ՖՈՏՈ. Պատանդառված 24-ամյա կինը հայհոյել էր ընկերոջը. Էրեբունիում տեղի ունեցած արտակարգ դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Էրեբունի վարչական շրջանում արտակարգ իրավիճակ էր: «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում 31-ամյա Գոռ Հակոբյանը, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, պատանդ էր վերցրել Երևանի 24-ամյա մի բնակչուհու։

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` մինչ այդ կոտրվել են նաև խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը։ Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների, ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։

Կնոջն ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել, և տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Պատանդ վերցված կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ տղամարդն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։

ArmLur.am-ի թղթակիցը եղավ պատանդառված կնոջ բնակավայրում, որտեղ որոշ մանրամասներ պարզվեցին: Մասնավորապես, 24-ամյա Լուիզային (անունը փոխված է) ճանաչողները հայտնեցին, որ նա մոտ մեկ շաբաթ առաջ էր ծանոթացել Գոռ Հակոբյանի հետ, ով ասել էր, թե վերջերս է ԱՄՆ-ից եկել և խոստացել էր ամուսնանալ Լուիզայի հետ:

Գոռ Հակոբյանն ասել էր նաև, որ բնակարան ունի Հյուսիսային պողոտայում և այլ խոստումներ էր տվել Լուիզային: Վերջինս քաղաքի գիշերային ակումբներից մեկում պարուհի է:

Մեր զրուցակիցները, ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները, փոխանցեցին, որ դեպքի նախորդ օրը` կեսգիշերին, Լուիզան դուրս է եկել տանից և գնացել Գոռի հետ հանդիպման: Հարազատները դեպքի մասին տեղեկացել են միայն երեկ երեկոյան կողմ, երբ նրանց է զանգահարել Լուիզայի ընկերուհին և հայտնել պատանդ վերցվելու մանրամասները:

Հարևանների խոսքով` Լուիզան վերջին օրերին հաճախ էր կապտուկներով տուն վերադառնում և եղբորն ու ծնողներին ասում, որ ամեն ինչ լավ է լինելու, իր հարաբերություններին չխառնվեն: Մեկ անգամ էլ նա տուն է գնացել ջարդված հեռախոսով:

Պարզեցինք, որ կինն անչափահաս` 4-ամյա աղջիկ երեխա ունի, ում խնամքով հիմնականում տատիկն է զբաղվում:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե Լուիզայի և Գոռի միջև անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ և վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կինը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ընկերոջ հասցեին: Վերջինս զայրացել, ապա սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ ու իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:

ՀՀ առողջապահության նախարարությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Լուիզայի կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջը պատանդ վերցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս