ՊՆ-ԻՑ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակից հափշտակությունների հետ կապված աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ զորամասերից մեկից բամբակյա կեպիով կոստյումների հափշտակման մասին:

Եվ այսպես՝ պարզեցինք, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի իրային, պարենային եւ վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ, կոչումով կապիտան Հայկ Խաչատրյանը 2015 թվականից մինչեւ 2016 թվականը բանակի հաշվին բիզնես գործունեությամբ է զբաղվել:
Տեղեկացանք, որ փետրվար-մարտ ամիսներին Խաչատրյանը նշված զորամասի իրային ծառայության պահեստից վերցրել է մոտ 114 հազար դրամի 20 լրակազմ բամբակյա կեպիով կոստյում եւ այն 200 հազար դրամով վաճառել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի իրային ծառայության պետ, կապիտան Ժորա Հովհաննիսյանին:
Բարեհաջող կերպով ավարտելով հափշտակության այդ փուլը եւ տեսնելով, որ կատարվածը որեւէ մեկը չի բացահայտել, Հայկ Խաչատրյանը որոշել է այսքանով չբավարարվել եւ շարունակել է իր գործողությունները:
2016թ. հունվար-փետրվար ամիսներին նշված զորամասի իրային ծառայության պահեստից վերցրել է մոտ 183 հազար 200 դրամի 20 զույգ յուֆտե ճտքավոր կոշիկ, տարել է Երեւան քաղաքում գտնվող «Վերնիսաժ» առեւտրի կենտրոն եւ 100.000 դրամով վաճառել:
Ապրանքները իրացնելուց հետո վերջինս այնպես պետք է աներ, որ զորամասի ղեկավար կազմը պակասորդը չնկատի: Տեղեկացանք, որ կապիտան Հայկ Խաչատրյանը 20 լրակազմ բամբակյա կեպիով կոստյումի եւ 20 զույգ յուֆտե ճտքավոր կոշիկների պակասորդը կոծկելու համար 2016թ. հունիսին կեղծ գրառումներ է մտցրել զորամասի 8 ամփոփագրերում, թե իբր վերը նշված կոստյումներն ու ճտքավոր կոշիկները սահմանված կարգով տրվել են զինծառայողներին, որից հետո զինծառայողների անունների դիմաց նրանց փոխարեն դրել է ստորագրություններ:
Փաստորեն, այսպիսի դրսեւորումների արդյունքում է, որ զինվորներն իրենց հարազատներից են խնդրում գնել եւ ուղարկել ծառայության համար անհրաժեշտ կոշիկներ, կոստյումներ եւ այլ իրեր:
Ինչեւէ: ՀՀ քննչական կոմիտեն Հայկ Խաչատրյանին այս արարքի համար մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով) եւ ՀՀ քր.օրի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ ուրիշի գույքի հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Ի դեպ, իրավապահների աչքից չի վրիպել նաեւ ՀՀ ՊՆ 70839 զորամասի իրային եւ պահեստային ծառայության պետ, կոչումով կապիտան Ժորա Հովհաննիսյանը, որը տեղյակ լինելով, որ Հայկ Խաչատրյանը իրեն վաճառում է հափշտակված իրեր, դրանք գնել է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 216 հ. 1-ին մասով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով):
2016 թվականի սեպտեմբերին բացահայտված այս գործը դեկտեմբերին ուղարկվել է Արմավիր մարզի ընդհանուր իրրավասության դատարան եւ 2017 թվականի մարտի 6-ին հրապարակվել է գործով դատավճիռը, Հայկ Խաչատրյանին դատապարտել են 2 տարի ազատազրկման: Գործը նախագահող դատավոր Վահե Խալաթյանը, սակայն, Խաչատրյանի նկատմամբ սահմանված վճիռը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Իսկ Ժորա Հովհաննիսյանը դատապարտվել է տուգանքի` 200.000 դրամի չափով:
Ինչպես նկատում ենք՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ հանդես եկող Սեյրան Օհանյանի օրոք ՀՀ ՊՆ զորամասերի պաշտոնատար անձինք բավականին ակտիվորեն զբաղված են եղել բանակի թալանով, եւ անգամ նրանց համար դաս չի եղել 2016 թվականի քառօրյա պատերազմը: Ի դեպ, օրերս էլ գրել էինք ՊՆ զորամասերից մեկի պահեստապետի եւ հրամանատարի կողմից զորամասի դիզվառելիքի յուրացման մասին՝ ներկայացնելով, թե ինչպես են վերջիններս, հափշտակելով վառելիքը, այն վաճառել տարբեր բենզալցակայանների վրա: Այս գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹՆ» ԸՆԴԴԵՄ ՍԱՍ-Ի
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Արտակ Սարգսյանին` ՍԱՍ-ի Արտակին պատկանող «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի շուրջ դատական գործերը շարունակվում են:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի մարտի 15-ին «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ին պարտադրվի վճարել ընկերության հասանելիք գումարը:
Իսկ ինչ գումարի մասին է խոսքը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն ապրանք է մատակարարել ԱԺ պատգամավորին պատկանող «ՍԱՍ» ընկերությանը, սակայն մատակարարված ապրանքների գումարը այդպես էլ չի վճարվել: Իսկ ահա պահանջվող գումարի չափը կազմում է 15 միլիոն 757 հազար 258 հազար դրամ:
Չի բացառվում, որ այսօրինակ դրսեւորումների արդյունքում էր, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը սնանկացավ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 9-ին էլ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց էր ներկայացրել նաեւ «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցում «Մայքրոսոֆթ Կորպորացիան» «ՍԱՍ գրուպ»-ից պահանջել էր դադարեցնել հեղինակային իրավունքի խախտումը եւ որպես փոխհատուցում վճարել ավելի քան 15 միլիոն դրամ:
Ի դեպ, «Մայքրոսոֆթ Կորպորացիան» անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի «ՍԱՍ գրուպ»-ին արգելեն որոշակի գործողություններ իրականացնել, ինչը գործը նախագահող դատավորը բավարարել էր: Նկատենք, որ պատգամավորին պատկանող երկու ընկերությունների դեմ ներկայացրած հայցերը քննելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը:
Ասել է, թե ՍԱՍ-ի Արտակը հայտնվել է աննախանձելի իրավիճակում: Բանն այն է, որ նախ` տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, եւ երկու օր փակ էին Թումանյան եւ Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը, ու հիմա էլ ընկերության դեմ գրեթե ամեն ամիս տարբեր ընկերությունները հայցեր են ներկայացնում դատարան: Իսկ թե ինչով կավարտվի այս ամենը, ցույց կտան զարգացումները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

340 ԿՐԱԿՈՑ
Մարտի 26-ին եւ լույս 27-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 340 կրակոց:

 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Կյանքի 82-րդ տարում նախօրեին մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը: Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

 

 
ՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նկատողություն ստանալու պատճառն այն է, որ բժշկական կենտրոնի տնօրեն Մոսինյանը աշխատանքային կարգապահական մի շարք խախտումներ է թույլ տվել:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է նկատողություն ստանալու պատճառը: Հարցին ի պատասխան՝ Մոսինյանն ասաց, որ ինքը ընդհանուր երեք խորհրդակցությունից ուշացել է, ինչի պատճառով էլ նկատողություն է ստացել: «Ես մարզպետարանին ներկայացրել եմ իմ բացատրությունը: Այդ խորհրդակցութուններին, որոնք տեղի են ունեցել Վանաձորում, ուշացել եմ եղանակային վատ պայմանների արդյունքում ճանապարհների անանցանելիության հետեւանքով: Մի խորհրդակցությանը ուշացել եմ 15, մյուսին՝ 20, իսկ երրորդին՝ 30 րոպեի չափով»,- «Ժողովուրդ»-ին պարզաբանեց ԲԿ-ի տնօրենը:
Հարցին՝ արդյոք ինքը իրեն մեղավոր զգում է, որ ուշացել է խորհրդակցությունից, Ս. Մոսինյանն ասաց. «Երեւի մեղավոր եմ, էլի, որ նկատողություն եմ ստացել՝ 50/50: Ես պետք է եղանակային պայմանների հետեւանքով ճանապարհների վատ վիճակը նկատի ունենալով՝ շուտ դուրս գայի: Բայց այդ օրը Ալավերդիում եղանակը տաք էր, արեւ էր, իսկ Ստեփանավանի ճանապարհները՝ սառցակալած: Ինչը հաշվի չէի առել»:
Ապա Մոսինյանն արդարացավ՝ նշելով, որ ինքը մի խորհրդակցությանը ուշանալու համար նախապես զգուշացրել է: Իսկ մյուս երկուսին չի զգուշացրել: «Դրանցից մեկի ժամանակ վթար տեղի ունեցավ, մտածեցի՝ կհասցնեմ, բայց, դե, ճանապարհ է: Ստեփանավանով եմ գնացել, իսկ այդ ճանապարհն էլ ոլոր-մոլոր է»,- փոխանցեց Մոսինյանը:
Նշենք, որ Ալավերդու բժշկական կենտրոնը սպասարկում է Թումանյանի տարածաշրջանի 31 գյուղերի 19 հազար 131 բնակչի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՎԱԽԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում երեկ լարված իրավիճակ է եղել: Մասնավորապես համայնքի ԲՀԿ տեղամասային հանձնաժողովի նախագահ Հայկ Ալավերդյանին փորձել են վախեցնել: Մեքենայի վրա խոտ է դրած եղել եւ շուրջբոլորը բենզին է լցված եղել: Հայկ Ալավերդյանը կայքի հետ զրույցում նշել է որ այժմ իրավապահներն են զբաղվում գործով, եւ ինքը հստակ քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենում: «Ոստիկանությունն ինձ մոտ է: Միանշանակ, քաղաքական ենթատեքստ կա: Այսքան տարիների ընթացքում նման բան տեղի չէր ունեցել»: Ալավերդյանը հայտնել է, որ կասկածներ ունի, սակայն չի ցանկանում ո՛չ ուժի, ո՛չ էլ անձի անուն նշել:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՔԿՀ-ՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մարտի 25-ին դատապարտյալների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դատապարտյալներից մեկը ստացել է մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ): Կատարվում է քննություն:




Լրահոս