ՖՈՏՈ. Մարդիկ անընդհատ ինձ բաժանել ու միացրել են. Սյուզի Մելիքյանը` անձնականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սյուզի Մելիքյանը աշխատում է նոր երգի վրա եւ շուտով այն կներկայացնի հանդիսատեսի դատին: Նա «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ կտրուկ ոճային փոփոխությունների չի դիմի, բայց կփորձի հետաքրքիր կերպով ներկայանալ. «Չեմ սիրում բավարարվել ունեցածով, կանգ առնել, միշտ ձգտում եմ ավելիին, թեեւ ունեմ հավատարիմ երկրպագուների բանակ եւ շնորհակալ եմ ամեն մեկին»,-ասաց Սյուզին:

Նա տեղեկացրեց, որ արտերկրից պարբերաբար ունենում է հրավերներ, իսկ վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է մի քանի կոորպորատիվ միջոցառումների: Հայտնի է, որ Սյուզին զբաղվում է նաեւ դիմահարդարմամբ, ուստի հարցրինք` այդ աշխատանքը նրա համար հոբբի՞ է, թե՞ արդեն մասնագիտություն. «Դա իմ երկրորդ մասնագիտությունն է, ասեմ, որ ունեմ այցելուներ շոու-բիզնեսից, որոնք իմ գործունեության հենց սկզբից հաճախել են ինձ մոտ: Այն, ինչ անում եմ, իմ անձնական բիզնեսն է, սակայն դեռ չեմ ընդլայնել դրա սահմանները»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը: Մենք հարցրինք` ճի՞շտ է արդյոք, որ Սյուզին նաեւ նկարում է. «Այո՛, եւ այդ շնորհը ես օգտագործում եմ դիմահարդարման մեջ»,-պատասխանեց նա:

Թերեւս հեռուստադիտողները կհիշեն, որ երբ հայկական հեռուստաշուկայում նոր էին հայտնվել սերիալները, Սյուզին արդեն նկարահանվում էր դրանցում: Մենք հարցրինք` արդյոք հիմա էլ նա ունի նման նախագծերից հրավերներ. «Ժամանակին սիրով նկարահանվել եմ, իհարկե, այժմ էլ ունեմ առաջարկներ, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ ընդունում դրանք, ցանկանում եմ կենտրոնանալ իմ հիմնական գործունեության վրա»,-շեշտեց նա:

Մեր զրույցի ավարտին Սյուզիի հետ զրուցեցինք նաեւ նրա անձնական կյանքի մասին. «Ես, ինչպես միշտ, անձնական կյանքս փակ եմ պահում. ժամանակին այն բաց եմ պահել, եւ ինձ անընդհատ բաժանել ու միացրել են, իսկ այդ քննարկումներն ինձ վրա վատ են անդրադառնում: Ո՞վ կուզենա, որ իր անձնականը դառնա քննարկման առարկա: Այս պահին իմ կյանքում, փառք Աստծո, ամեն բան նորմալ է»,-եզրափակեց նա:

Անի Անտոնյան




Լրահոս