Դատական համակարգի աշխատողն ու բանկի աշխատակիցը` կոռուպցիոն սկանդալի կիզակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Մասնավորապես, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն 19.12.2016թ.-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում՝ իր ծանոթ Հ. Ա.-ի միջնորդությամբ, գյուղատնտեսական վարկ ստանալու նպատակով դիմել է Երևան քաղաքի բանկերից մեկի աշխատակցին, ում Հ. Ա.-ի միջոցով կաշառք է տվել` վարկն արագ ձևակերպելու համար: Ս. Գ.-ն նաև հայտնել է, որ բանկի հիշյալ աշխատակցի կողմից ներկայացված փաստաթղթերն առանց կարդալու ստորագրել է, սակայն մի քանի օր անց պարզել է, որ ինքը ոչ թե վարկառու է, այլ երաշխավոր:

Ընդ որում, վարկը հաստատվելուց հետո պարզել է նաև, որ որպես վարկառու հանդես եկած այլ անձին փոխանցված 30.000 ԱՄՆ դոլար գումարը վերցրել է Հ. Ա.-ն, ով պարտավորվել է մեկ ամսվա ընթացքում այն վերադարձնել իրեն, սակայն փոխարենը խարդախությամբ հափշտակել է:

Ս. Գ.-ն նաև հայտնել է, որ Հ. Ա.-ն վերը նշված վարկի գումարից կաշառք է տվել դատական համակարգի պաշտոնատար անձին` քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված ընկերոջ օգտին գործողություններ կատարելու համար:

Այսպիսով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս