ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՄԲ ԼԵՀԱԿԱՆ ԽՆՁՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ծագմամբ խնձորների մաքսանենգ ճանապարհով ներկրման թեման շարունակում է շահարկվել: Աղմուկի բարձրացման պատճառը թերեւս հասկանալի է. մաքսանենգ ճանապարհով բերված խնձորների մասին տեղյակ են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թույլատվությամբ դրանք հայտնվել են տեղական շուկայում:

Սակայն հաշվի առնենք նաեւ մի հանգամանք, որ ըստ մեր օրենսդրության` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած երկրից անարգել կարող է ապրանք ներկրել Հայաստան, այդ թվում եւ ադրբեջանական ապրանք: Իրականում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության տեսուչները պետք է լաբորատոր փորձաքննության ենթարկեին այդ խնձորները` Ադրբեջանը դիտարկելով որպես ռիսկային երկիր, ինչը չի արվել: Գուցե այդ խնձորները ՍԱՊԾ տեսուչներից «թաքուն» են բերվել ՀՀ:
Այս գործի շրջանակներում եղան կալանավորումներ կաշառք վերցնելու մեղադրանքով: Ու դեռ պարզ չէ` ինչ-որ կերպ հիմնավորվել է, որ կալանավորվածները կապ ունեն այդ խնձորների ներմուծման գործընթացի հետ, թե ոչ: Արդյունքում սպառողների կողմից տեղական շուկայում «բացահայտված» ադրբեջանական ծագմամբ խնձորների հետքերով տեսուչները ընկան բոլոր խանութներով, կտրտեցին ու ոչնչացրին դրանք: Բայց դեռ պարզ չէ` ՀՀ-ում ադրբեջանական ծագմամբ խնձորների արկղերը ամբողջությամբ վերացվե՞լ են, թե՞ ոչ:
Ու ամենակարեւորը` ի՞նչ են արել այն գերատեսչությունները, որոնք այս հարցում պատասխանատու են, որպեսզի այլեւս նման դեպքեր չկրկնվեն: Ըստ էության ոչինչ: Քանի որ ՀՀ կառավարության կողմից նոր որոշում չի կայացվել, իրավական ակտ չի ընդունվել, որի հիման վրա այսուհետ մաքսային, հարկային եւ ՍԱՊԾ տեսուչները կարողանան արգելել ադրբեջանական արտադրանքի մուտքը Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ադրբեջանական ծագման խնձորների աղմուկից հետո բազմիցս եղել են «մոլորյալ» քաղաքացիներ, ովքեր փորձել են երկու արկղ հյութ կամ մի արկղ խնձոր, կիվի ներկրել Հայաստան, բայց դրանք եղել են ադրբեջանական պիտակավորմամբ, ուստի մաքսային տեսուչները դրանց մուտքը արգելել են: Ավելին՝ ապրանքը ոչնչացրել են հենց սահմանի վրա: Իսկ հյութեր ներկրող քաղաքացիներին ստիպել են դրանք թափել հենց մաքսատանը գտնվող կոյուղիում: Ուշագրավ է, որ մաքսային տեսուչները ստիպել են նաեւ կտրտել «ադրբեջանական» կիվիները՝ առանց հաշվի առնելու, որ Ադրբեջանում կիվի չի աճում:
Եվ այստեղ խնդիր է առաջանում. ինչո՞ւ են ոչնչացնում քաղաքացու ապրանքը, եթե հստակ չեն պարզել՝ արդյո՞ք դա ադրբեջանական ծագման է, թե՞ ոչ: Կամ ինչու է ոչնչացվում քաղաքացու ներկրած ապրանքը, այն դեպքում, երբ պաշտոնապես արգելք չկա Ադրբեջանից եւ Թուրքիայից որեւէ ապրանք ներկրելու մասով: Չէ՞ որ հնարավոր է՝ պիտակը պոկեն կամ էլ պաշտոնապես հայտարարեն, որ ադրբեջանական ծագումով որեւէ ապրանք չի կարող մտնել Հայաստան:
Հիշեցնենք, որ ժամանակին այդ երկրներից ապրանքների ներմուծումն արգելող իրավական ակտ կար, որը, սակայն, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որոշմամբ չեղարկվեց: Մինչ այդ ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել էր թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը ՀՀ տարածք: Հրամանն ընդունել էր գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը: Իսկ ահա գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի` 2013-ի հունիսի 7-ի N103 հրամանով հանվեց ներմուծման ժամանակավոր արգելքը:
Այս պատմության մեջ թերեւս ամենաուշագրավն այն է, որ իրավապահները արդեն հետաքննում են այն վարկածը, որ Հայաստան ներկրված ադրբեջանական ծագման խնձորները իրականում լեհական են եղել, սակայն ադրբեջանական փաթեթավորմանբ եւ պիտակավորմամբ:
Մեր ունեցած տեղեկություններով՝ իրականում ադրբեջանցիները գնել են լեհական խնձորները, փաթեթավորել ու պիտակավորել, որպեսզի մտցնեն ռուսական շուկա, սակայն խնդիրներ են ծագել, ինչի հետեւանքով չեն կարողացել այն հասցնել ՌԴ: Ադյունքում փորձել են այն իրացնել վրացական շուկայում, իսկ մեր հայրենակիցներն էլ տեսնելով, որ այդ խնձորները էժան են ու որակով, գնել են ու այն ներմուծել: Եւ հիմա ինչ է ստացվում. ունենք մեծ աղմուկ, սակայն չունենք կատարվածից համապատասխան հետեւություն եւ չունենք այսուհետ նման դեպքերը կանխելու իրավական որեւէ արգելք:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
Ի ԾՆԵ ՍՐՏԻ ԱՐԱՏ
Մոտ երեք շաբաթ առաջ Գյումրու «Ավստրիական» բժշկական կենտրոնից 2 տարեկան երեխա է տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Նինա Արիկյանցը: ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ Երեւան տեղափոխված երեխան ի ծնե սրտի արատ է ունեցել եւ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել ծանր վիճակում: Մահացել է ԲԿ տեղափոխվելուց մոտ 15 րոպե անց: Սակայն երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ կատարվում է քննություն:
Հավելենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երեխան 10 օր եղել է Գյումրու բժշկական կենտրոնում, որից հետո նոր տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն:

 

 
ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 25-ին եւ 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 27-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, մայիսի 25-ի եւ 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Իսկ մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս