ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների տնօրենների որսը շարունակվում է: Այս անգամ իրավապահները բացահայտել են, թե ինչ գործողությունների է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեւորգյանը հայտնվել է մեղադրայլի աթոռին: Բանն այն է, որ նա 2010 թվականից, աշխատելով ՀՀ կրթության և գիտության նախարարության Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն, պաշտոնական փաստաթղթում կեղծիքներ է կատարել: Տեղեկացանք, որ հիշյալ քոլեջի ուսանողուհի Վարյա Բեգլարյանը 2013թ սեպտեմբերի 1-ին բացակայել է Հայաստանից եւ ըստ էության քոլեջի դասախոսները պետք է նրան բացակա դնեին, որ նա չի ներկայացել դասերին, սակայն Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը Վարյա Բեգլարյանի բացակայությունները քողարկելու նպատակով, հրահանգել է, որ բացակա չդնեն եւ իր ստորագրությամբ ու Դիլիջանի պետական բժշկական քոլեջի կնիքով հաստատել է իրականությանը չհամապատասխանող փաստեր:
Այս արարքի համար Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասով` պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը Այս արարքը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Քոլեջի տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: