ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսները երբեք չէին ասում մեզ, որ չենք կարող ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունն ավարտեցին համպարփակ և լայն համագործակցության մասին Համաձայնագրի հարցով բանակցությունները: Գործարքը կստորագրվի մայիսին:

Բանակցությունների ավարտից հետո ՀՀ նախագահը պատասխանել է Euronews-ի թղթակից Անդրեյ Բեկետովի հարցերին:

– Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը մեկ քայլ առա՞ջ, թե՞ ետ է՝ համեմատելով ասոցացման մասին Համաձայնագրի հետ, որից Հայաստանը հրաժարվեց 2013թ.:

– Երկու կողմերի բարի կամքի շնորհիվ՝ նոր համաձայնագիրն էապես չի տարբերվում նախորդից: Գրեթե տարբերություն չկա քաղաքական մասում: Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա մենք պետք է խուսափենք Եվրասիական տնտեսական միության նկատմամբ մեր պարտավորությունների հետ հակասություններից:

– Ռուսաստանը դեմ էր ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ուկրաինա ասոցացման Համաձայնագրին: Արդյո՞ք թուլացվել է փաստաթուղթը, որպեսզի այն շահավետ լինի Ռուսաստանի համար:

– Բանակցությունների սկզբից մենք հասկանում էինք, որ մենք կարող էինք ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր և սերտ ինտեգրում ունենալ ԵՏՄ-ի հետ: Ռուսները երբեք չէին ասում մեզ, որ մենք չենք կարող նման համաձայնագիր ստորագրել: Նրանք ասացին, որ կարող ենք, եթե ցանկանում ենք, սակայն այդ դեպքում դուք պետք է վճարեք գինը, որը սահմանում է համաշխարհային շուկան:

– Հնարավո՞ր է, որ ապագայում ԵՏՄ-ն հավասարվի ԵՄ-ին:

– Կարծում եմ, որ դեռևս վաղ է խոսել հավասարման մասին: Ավելի լավ է՝ խոսել այդ երկու բլոկերի միջև համագործակցության մասին: Մենք սեփական օրինակով ցույց տվեցինք, որ դա հնարավոր է:

– Ի՞նչ կարող եք առաջարկել Եվրամիությանը: Ֆուտբոլիստ Մխիթարյանը լավ օրինակ էր, իսկ ուրիշ ի՞նչ:

– Մենք շատ հայտնի մարդիկ ունենք, ինչպես Հենրիխ Մխիթարյանն ու շախմատի վարպետ Լևոն Արոնյանը, ունենք օլիմպիական չեմպիոններ, սակայն կարող ենք օգտակար լինել Եվրամիությանը մեր գյուղատնտեսական մթերքի արտահանումով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները ևս արագ զարգանում են Հայաստանում: Սակայն առաջին հերթին մենք կարող ենք լավ հարևան լինել եվրոպացիների համար, կանխատեսելի հարևան:

– Ո՞ւր եք տանում ներկայիս նախագահական հանրապետությունը: Ինչի՞ կվերածվի Հայաստանը:

– Կլինի ցանկալի երկիր յուրաքանչյուր հայի համար: Ես վստահ եմ, որ խորհրդարանական մոդելն առավել արդյունավետ կլինի: Այն կապահովի լավագույն հնարավորությունները պետական կառավարման համար: Մենք ցանկանում ենք նաև պայմաններ ստեղծել, որպեսզի մեր քաղաքացիներն այլևս բողոքի պատճառներ չունենան, որոնց նրանք սովոր են:

– Սերժ Սարգսյան անունը չկա Հանրապետական կուսակցության ցուցակում: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք հեռանում եք քաղաքականությունից:

– Դա նշանակում է, որ մենք ընդունում ենք ընտրական գործընթացքում ադմինիստրատիվ ռեուրսի օգտագործման հնարավորության հետ կապված մեր ընդդիմության արտահայտած անհանգստությունը: Դա նաև նշանակում է, որ մենք ինքնարատահայտման հնարավորություն ենք ստեղծում երիտասարդների համար:




Լրահոս