«Անվտանգություն և առաջընթաց». Տավուշի մարզի սահմանագոտում ապրող գյուղացիները ոչ անվտանգություն են զգում, ոչ առաջընթաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական կարգախոսն է՝ «Անվտանգություն եւ առաջընթաց»:

Նախընտրական գունեղ տեսանյութեր են նկարվել, տարածվել, որտեղ երիտասարդ, երջանիկ մարդիկ ուրախություն են ճառագում, կարծես ոչ մի հոգս չունեն: Իսկ Տավուշի մարզի սահմանագոտում ապրող, աշխատող գյուղացիները հանապազօրյա կյանքում ոչ անվտանգություն են զգում, ոչ առաջընթաց:

Նոյեմբերյանի սահմանագոտու 6 գյուղեր՝ Բարեկամավանը, Կոթին, Ոսկեվանը, Ոսկեպարը, Բաղանիսը եւ Ջուջեւանը, ավելի քան 2 տարի գազաֆիկացված են, սակայն գյուղացիները փող չունեն, որ գազատարից դեպի իրենց տուն խողովակների անցկացման համար վճարեն եւ գազ օգտագործեն: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ Բաղանիսում բնական գազի ընդամենը 25 բաժանորդ կա: Բաժանորդներն էլ ավելի քիչ են Ոսկեվան եւ Ջուջեւան գյուղերում, մնացած սահմանամերձ 3 համայնքներում ոչ մի առանձնատուն գազաֆիկացված չէ:
Փետրվարի 25-ին ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից գնդակոծեց սահմանագոտում արածող Բաղանիսի նախիրը: 82-ամյա նախրապանի՝ Գրիշա Ղուզանյանի բախտը բերեց, ադրբեջանական գնդակները նրան չդիպան, դրանք վիրավորեցին նրա եւ Բաղանիսի բնակիչ Անուշավան Ավագյանի մեկական կով: Գ. Ղուզանյանի կովը, թեեւ վիրավոր, սակայն ոտքի վրա է: Ա. Ավագյանի կովի ստացած վնասվածքը մեծ էր, անասունը հարկադիր մորթի ենթարկեցին: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ բաղանիսցիները համագյուղացուն օգնելու նպատակով կիլոգրամը 2000 դրամով գնել են հարկադիր մորթի ենթարկված կովի միսը: Այդ գումարը, սակայն, չէր կարող փոխհատուցել կովի գինը:

Նարեկ Սահակյանից տեղեկացանք, որ պետության կամ որեւէ կազմակերպության կողմից Անուշավան Ավագյանին դրամական փոխհատուցում կամ օգնություն չի ցուցաբերվել: Սահմանագոտում ապրող տավուշցու ոչ միայն կյանքն է վտանգված, այլեւ ունեցվածքը: Մինչդեռ պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը:

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակ է բացում Պառավաքարի սահմանագոտում գարնանային գյուղատնտեսական աշխատանքներ կատարող, խաղողի այգիներ էտող գյուղացիների ուղղությամբ: Բարեբախտաբար, պառավաքարցիներն այդ գնդակոծությունից չեն տուժել: Վերջին մի քանի օրերին Պառավաքարի սահմանագոտու ուղղությամբ կրակոցներ չկան, սակայն գյուղապետ Ռ. Մարգարյանը կարծում է, որ ադրբեջանական զինուժը կրկին ոտնձգությունների կդիմի, կրակ կբացի խաղաղ գյուղացիների վրա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս