
-Գիտեք ինչ, ես ընդամենը մեկ բան ասեմ: Ես զարմանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում 40 միլիոն տալիս, դպրոց են կառուցում, զուգարանակոնքերը հազար դոլարով են գնում կամ բռնակների փականները երկու հարյուր դոլարով են գնում. դրա համար գումար կա, բայց այդ 1.5-2,5 միլիոնը չկա, որ մենք նորմալ ընտրություններ անցկացնենք: Ինձ համար անընդունելի է այդ մոտեցումը, հազարավոր այդպիսի օրինակներ կարող եմ բերել, ոչ թե հարյուրավոր: Իմ պատկերացումներով դա օբյեկտիվ եւ արդարացված պատճառ չէ:
-Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ընտրական գործընթացը թափանցիկ դարձնող որեւէ այլընտրանքային տարբերակ չի՞ քննարկվել:
-Ճիշն ասած, այս պահին ես չեմ կարող ասել, որովհետեւ հանձնաժողովի վերջին աշխատանքներին ես չեմ մասնակցել, չեմ կարող ասել՝ այլընտրանքային տարբերակ որոշվել է, թե ոչ, բայց պետք է նշեմ, որ մեր քաղաքական ուժի համար դա սկզբունքային խնդիր էր: Մենք, ընդհանուր առմամբ, դեմ ենք այս ընտրական օրենսգրքին, ստվերային մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու գործընթացին: Մի շարք առաջարկություններ չեն ընդունվել, ուղղակի, որ քայլ առաջ էր այս մեխանիզմների ձեռքբերումը, մենք այնպիսի դիրքորոշում ձեռք բերեցինք, որ չվիժեցնեինք գործընթացը: Եւ հիմա ինչ է ստացվում: Այսինքն՝ ասվում է մի բան, պայմանավորվում է մի բան, եւ հազար ու մի պատճառ են բռնում, որ չանեն: Դա է խնդիրը, որը կարծում եմ՝ անընդունելի է բոլորիս համար:
-Եթե վերջնականապես հաստատվի, որ այս մեխանիզմը չի գործելու, ինչպե՞ս է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը փորձելու վերահսկել ընտրական գործընթացը:
-Դե գիտեք, մենք միշտ էլ պատրաստ եղել ենք, մենք ունենք հսկա ռեսուրս, նվիրյալների մի հոծ բանակ եւ միշտ փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի չթողնենք, որ կեղծիքներ եւ չարաշահումներ լինեն, բայց այդուհանդերձ, հնարավոր չէ երկու հազար տեղամասում ուժեղ հսկողություն սահմանել: Իհարկե, ունեցել ենք, հսկել ենք, ուղղակի սա այն մեխանիզմներից, լուծումներից մեկն էր, որը հնարավորություն կտար ավելի արդյունավետ հսկելու ընտրական գործընթացները:

Հովհաննես Սահակյան, ԱԺ պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ
-Պարո՛ն Սահակյան, ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումը ձախողման վտանգի առջեւ է, եւ ընդդիմադիր ուժերը մեղադրում են իշխանություններին՝ նշելով, որ Ձեր «մատն է խառը»…
-Նախ ասեմ, որ եթե նույնիսկ չստացվի տեղադրելը, իշխանությունը այդտեղ որեւէ դերակատարում եւ մասնակցություն չունի: Ստեղծվել է անկախ հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովն է կազմակերպում այդ ամբողջ գործընթացը:
-Ընդամենը մեկ ընկերություն է հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել, այն էլ պահանջել է նախատեսվածից կրկնակի ավել գումար: Այդ ընկերության հետ արդեն որեւէ բանակցություն եղե՞լ է գործընթացը առկա միջոցների սահմաններում իրականացնելու նպատակով:
-Քանի որ հանձնաժողովն է մասնակցում քննարկումներին, ես անձամբ տեղյակ չեմ: Եւ չեմ կարծում՝ որեւէ մեկը շահագրգռված է, որ դա չլինի: Այս պահին էլ, կարծում եմ, որ այդ քննարկումները ծավալվում են, որպեսզի ընդհանուր եզրահանգման գան, եւ խնդիրն էլ ինչ-որ մի ձեւ հանգուցալուծվի:

 

 

 
ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ ԿԱՍԵՑՆԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄԸ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական անգամ հանձնարարեց ըստ ոլորտների գույքագրել եւ ՀՀ կառավարություն ներկայացնել ներդրումային ծրագրերը:

«Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թ. իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում, ներդրումների աղբյուրը կարող է լինել տարբեր՝ վարկային, բյուջետային եւ այլն: Մենք խոսել ենք յուրաքանչյուրի հետ, այդ թվերը ձեզ մոտ պատրաստ են, ամփոփ կներկայացնենք, թե կառավարությունն ինչ ներդրումային ծրագիր է ստանում, որպեսզի պատկերացնենք: Այդ թվում՝ մշակույթի նախարարությունը, կրթության նախարարությունը, բոլորը պետք է գույքագրեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Այն, որ մեր երկրում վերջին տարիներին ներդրումների ծավալները անշեղորեն նվազում են, ակնհայտ իրողություն է: Արձանագրենք ընդամենը մեկ օրինակ: Ամսեամիս երկրի տնտեսության կարեւոր ճյուղերից մեկի՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 10.9 տոկոսով նվազել են:
Նկատենք՝ եթե շինարարության աճ չկա, եթե նոր կառույցների գործարկում չկա, դա նշանակում է, որ երկրում ներդրումային վիճակը եւ կապիտալի կուտակման խնդիրները վտանգավոր սահմանների են հասել: Այլ կերպ ասած՝ սա ընդլայնված վերարտադրության կասեցում է: Շինարարության ցուցանիշի նվազումը եւս մեկ ապացույց է, որ մարդիկ ուղղակի կասկածներ ունեն, որ իրենց ներդրած գումարները ժամանակի ընթացքում հօդս կցնդեն, եւ իրենց միջոցների օգտագործումը ապարդյուն կլինի: Այդ պատճառով ապագային միտված ծրագրեր չեն իրականացվում, այլ ընդամենը գումարները ծառայեցվում են առօրյա խնդիրները լուծելուն: Այսինքն` այն գումարը, որ մարդիկ կարողանում են մի կերպ վաստակել, բավարարում է ընդամենը ընտանիքի մինիմալ պահանջներին, այդ գումարները հիմնականում ուղղվում են սննդամթերքի գնմանը կամ խիստ անհրաժեշտ կոմունալ ծախսերի վճարմանը: Իսկ վարկերի միջոցով երկարաժամկետ ծրագրերի իրականացումն էլ ընդամենը մեծացնում է Հայաստանի՝ առանց այդ էլ վտանգավոր չափերի հասած արտաքին պարտքը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԱՆԳՈՐԾՈՒՆՅԱ
Այս օրերին Երեւանի քաղաքապետարանի ու թաղապետարանների աշխատակիցների մեծ մասը պարզապես չի ներկայանում աշխատանքի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի ու թաղապետարանի աշխատակիցներն ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված են լինելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում` որպես այդ հանձնաժողովների անդամներ: Ու այդ պատճառով էլ նրանք այս օրերին աշխատանքի ներկայանալու փոխարեն գնում են ՀՀԿ շտաբներ` «ուսուցում անցնելու»: Ու արդյունքում տուժում է աշխատանքը, որի վրա իշխանությունները «խառը օրերին» վաղուց թքած ունեն:

 

 

ԿԵՂԾԱՐԱՐԻՆ ՀԵՌԱՑՐԵ՞Լ ԵՆ
2015թ. սահմանադրական փոփոխությունների առաջին բացահայտված ընտրակեղծարարը, որը նույնիսկ կալանավորվեց, Երեւանի Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետ, ՀՀԿ-ական Զավեն Միրիջանյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Զավեն Միրջանյանը դեռ նախորդ տարի ազատվել է աշխատանքից: Թե հիմա կոնկրետ ինչո՞վ է նա զբաղվում, թաղապետարանի աշխատակիցները չգիտեին: Միրիջանյանը, ի դեպ, Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի մերձավոր ազգականն է, ու հավանաբար այդ հանգամանքն էր պատճառը, որ նա կարողացավ աղմկահարույց պատմությունից հետո «ջրից չոր դուրս գալ»: Հիշեցնենք` հանրաքվեից առաջ Զավեն Միրիջանյանը փորձել էր կաշառել Երեւանի տեղամասային ընտրական հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցչին, սակայն դեպքը բացահայտվել էր, ու Միրիջանյանը մեկ ամիս ստիպված եղավ անցկացնել կալանավայրում, բայց հետո դատապարտվեց պայմանական ազատազրկման ու ազատ արձակվեց: Ի դեպ, Միրիջանյանը նախկին գրեթե բոլոր ընտրություններին աչքի է ընկել իր վատ պահվածքով, երբ միշտ փորձել է ընտրակեղծարարություն անել: Ամենայն հավանականությամբ, նա այդքան ազատ է գործել, քանի որ ունեցել է Ս. Սարգսյանի փեսայի նման «հզոր թիկունք»:

 

 

ՆՈՐԱԹՈՒԽ ԱՐՏՈՆՅԱԼԸ
«Առաջարկում եմ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մաքսիմալ թափանցիկ եւ բաց աշխատել մամուլի հետ, պարբերաբար հասարակությանը տեղեկացնել մեր աշխատանքների մասին, որպեսզի նրանք տեղյակ լինեն` ինչ ենք անում, ինչի համար ենք անում եւ ուր ենք գնում»,- դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Բայց վարչապետի այս առաջարկությունից հետո կան պաշտոնյաներ, ովքեր իրենց արտոնյալ են համարում եւ փորձում ամեն կերպ կառավարության շենքից այնպես սողոսկել, որ լրագրողների «ձեռքը չընկնեն»: Ընդ որում, այդ պաշտոնյաները նույն վարչապետի մերձավոր թիմի ներկայացուցիչներն են: Կառավարության գրեթե ամեն նիստից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ի տարբերություն իր շատ գործընկերների, խուսափում է լրագրողների հետ շփումից: Ստացվում է՝ նորաթուխ արտոնյալը չի ընդունել վարչապետի առաջարկությունը:




Լրահոս