ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն ընտրակաշառքը հումորո՞վ է բաժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Armlur.am» կայքում զետեղված «Պապիկը պնդում է՝ հանրապետականներին ընտրելու համար 100 դոլար են տվել» տեսանյութի առնչությամբ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարության հեղինակը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 1938 թ. ծնված Վոլոդյա Մելքոնյանն է:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը` հավելելով, որ նա իր բացատրությամբ հայտնել է, որ մարտի 9-ին, ժամը 15-ի սահմաններում, երբ հանգստանալիս է եղել Էջմիածին քաղաքի հրապարակին կից տարածքում` իրեն մոտեցած լրագրողի հարցին, թե ում է ընտրելու, որոշել է հումոր անել և պատասխանել է, որ ՀՀԿ-ին, ինչի համար 100 դոլար գումար է վերցրել, իսկ վերջում էլ հումորով պահանջել է, որ տեսանկարահանածը հեռուստատեսությամբ անպայման ցույց տան:

Վոլոդյա Մելքոնյանը հայտնել է, որ տեսանյութում իր կողմից նշած հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում, իրեն ոչ ոք ընտրակաշառք չի բաժանել, որևէ նմանատիպ դեպքի մասին ոչինչ չի լսել: Նույնաբովանդակ բացատրություն է տվել նաև նշված զրույցի ականատես, Էջմիածին քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Վոլոդյա Գրիգորյանը՝ հայտնելով, որ խոսակցության վերջում Վոլոդյա Մելքոնյանը հայտարարել է, որ հումոր է անում և որպես ընտրակաշառք որևէ մեկից գումար չի վերցրել:

Այսպիսով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում հերքվել է ընտրակաշառք տալու և ստանալու հանգամանքները, ինչը արտացոլված է նաև ներկայացվող տեսանյութում:




Լրահոս