Հարց քաղաքացիներից` Մեծ Պահքի վերջին շաբաթվա ընթացքում թույլատրվում է միայն սև հաց և ջո՞ւր օգագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ պահքի շրջանում հաղորդություն չի տրվում, քանի որ համարվում է ապաշխարության շրջան: Սակայն Սուրբ Ծնունդին նախորդող շրջանում հաղորդություն տրվում է: Հետաքրքիր է իմանալ դրա խորհուրդը: Եվ կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք Մեծ Պահքի վերջին շաբաթվա ընթացքում թույլատրվում է միայն սեւ հաց եւ ջուր:

Գայանե Մարգարյան (24 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Խնդիրն այն է, որ հնում Հայ Առաքելական Եկեղեցին ուներ 3 Մեծ պահք, դրանք Ս. Զատկին, Ս. Ծննունդին եւ Ս. Պայծառակերպությանը նախորդող հիսնյակներն են: Սակայն ժողովրդին ձանձրույթից հեռու պահելու համար Ս. Ներսես Մեծ հայրապետը եւ նրա հաջորդները Ծննդյան եւ Այլակերպության պահքերը բաժանեցին մասերի ու տարածեցին ամբողջ տարվա մեջ՝ որպես շաբաթապահքեր:

Ս. Ծննդին նախորդող պահքի շրջանում վարագույրը չի փակվում, ինչպես Մեծ Պահոց շրջանում, որը պահում ենք հատուկ խստությամբ: Ուստի հունվարի 1-ին, երբ Ս. Պատարագով նշում ենք տարեմուտը, եւ հունվարի 1-ից 5-ը հանդիպող կիրակի օրը կարելի է հաղորդվել:

Ավագ Շաբաթվա ընթացքում, որը հաջորդում է Մեծ Պահքին, պահեցողության պայմանները չեն փոխվում. այս ընթացքում նույնպես պետք է խուսափել կենդանական կերակրից (եթե, իհարկե, խոստովանահոր կողմից այլ ցուցումներ չկան): Այս ընթացքում նույնպես անհրաժեշտ է ջերմորեն աղոթել եւ մասնակցել ամեն օր տեղի ունեցող հատուկ իմաստ ունեցող արարողություններին: Ավագ շաբաթվա արարողություններին մասնակցելն իմաստավոր է նրանով, որ դրանց միջոցով խորհրդաբար մասնակից ենք դառնում Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքներին եւ ապա վկա ենք լինում Նրա հրաշափառ Հարության:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Մեծ Պահքը քրիստոնյաները պահում են խստորեն, առանց խախտումների: Սակայն եթե ինչ-որ պատճառով չեք պահել կամ խախտել եք պահքը, ապա կարող եք սկսել, եւ Ձեր ջանքն Աստված ամբողջական կհամարի:




Լրահոս