Ոսկեվազի գյուղապետը մուրաբա՞ է բաժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է: Նշենք, որ Հովհաննիսյանը արդեն 26 տարի է, ինչ Ոսկեվազի գյուղապետն է: Նա 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին նախկին ՕԵԿ-ի մեծամասնական ընտրակարգով եւս առաջադրվել է: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր նախընտրական քարոզարշավը ինչպե՞ս եք անցկացնում:

-Նախապատրաստվում եմ վաղվա (այսօր-Ս.Հ.) հանդիպմանը. Արթուր Բաղդասարյանը պետք է մարդկանց հետ հանդիպի Աշտարակում, Ծաղկահովիտում եւ Ապարանում: Իսկ ընդհանուր, բոլոր քաղաքական ուժերն էլ մեզ մոտ աշխատում են, նույնիսկ մի քանիսը մեր գյուղում նախընտրական շտաբներ են բացել: Չէ՞ որ մեր գյուղը 3500 ընտրող ունի:

Դուք ունե՞ք նախընտրական շտաբ:

-Ես ինչի՞ շտաբ բացեմ, եթե իմ գյուղացիները ինձ ճանաչում են: Ես համեստորեն եմ պայքարում: Ես խնդիր չունեմ, իրենց շտաբ բացելը ինձ չի խանգարում:

-Ինչպե՞ս են վերաբերում համագյուղացիները Ձեր առաջադրվելու որոշմանը:

-Չեմ կարող ասել, որ բոլորը ողջունում են: Բայց ես պայքարելու եմ իմ ձեւով… գյուղեր կայցելեմ, կզրուցեմ մարդկանց հետ: Մարզի 80-90 տոկոսը ճանաչում է ինձ: Ես արդեն 26 տարի է՝ աշխատում եմ որպես համայնքի ղեկավար, իսկ 18 տարի է, ինչ այս ՀՎԿ-ում եմ եւ երբեք չեմ լքել կուսակցությունը՝ ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության մեջ:

Պարո՛ն Հովհաննիսյան, կուսակցությունը Ձեզ մանդատ խոստացե՞լ է, թե՞ փորձում է Ձեր հնարավորություններն օգտագործել՝ կուսակցության օգտին ձայն հավաքելու համար:

-Հարցը մանդատ խոստանալը չէ… ես չեմ պայքարում իմ մանդատի համար: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մոտ 14 հազար ձայն եմ բերել:

Քարոզարշավի համար արձակուրդի ե՞ք մեկնել:

-Անպայման, ես արձակուրդի մեջ եմ:

-Ո՞ւմ հաշվին եք մեկնել արձակուրդի, պետությա՞ն, թե՞ Ձեր հաշվին:

-Ինձ օրենքով հասանելիք արձակուրդն է: Գյուղապետի պարտականությունները ժամանակավորապես դրված են գյուղապետի տեղակալի վրա:

Այդ ընթացքում գյուղապետարան ելումուտ չե՞ք անում:

-Դե, անցնում եմ, մտնում ու շուտ դուրս եմ գալիս, հարցեր են լինում, իրենք են մոտենում:

-Ձեզ ընտրելու համար արդեն մուրաբաներ, բնական հյութեր բաժանե՞լ եք բնակիչներին:

-Ո՞վ է բաժանել: Ես 2012 թվականին 14.000 ձայն եմ բերել, բայց մուրաբա չեմ տեսել: Կարող եք հետաքրքրվել: Մուրաբան ի՞նչ է, չեմ հասկանում:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս