«Իշխանությունը մեզանից ահուսարսափի մեջ է». ոստիկանությունն արգելո՞ւմ է ՕՐՕ դաշինքի համակիրներին ներկայանալ հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հայտարարությամբ հանդես եկավ առ այն, որ դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներինտրանսպորտային միջոցով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։ 

« Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕի համակիրներըպետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել։

Հիշեցնենք, որ ժամը 18։00–ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով»,- ասվում է հայտարարության մեջ:

ArmLur.am-ն առավել մանրամասն տեղեկանալու համար դիմեց ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանին:

Ըստ նրա՝ իշխանությունն  ահուսարսափի մեջ է. «Մենք շատ բարի, քաղաքակիրթ, օրինապաշտ ենք, որից էլ նրանք վատ են զգում: Դանակահարություն, կրակոց, սպառնալիք, խոչընդոտում…. սա է»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ տարբեր եղանակներ ձեռք կառնեն, որպեսզի նրանց համակիրները մարզերից կարողնան գալ Երևան` հանրահավաքի:

«Չգիտեմ` հստակ ով է արգելել, բայց դա կարող է լինել ոստիկանությունից: Բարձրաստիճան ինչ-որ մեկը»,- ընդգծեց նա:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, կտրականապես հերքեցին լուրը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս